Մատչելիության հղումներ

ՊՆ նախկին շենքը, գործադրի որոշմամբ, արդեն ՊԵԿ-ինն է. այնտեղ բնակություն հաստատած քաղաքացիները դժգոհում են


Հրմշտոց, հավաքված ճամպրուկներ, մեծաթիվ ոստիկաններ ու անտուն մնացած քաղաքացիներ։ Երևանին մոտ՝ Պռոշյան գյուղի տարածքում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքում, որը գործադիրի որոշմամբ արդեն Պետեկամուտների կոմիտեինն է, այսօր լարված էր:

Վաղ առավոտյան ոստիկանները եկել էին լքված այս շենքում գրանցում ու սեփականության իրավունք չունեցող ավելի քան 150 ընտանիքներին տներից դուրս հանելու։ Պաշտպանության նախարարությունը 2000-ականներին է հեռացել այստեղից։ Սրան զուգահեռ անօթևան ու անապահով մարդիկ տեղավորվել են լքված կառույցում, տարիների ընթացքում քաղաքացիներն իրենց միջոցներով տարբեր աշխատանքներ են արել, տնավորվել են։ Հիմա շենքը դարձյալ պետությանը պետք է, այստեղ շինարարություն է սկսվելու:

«Դուռը ծեծել են առավոտ շուտ, պառկած էի հիվանդ, եկան դուռը խփեցի բացեցին, անմարդկային վերաբերմունք», - ասաց քաղաքացիներից մեկը:

Պավլինա Պետրոսյանը դստեր ու երկու թոռների հետ այս շենք է տեղափոխվել 4 տարի առաջ։ Գյումրիից են եկել՝ աշխատելու։ Ասում է՝ պարտքով, վարկով սենյակը մի քիչ դզմզել են, որ վերևում տանիք ունենան։ Կինը և առավոտյան դրսում հայտնված մյուս բնակիչները պնդում են՝ այլ վայրում ապրելու հնարավորություն չունեն, տուն վարձել չեն կարող՝ եկամուտը չի հերիքում, ճար չունեն:

«Տեղ կտա՞ն, ժողովրդին կապահովեն, պրոբլեմ չկա, իրենց ծախած շենքերը կտանք իրանց, եթե չապահովեցին, ես ստեղ պիտի մնամ», - ասաց Պավլինա Պետրոսյանը:

Արդեն հավաքված ճամպրուկներով բնակիչները տարածքից ամբողջ օրը չհեռացան, ոստիկանությունն էլ դեպի շենք տանող ճանապարհին կենդանի պատնեշ էր կազմել։ «Տարածքում ապօրինի գտնվող անձանց ներխուժումը վերացնելու գործողություն է իրականացվել»,- պարզաբանում է Ներքին գործերի նախարարությունը։

Առավոտյան նաև ավելի քան երկու տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել։ Ասում են՝ դեռ օգոստոսից են բնակիչներին զգուշացնում՝ չեն կարող մնալ պետական շենքում։ Այդուհանդերձ, քիչ չեն ընտանիքները, որ բոլորովին վերջերս են հաստատվել այստեղ:

«Հնարավորություն չկա, ահավոր վիճակ ա, չենք կարողանում ապրենք, չենք կարողանում նորմալ սնվենք», - ասաց նրանցից մեկը:

47-ամյա Անգին Համազարյանը հունվարից է այստեղ, մինչ այդ Ջրվեժում վարձով էին ապրում. - «Ո՞ւր գնանք: Քարը քարին ենք դրել, էնքան որ մնանք, վարձ չտանք, չենք կարում տանք»:

Ի՞նչ են անելու ավելի քան 150 ընտանիքները։ Սոցապ նախարարությունից խոստանում են՝ քայլեր կձեռնարկեն քաղաքացիներին ժամանակավոր կեցությամբ ապահովելու ուղղությամբ։ Նաև վարձերի փոխհատուցման ծրագիր են քննարկում, բայց դրա համար նաև բնակիչների համագործակցությունն է անհրաժեշտ։ Պետությունը, սակայն, չի անդրադառնում մի հարցի՝ եթե շենքում բնակվել չէր կարելի՝ ինչո՞ւ են տարիներ շարունակ թույլ տվել բազմաթիվ ընտանիքների այստեղ անարգել հաստատվել։

Կառավարությամբ որոշմամբ Պաշտպանության նախարարության նախկին շենքում 2027 թվականից կտեղակայվեն Պետեկամուտների կոմիտեի ստորաբաժանումները։ Մինչ այդ հսկայական կառույցը դեռ պետք է վերանորոգվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG