Մատչելիության հղումներ

Արցախի ԱԺ-ում քննարկվում է վարչապետ Փաշինյանի հայտարարությունը մերժող ու քննադատող հայտարարությունը


Արցախի Ազգային ժողովը չի ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունը, ասված է խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացված հայտարարության մեջ։ Այն այս պահին քննարկման է դրված, ներկայացրեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, որի մեջ նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջ բերել Արցախի Հանրապետությունում», - ասված է տեքստում։

Ըստ Արցախի օրենսդիր մարմնում քննարկվող հայտարարության՝ այդ հանձնառությամբ Հայաստանի ղեկավարը կոպտորեն խախտում է ՀՀ անկախության հռչակագրի ու Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին։

«Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։ Մեզ համար անընդունելի և առոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմած որևէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց», - ներկայացրեց Վահրամ Բալայանը։

Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելի հստակեցնելով, թե ինչ նկատի ունի Երևանը, երբ խոսում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի մետր տարածքային ամբողջականության մասին։ Միաժամանակ, սակայն, ըստ Փաշինյանի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ - Բաքու երկխոսության միջոցով։

«Ի՞նչ իրավունքների, անվտանգության և երկխոսության մասին խոսք կարող է լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիակատար շրջափակման մեջ», - Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նիստին քիչ առաջ ելույթով հարցրեց խոսնակ Արթուր Թովմասյանը։

XS
SM
MD
LG