Մատչելիության հղումներ

1500-1700 ընտանիք պարզապես ցրտահարման վտանգի շեմին են. «Շիրակ» կենտրոնի տնօրեն


«Շիրակ» կենտրոնի տնօրեն Վահան Թումասյան
«Շիրակ» կենտրոնի տնօրեն Վահան Թումասյան

43-ամյա Արա Մխիթարյանը տասը տարի է կնոջ ու երկու երեխաների հետ ազգականի 6 մետրանոց տնակում է ապրում։ Ընտանիքի եկամուտը նպաստն է ու Արայի հաշմանդամության թոշակը:

Պետությունից 60 հազար դրամ ստացող ընտանիքը պարտքով է հացի ու դեղորայքի հարցը լուծում, եղած խնդիրներին ամեն տարի գումարվում է նաև վառելիքի հարցը։

Ասում է՝ նույնիսկ մեկ խորանարդ մետր փայտ իր կյանքում չի կարողացել գնել. - «Ըդիկ թագավորական հաճույք կեղներ, որ ես կրնայի դաժե 1 կուբմ վառելիք գնեի»:

Վառելիքի հարցում մնում են ծանոթ-բարեկամների, այս ու այն կողմից հավաքած իրերի հույսին. - «Վառելիքս էս է պռոստը ստեղ բուլուլա էրած տակը սաղ պլասմաս է հմի էս տախտըկներն որ վառեմ սուտ չխոսամ մինչև հունվարի 20-ը կերթա»:

6 մետրանոց քայքայված տնակը նույնիսկ ապակե լուսամուտներ չունի։ Պոլիէթիլենով են հազիվ փակել, բայց ձմռանը քամին անընդհատ ներս է թափանցում։

Անին տասը տարի առաջ հենց այս տնակ է հարս եկել: Ամուսնուն օգնել է, գորգեր է լվացել, մաքրություն արել, վերմակ կարել վճարի դիմաց: Փոքրիկի ծնվելուց հետո կինը առողջական խնդիրներ է ձեռք բերել։ Այժմ, եթե գործ լինի, ընտանեկան չնչին բյուջեն ամուսինն է որոշ օրերի կարողանում 1000 դրամով համալրել. - «Ամուսինս ձեռի հետ բանվորություն կենե, որ գոնե օրվա1000 դրամը, ամենաշատը կըսեմ հազար դրամը, որ կարանանք օրվա հացը բերենք, գոյատևենք»։

Տնակներում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին ամեն տարի վառելափայտ է բաժանում «Շիրակ» կենտրոնը: Տնօրեն Վահան Թումասյանն ահազանգում է, որ մարզում փայտի դեֆիցիտ կա, չեն ճարում, հետևաբար այս տարի ավելի քիչ վառելափայտ են կարողանալու տրամադրել։

Այստեղ անելիք ունի կառավարությունը, այլապես, ըստ Թումասյանի, ցրտահարության դեպքերն անխուսափելի կլինեն. - «Մոտավորապես 1500-1700 ընտանիք ծայրահեղ ծանր վիճակում են, պարզապես ցրտահարման վտանգի շեմին են։ Իշխանությունները պիտի լուծեն էս խնդիրը, որովհետև պետության համար մի 1000-1500 մետր վառելափայտ Գյումրի քաղաքի համար բերելը դա չնչին գործ է։ Մեզ համար շատ ծանր գործ է։ Էս պահին ոչ մի կոպեկ գումար չունենք, ոչ մի պարկ վառելափայտ չունենք»։

Թումասյանն ասում է, որ ապօրինի հատումների խիստ վերահսկողության արդյունքում վաճառողները Շիրակի մարզ փայտ չեն բերում. - «Բոլորը խուսափում են Շիրակի մարզ գալուց։ Ասում են՝ փաստաթուղթ ունենաս-չունենաս, անպայման պրոբլեմ կունենաս ոստիկանության հետ։ Բոլոր վառելափայտի մեքենաները պարտադիր կանգնեցվում են»։

Դեֆիցիտի պատճառով նաև փայտի գինն է բարձրացել. - «Եթե նախորդ տարիներին մինչև 23-24 հազար էր, հիմա 27-30 հազար է։ Եղել է, որ առաջարկել են մինչև 35, ասում են՝ մեր խորանարդը խորանարդ է»։

Շիրակը շարունակում է մնալ Հայաստանի ամենաաղքատ մարզը՝ շուրջ 40 տոկոսով։ Սոցիալապես անապահով ընտանիքներն այստեղ հնարավորություն չունեն ամիսը 45-50 հազար դրամ ծախսել վառելիքի վրա, ասում է «Շիրակ» կենտրոնի ղեկավարը. - «20-30 հազար դրամով ամբողջ ամիսը ապրողը ո՞նց կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ։ Կգնա ծառի ճղեր կկտրի, աղբամաններից, խանութների դիմացից կարդոնները կհավաքի, իր գլուխը կպահի։ Բայց փայտ չի կարող առնել»։

Փայտը Գյումրիում վաճառվում է Տերյան ու Շառլ Ազնավուրի հրապարակներում, այստեղ սովորաբար վառելափայտով բեռնված բեռնատարներ են կայանում: Արդեն տևական ժամանակ է բեռնատարները չկան։ Միայն պարկով վաճառվող փայտ կար մի կետում, մեկ պարկի գինը 1000 դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG