Մատչելիության հղումներ

86, 6 հազար քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը․ Փաշինյան


Բրյուսելում չորս ժամ տևած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ ընդգծելով երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը։

Օրեր անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Փաշինյանը վերահաստատեց՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը․- «Տեսեք՝ 86,6 հազար քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»։

Հարցին, թե ուղիղ չի նշում՝ Հայաստանի կառավարությունն ասո՞ւմ է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, վարչապետը պատասխանեց․ - «Հայաստանի այսօրվա կառավարությունն ինչ ասի չասի, Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ես ասել եմ, որ ավելի եմ կոնկրետացրել և ավելի կոնկրետ դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ ասել՝ 86, 6 հազար կմ տարածքային ամբողջականությունը Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը։ Եթե մենք ճիշտ ենք հասկանում մենք այս հարցում Ադրբեջանի հետ իրար, Հայաստանի Հանրապետությունն, այո՛, ճանաչում է Ադրբեջանի 86, 6 հազար տարածքային ամբողջականությունը, էն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը», - ասաց գործադիրի ղեկավարը։

Փաշինյանը նաև շեշտեց՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով։

«Մենք, ինչպես իմ բացման խոսքում ասացի, կարևոր ենք համարում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը։ Ի՞նչ նկատի ունեմ, նկատի ունենք, օրինակ, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցն ուղղակի մոռացության մատնվել և Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ ԼՂ հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը, և մենք կարևոր ենք համարում, որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվի», - ասաց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG