Արցախի Ազգային ժողովը չի ընդունում Հայաստանի վարչապետի այսօրվա հայտարարությունը, ասված է խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացված հայտարարության մեջ։ Այն ընդունվեց միաձայն՝ 30 կողմ։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, որի մեջ նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջ բերել Արցախի Հանրապետությունում», - ասված է տեքստում, որ ներկայացրեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։
Ըստ Արցախի օրենսդիր մարմնի հայտարարության՝ այդ հանձնառությամբ Հայաստանի ղեկավարը կոպտորեն խախտում է ՀՀ անկախության հռչակագրի ու Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին։
«Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։ Մեզ համար անընդունելի և առոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմած որևէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց», - ներկայացրեց Վահրամ Բալայանը։
Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելի հստակեցնելով, թե ինչ նկատի ունի Երևանը, երբ խոսում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի մետր տարածքային ամբողջականության մասին։ Միաժամանակ, սակայն, ըստ Փաշինյանի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ - Բաքու երկխոսության միջոցով։
«Ի՞նչ իրավունքների, անվտանգության և երկխոսության մասին խոսք կարող է լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիակատար շրջափակման մեջ», - Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նիստին ելույթում հարցրեց խոսնակ Արթուր Թովմասյանը։
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Աշոտ Դանիելյանը նշեց, որ «կապիտուլյանտը» խորացնում է Արցախի հանձնման պրոցեսը։ «ՀՀ որևէ իշխանություն չի ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս», - հայտարարեց նա։
Վարչապետ Փաշինյանը, մինչդեռ, շեշտել էր. - «Հայաստանի այսօրվա կառավարություն ինչ ասի-չասի, Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ևս քննադատեց ՀՀ վարչապետի վարած քաղաքականությունը՝ նշելով, որ Արցախը հայկական է. - «Փաշինյանին միայն թվում է, որ նման հակահայ հայտարարություններով կամ դավաճանաբար փաստաթղթերով ստորագրելով կարող է Արցախը հանձնել Ադրբեջանին»։
Նա նաև Արցախի իշխանություններին դիմեց՝ պահանջեց վերանայել և փոխել իրենց վարքագիծը, ամեն գնով ամրապնդել ու պահպանել բոլոր պետական ինստիտուտները։
Իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արթուր Հարությունյանն, իր հերթին, հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ևս ամեն ինչ այդքան միանշանակ չէ, քանի որ խաղաղության անվան տակ տարածաշրջանը կարող է ընկղմվել նոր պատերազմների մեջ։
Օրենսդիրները նաև Հայաստանի ու Արցախի նախկին նախագահներից արձագանքներ պահանջեցին։
Բրյուսելում չորս ժամ տևած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ ընդգծելով երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը։
Օրեր անց Հայաստանի վարչապետ Փաշինյանը հաստատեց՝ ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը։