Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված, և սրա հետ պետք է հաշվի նստել, «Արմենպրեսի» հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նկատելով, թեև Ադրբեջանի նախագահն արդեն երրորդ տարին շարունակ փորձում է աշխարհին համոզել, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է, և որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն այլևս գոյություն չունի, ըստ Հարությունյանի, խնդիրն այն է, որ այս ամենի շուրջ Ալիևը չունի լայն միջազգային հանրության համաձայնություն։
Արցախի նախագահը հիշեցնում է՝ 1992 թվականի հունվարի 30-ին Ադրբեջանը, ճանաչված լինելով ընդամենը մի քանի պետությունների կողմից, Հայաստանի հետ նույն օրն անդամագրվեց ԵԱՀԽ-ին՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդին (այժմ՝ ԵԱՀԿ)։
Ըստ Հարությունյանի՝ այդ պետությունների ինքնիշխանությունը ԵԱՀԽ-ի կողմից ճանաչվել էր այն պայմանով, որ նրանք իրենց հերթին ճանաչում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության շուրջ տարաձայնությունների առկայության փաստը և համաձայնվում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է ԵԱՀԽ հովանու ներքո անցկացվելիք խաղաղության համաժողովի ժամանակ։
«Երկու պետություններն էլ տվել են նման համաձայնություն, դրանով իսկ ընդունելով Լեռնային Ղարաբաղի՝ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակը և ստանձնելով հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն։ Սակայն, ԵԱՀԽ-ին անդամակցելուց հետո Ադրբեջանն անմիջապես խախտեց իր միջազգային պարտավորությունը։ ԼՂՀ ադրբեջանաբնակ բնակավայրերը վերածելով ռազմական հենակետերի՝ Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ օգտվեց ինքնապաշտպանության իր իրավունքից։ Ադրբեջանի ագրեսիան պսակվեց պարտությամբ իր իսկ համար», - ասում է Արայիկ Հարությունյանը։
Արցախի Հանրապետությունը (ԼՂՀ-ն) դե-ֆակտո կայացել է 1992-94 թվականներին Ղարաբաղյան առաջին պատերազմում ձեռք բերած հաղթանակի արդյունքում, նշում է Հարությունյանը՝ նկատելով միջազգայնորեն ճանաչվել է ԼՂՀ-ի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը։
«Միջազգային բանակցություններում ցայսօր չկա ոչ մի պայմանավորվածություն ԼՂՀ կարգավիճակի շուրջ»
Արցախի նախագահի խոսքով՝ միջազգային բանակցություններում ցայսօր չկա ոչ մի պայմանավորվածություն ինչպես ԼՂՀ կարգավիճակի, այնպես էլ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի սահմանազատման գծի շուրջ։ Կարգավիճակի շուրջ որևէ համաձայնություն չկա նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունում, ասում է Հարությունյանը՝ նշելով՝ դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը շարունակում է ունենալ հակամարտային կամ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակ, բայց ոչ երբեք Ադրբեջանի մաս։
Արցախի նախագահը հիշեցնում է նաև Ադրբեջանի Գերագույն խորհրդի կողմից 1991 թ. օգոստոսին ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրն ու նույն տարվա հոկտեմբերին ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը, որոնցով Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հռչակել 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության իրավահաջորդը:
«Իսկ նախախորհրդային այդ ժամանակաշրջանում նույնպես Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն համարվում էր որպես վիճելի տարածք՝ պաշտոնապես ընդունված Ազգերի Լիգայի կողմից», - ասում է Հարությունյանը:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախի միջազգային կարգավիճակի թեման փակելու որևէ պայմանավորվածություն չի եղել, կրկին պնդում է Արցախի նախագահը՝ շեշտելով․ - «Ոչ ոք չպետք է մոռանա, որ հակամարտությունը ծագել է Արցախի կարգավիճակի շուրջ վեճի արդյունքում, ինչն էլ ի սկզբանե ճանաչվել է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Միջազգային մակարդակով այդ կարգավիճակը դեռ որոշված չէ»։