Մատչելիության հղումներ

Քաղաքագետը լուրջ վտանգներ է տեսնում հայ - ադրբեջանական գործընթացում


Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ խաղաղության պայմանագրի հարցում Հայաստանն ու Ադրբեջանը, «այնուամենայնիվ, առաջ են շարժվելու Ադրբեջանի կողմից սեղանին դրված սկզբունքներով»: Այդ մասին քաղաքագետն ասաց՝ «Ազատությանը» տված հարցազրույցում արձագանքելով հարցին, թե նախօրեին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարությունը «նշանակո՞ւմ է արդյոք, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են իրենց ավելի վաղ հրապարակած, առաջ քաշած կետերը, որոնք առնվազն Ադրբեջանը կտրուկ մերժում էր»:

Գրիգորյանը հիշեցրեց Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ անցկացված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախորդ հանդիպումը և դրա արդյունքում արված հայտարարությունը. - «Այնտեղ մեկ տարբերություն կար խաղաղության պայմանագրի վերաբերյալ պարբերության մեջ՝ տարբերությունը այն էր, որ կար հիշատակում Լեռնային Ղարաբաղի և ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Այս հաղորդագրության մեջ նման հիշատակում չկա, և հատկանշական է նաև, որ հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ Հայաստան – Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը և Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերը տարանջատված են, այսինքն՝ դնում են ստորակետով»:


Դա, ըստ քաղաքագետի, նշանակում է, որ «Երևանը կարծես թե ընդունել է Բաքվի մոտեցումը, որ խաղաղության պայմանագրի հիմքը պետք է լինեն այն հինգ սկզբունքները, որոնք Ադրբեջանի կողմից դրվել են սեղանին ամիսներ առաջ»: «Հիշում ենք, որ շաբաթներ առաջ այդ մասին խոսել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ պետք է միգուցե քննարկել այս երկու հարցը տարանջատելու խնդիրը», - հավելեց Տիգրան Գրիգորյանը:

Այդ առումով, քաղաքագետի կարծիքով, լուրջ վտանգներ կան. - «Իհարկե, ինքնին այդ փաստի մեջ, որ տարանջատում են երկու հարցը, վտանգ չկա, վտանգը կայանում է նրանում, որ եթե ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվում, և այդ փաստաթղթի մեջ չի արձանագրվում, որ դեռևս կա Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, դեռևս կան անվտանգության, կարգավիճակի, իրավունքի խնդիրներ, այո, և ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դա պարզապես կարող է բերել մի իրավիճակի, որ բոլորը կմոռանան ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, միջազգային հանրությունը կընկալի դա որպես Երևանի կողմից իր դիրքերից հրաժարում, այսինքն՝ Ադրբեջանի այն տեսակետի ընդունումը, որ ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին հարցն է»:

«Իհարկե, եթե հայկական կողմը կարողանա այդպիսի արձանագրման հասնել փաստաթղթի մեջ, լրիվ նորմալ գործընթաց կլինի, եթե այդ երկու հարցը տարանջատեն, բայց առկա ռազմաքաղաքական բալանսի պայմաններում ես դժվար եմ պատկերացնում, որ հայկական կողմին կհաջողվի արձանագրել այդ իրողությունը կամ այդ կետը: Այդ առումով՝ այս գործընթացը բավականին վտանգավոր է, արդյունքում, կարծում եմ, Բաքուն կկարողանա հասնել իր նպատակին և առնվազն թուլացնել հայկական այն պատկերացումները, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության, բնակչության իրավունքների և այլ հարցեր կան», - ընդգծեց Տիգրան Գրիգորյանը:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG