Մատչելիության հղումներ

Ո՞ւր գնամ, ոչ մեկն էլ դուրս չի գալու այստեղից, պայքարելու ենք. ՊՆ նախկին շենքում բնակվողներ


Պաշտպանության նախարարության նախկին շենքում ապաստանած մարդիկ այսօր բակում խարույկ էին վառել, որպեսզի տաքանան ու հասկանան ինչպես դուրս գալ դժվար իրավիճակից։ Հինգ օր է լույս չունեն, երեկ փողոց էին փակել, բայց բողոքը տեղ չհասավ:

«Այս անգամ ինձ թվում է՝ ավելի ուրիշ քայլեր կձեռնարկենք, որովհետև ոնց հասկացանք, մեր փողոց փակելուն լուրջ չեն վերաբերվում», - ասաց նրանցից մեկը:

Գրանցում ու սեփականության որևէ իրավունք չունեցող ավելի քան 150 ընտանիք տարիներ շարունակ ապրում է փշրված պատուհաններով, քանդված պատերով շինությունում։ Հասկանում են՝ հոսանքն անջատելով ակնարկում են՝ դուրս եկեք, բայց գնալու տեղ չունեն։

«Այստեղ բնակվում են բառիս բուն իմաստով սոցիալապես անապահով ընտանիքները»:

«Տեսել են՝ դուռը ջարդած է, տուն չկա, տեր չկա, եկել են, այս ծառերին տեր են կանգնել, հողին տեր են կանգնել, թույլ չեն տվել թալան անեն ավելի շատ, եկել են, բնակվում են», - ասում են նրանք:

Պաշտպանության նախարարությունը 2005-ին է հեռացել այստեղից։ Զուգահեռ անօթևան մարդիկ տեղավորվել են լքված կառույցում։

Անցած տարի կառավարությունը որոշեց Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող շենքն ամրացնել Պետեկամուտների կոմիտեին (ՊԵԿ), որպեսզի արդեն 2027թ.-ին այստեղ տեղակայվեն կոմիտեի բոլոր ստորաբաժանումները: Գործադիրը հիմանավորել էր, որ պետությանը պատկանող և անտարբերության մատնված կառույցը քայքայվում է:

Իսկ մարդիկ կոտրված պատուհաններին ցելոֆան քաշելով, թափվող քարերը հավաքել-հետ տեղավորվելով՝ մի կերպ տնավորվել են լքված շենքում։

«Հիմա ապրում ենք, ստեղծել ենք, պայքարում ենք էս շենքի համար, բա ես ամիսը 180 հազար վարձ տամ, բա ես երեխեքին ինչո՞վ պահեմ, ընտանիքիս ինչո՞վ պահեմ, լավ», - հարցնում է հինգ թոռների պապիկ Խաչիկ Հովհաննիսյանը, որ 4 ամիս է ապրում այստեղ։ Մինչև այդ Խարբերդում տուն էին վարձում, բայց գինը կտրուկ բարձրացավ, ապրելու այլ տեղ ընտանիքը չուներ։

«Օր օրի վարձերը թանկացնում են, աշխատանքը չի հերիքում չորս երեխայի հետ: Հնարավորություն չկա, որ ամեն ամիս 150 հազար վարձ տանք: Ընդամենը օրավարձով 3000 դրամ աշխատավարձ ենք ստանում, հաստատ չի բավարարի», - ավելացնում է չորս երեխաների մայր Զարուհի Ֆրանգուլյանը:

Նա էլ 3 օր առաջ է տեղափոխվել այս շենք. զինվորական ամուսնու աշխատավարձն այլևս չի բավարարում դուստրերի ուսմանն ու բնակարանի վարձին. «Ամուսինս ծառայում է, պոստեր է պահում ինքը, ինչի՞ պոստեր պիտի պահի, եթե իր ընտանիքը դրսում է»:

Պատմություններն այստեղ իրար նման են. մեկը խաբեության զոհ է դարձել ու տունը կորցրել, երկրորդին վարձակալն է հանել, երրորդի տունն էլ արդեն ադրբեջացիների վերահսկողության տակ է. «Քարվաճառի բնակիչ եմ եղել, Հայաստանում տուն չունեցա, գնացի այնտեղ, վերաբնակվեցի, ապրեցի, պատերազմը սկսվեց, հանգիստ մեզ հանեցին այնտեղից, ու իմ ունեցվածքը ես թողեցի այնտեղ, գնացի կռվելու կնոջս հետ միասին, մեզ հանեցին, եղածս մնաց թուրքին: Հիմա նույնն այստե՞ղ է ուզում անի»:

Ոչ լավ օրից փողոցում հայտնված մարդիկ ինչ-ոչ թղթեր էին ցույց տալիս ստորագրութոյններով, կնիքներով՝ փորձելով իրենք իրենց համոզել, որ պետական այս շենքում ապրելու իրավունք ունեն։ Բարկանում էին հարցից՝ ի՞նչ պետք է անեն, եթե պետական այրերը հանեն իրենց այստեղից։

«Ո՞ւր գնամ, ոչ մեկն էլ դուրս չի գալու այստեղից: Մեր ու մանուկ դոշ են տալու էստեղի համար: Բա մինչև էդ խի՞ չէին գալիս, ասում, որ սա պետական է, ստեղ գործ մի արեք: Մենք վերջին գումարը դրեցինք այստեղ, գործ արինք, բերինք լուսամուտներ դրինք», - նշում են ՊՆ նախկին շենքում բնակվողները:

Ինչո՞ւ պաշտոնյաները տարիներ շարունակ թույլ տվեցին, որ անօթևան մարդիկ պետական շենքի վրա սեփական միջոցները ծախսելով մտածեն, որ սա այլևս իրենց կացարանն է։ Այս հարցի պատասխանը սոցիալական վատ վիճակում հայտնված մարդիկ չեն ստացել։

Շենքն օգտագործելու իրավունք ունեցող ՊԵԿ-ից օրվա ավարտին, հղում անելով կառավարության որոշմանը, հայտնեցին, որ առաջիկայում տեղում շինարարություն են իրականացնելու, նախագծման աշխատանքները սկսվել են։ Ըստ ՊԵԿ-ի՝ շենքում բնակիչներ եղել են թե՛ մինչև ՊԵԿ-ին հանձնելը, թե՛ ՊԵԿ-ին հանձնելուց հետո, սակայն անցած տարեվերջին այստեղ բնակվողների թիվը կտրուկ ավելացել է, ինչի մասին ՊԵԿ-ը տեղեկացրել է իրավապահներին։

Կոմիտեի փոխանցմամբ՝ ոստիկանությունը պարբերաբար փորձում է ապօրինի զբաղեցված տարածքն ազատել։ Կառույցից նաև հայտնում են, որ ՊԵԿ-ը այդ շենքում դեռևս էլեկտրաէներգիայի բաժանորդ չէ և կապ չունի հոսանքի անջատման հետ։ Առայժմ հստակ չէ՝ արդյոք շենքում բնակվելու օրինական իրավունք չունեցող մարդկանց պետությունը ինչ-որ տարբերակ առաջարկելու է, թե՝ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG