«Ինձ ժամ կասե՞ք, խանութի տեղ կասե՞ք», գոռում-գոռում է, ոչ մի արձագանք չկա, ստիպված էի ես տուն ուղեկցել»․ Անահիտ Նաղդալյանը պատմում է, թե ինչպես է հանդիպել պատառոտված հագուստով անցորդներից աջակցություն խնդրող տարեց կույր տղամարդուն։
«Մոլորվել էր, խանութն էր փնտրում։ Ինքը տարածքում չի կողմնորոշվում, ձայն է տալիս մարդկանց, բնակիչներին։ Երեխաները վախենում են մոտենալ՝ տեսնելով պատառոտված հագուստը, տարածքի բնակիչներն էլ անցնում են, ինքը մնում է ժամերով փողոցում՝ գոռալով», - պատմեց Նաղդալյանը։
Անահիտին «Ազատությունը» հանդիպեց կույր տղամարդու հանրակացարանային սենյակի առջև։ Շուրջ 15 քառակուսի մետրանոց սենյակի մի ծայրից մինչև դռանը մոտենալը տղամարդուց 10 րոպե պահանջվեց։ Հանրակացարանային այդ փոքրիկ սենյակում մինչև առաստաղ ձգվող աղբակույտեր էին ու գարշահոտ։
«Կարծում եմ, որ երկար պատմություն է այս սենյակի թափթփված վիճակը․ պապիկը փորձել է ոչ մեկի երբևէ նեղություն չտալ, այսինքն՝ իր խնդիրներն ինքնուրույն լուծել․ ձմռան ցրտին ինքը գիշերել է առանց հոսանքի, առանց տաք հագուստի։ Երբ խոսում էի իր հետ, ասաց, որ չէր կարծում, թե այս ձմռանը կգոյատևի», - պատմեց Անահիտը։
«Ես հիմա չեմ ապրում, գոյատևում եմ»
Նախորդ շաբաթ 66-ամյա անօգնական տղամարդուն տուն ուղեկցելուց հետո երիտասարդ կինը զանգահարել էր պատկան բոլոր մարմիններին։ Հետո, երբ ոչ աշխատանքային օրերի պատճառով դիմումներին ընթացք չէր տրվել, Անահիտը ֆեյսբուքում էր փորձել հրավիրել պետական կառույցների ուշադրությունը՝ տեղադրելով տղամարդու լուսանկարը։
Միայն այս գրառումից հետո, ասաց, իր հետ գրեթե բոլորը կապ հաստատեցին։ Մեր նկարահանման օրն Անահիտը տեղեկացրեց 66-ամյա Նորիկ Մկրտչանին, որ կարող է ծերանոց տեղափոխվել։
«Ես հիմա չեմ ապրում, գոյատևում եմ։ Երազում եմ, որ Հայաստանում էս աղջկա պես, էս պուպուշի պես մի քանի հոգի լինեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց տղամարդը։
«Ազատության» հարցին՝ ծերանոց կգնա՞, պատասխանեց՝ «ճարահատյալ»։ «Եթե աչքերս վիրահատեն, կարող եմ իմ տանն էլ ապրել։ Բայց քանի որ արդեն տանջվում եմ՝ ընկնում եմ, կոտրտվում եմ, վնասվում եմ, չեմ տեսնում, ուզած-չուզած», - ասաց Նորիկ Մկրտչյանը՝ պատմելով՝ ձմեռը վատ է անցկացրել՝ ցուրտ էր, հոսանք չուներ, մութ էր։
«Ազատության» այցելության պահին տեղում էր նաև սոցաշխատողը, ըստ որի, տղամարդը պետությունից ամսական շուրջ 85 հազար դրամ է ստանում, որպես անապահովության վճար ու 1-ին կարգի հաշմանդամության նպաստ:
Իր անցյալի մասին խոսել չուզող Մկրտչյանը պատմեց, որ այդ գումարները գրպանում մաշվում են, տեսողության խնդիրների պատճառով չի կարողանում գնումներ անել, հաճախ անցորդներին է խնդրում, բայց նրանք էլ երբեմն գումարը վերցնում ու անհետանում են։ Տղամարդն Անահիտին պատմել է, որ անգամ ծեծի է ենթարկվել փողոցում։ Ասում է արդեն երկու տարի է՝ այս վիճակում է։
«Սա վարչական շրջանի աշխատակազմի բացթողումը չէ»
Ինչպե՞ս է մարդն այս վիճակում հայտնվել «Ազատության» հարցին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գեղամ Կարապետյանը պատասխանեց՝ տղամարդու մասին տեղեկացել են համացանցից և սա ամենևին էլ իրենց բացթողումը չէ։
«Ես չեմ համարում, որ դա վարչական շրջանի աշխատակազմի բացթողումն է, որովհետև մեր իմանալուց հետո, վարչական շրջանի ղեկավարը, նույնիսկ իր լիազորություն շրջանակներից դուրս, գործողություններ է կատարել, որպեսզի Նորայր Մկրտչյանը համապատասխան բուժզննում անցնի։ Հիվանդանոց տանելու ժամանակ փորձ է արվել բնակարանը մաքրել, բայց Նորայրն ասել է, որ դա իր սեփական տարածքն է, ինքը պետք է տեղյակ լինի։ Նորայր Մկրտչյանը, որպես միայնակ, հաշվառված է Արաբկիր և Քանաքեռ Զեյթունի միսանական սոցիալական ծառյությունում։ Իրեն կցված է սոցաշխատող։ Պապիկով հետաքրքրվել են նրանք, թոշակի հարցերով զբաղվում են վերջիններս, մենք պապիկի մասին իմացել ենք սոցցանցերից», - ասաց Կարապետյանը։
«Համալիր մոտեցում պետք է գործեր»
Մինչ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը պնդում է, որ Սոցապ նախարարությունը պետք է տղամարդու տվյալներն իրենց փոխանցեր, գերատեսչությունից հակադարձում են՝ համալիր մոտեցում պետք է գործեր։
Հարցին, թե ինչո՞ւ է տղամարդը խնամքի կենտրոն տեղափոխվում սոցցանցում բարձրացված աղմուկից հետո միայն, նախարարության «Հավասար հնարավորությունների վարչության» պետ Քրիստինա Հովհաննիսյանը պատասխանեց՝ մարդն ինքը պետք է դիմի, որ գնահատվի նրա կարիքն ու տրամադրվի ծառայությունը, բայց լինում են դեպքեր, երբ քաղաքացին ի վիճակի չէ դիմել՝ ինչպես այս պարագայում, ընդունեց պաշտոնյան։
«Եվ այստեղ միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատվության դաշտը չէ, նաև համայնքի պատասխանատվության դաշտն է։ Այսինքն՝ այն սոցիալական ծառայությունները, որոնք որ պիտի լինեն, պիտի լինեն պրոակտիվ բնույթ կրող նաև՝ ոչ միայն հետևանքի հետ պայքարող, այլ նաև կանխարգելող իմաստով, և դրանք պետք է լինեն ոչ միայն պետության, այսպես ասած, հովանու ներքո, այլ նաև հենց համայնքում, հենց կոնկրետ համայնքի պատասխանատվության շրջանակում», - ասաց Հովհաննիսյանը։
Սոցապ նախարարության պաշտոնյան ընդունում է, որ կույր տղամարդու անօգնական վիճակի միասին բոլորն են տեղեկացել միայն ֆեսբուքյան գրառումից հետո, այդուհանդերձ չի ընդունում դիտարկումը, որ սոցիալական ինստիտուտները Հայաստանում կայացած չեն, բաց որ խնդիր կա, չի հերքում՝ կա։
«Բնականաբար, կա։ Եթե խնդիրները կան, դրանց մասին պետք է խոսել միանշանակ», - ասաց Հովհաննիսյանը։
Նախարարությունն, ըստ պաշտոնյայի, աշխատում է պրոակտիվ ծառայությունների ներդրման ուղղությամբ, որ սոցաշխատողների համար պարտադիր դառնան կանխարգելիչ այցելությունները։
Հայաստանում գործող 4 շուրջօրյա խնամքի կենտրոններում այս պահին խնամքի ծառայություն է ստանում տարեց և հաշմանդամություն ունեցող 1205 մարդ։
Նորիկ Մկրտչյանն 90 օր կմնա խնամքի շուրջօրյա կացարաններից մեկում։ Հերթով անցել է պետական մի քանի մարմիններով, որ ամբողջացնի իր փաստաթղթերը։ Նրան ուղեկցել են սոցաշխատողն ու արդեն հարազատ դարձած անցորդը՝ Անահիտը, առանց որի ոչ խոսում է, ոչ քայլ անում։