Մատչելիության հղումներ

Փոխվարչապետը խոստանում է՝ սոցիալապես անապահովների համար գազի սակագինը չի փոխվի


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոստանում է՝ սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվի։ «Գազպրոմ Արմենիան» ապրիլի 1-ից թանկացման՝ բոլոր սպառողների համար մեկ խորանարդ մետրը 135.6 դրամ դարձնելու հայտ է ներկայացրել։ Սովորական սպառողներն այժմ 139 դրամ են վճարում, անապահովները՝ 100։ Այսինքն՝ վերջինների համար ռուսական ընկերությունն ավելի քան 30 տոկոսով ուզում է բարձրացնել մատակարարվող վառելիքի մեկ խորանարդ մետրի գինը։

Ըստ փոխվարչապետի՝ այս տարվա համար գազի գինը սահմանին մնում է նույնը, բայց որակյալ՝ բարձր ջերմատվությամբ վառելիքի համար «Գազպրոմը» ավելի բարձր գին է ուզում։

«Դոգմատիկ չէ, որ այդ հայտն ընդունվելու է կամ ընդունվելու է այն ձևով, որով որ ներկայացվել է։ Ես ավելի շատ հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար սակագինը գազի չի փոխվելու», - ասաց Գրիգորյանը։

Թանկացման դեպքում ի՞նչ է պատրաստվում անել կառավարությունը՝ արդյոք փոխհատուցում տրամադրել անապահովներին, Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետը չմանրամասնեց։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ տեղեկացրեց՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացրած գազի սակագնի վերանայման հայտն ընդունել են ուսումնասիրության, որոշում կայացնելու համար 80 օր ունեն։

«Անսպասելի ասելով նկատի ունեմ մոտակա ժամանակահատվածում որևէ անսպասելի բան տեղի չի ունենա», - հայտարարեց Գրիգորյանը։

Ընդամենը 4 ամիս առաջ՝ անցած սեպտեմբերին, նույն Մհեր Գրիգորյանը հույս էր հայտնում, որ առաջիկայում սակագնի հարցում անակնկալներ չեն լինի։

«Խոստումները, որ գազի սակագինը բնակիչների համար պետք է նվազի, և դրա շուրջ բանակցությունները ապարդյուն եղան, խոստումներն էլ չկատարվեցին։ Փաստն էն է, որ գազի սակագինը բարձրանալու է», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Ուզում եմ չհամաձայնվել այն պնդման հետ, որ բանակցություններն անցել են ապարդյուն, որովհետև նման գնահատականներ տալու համար պետք է գիտակցել՝ ինչքան է գինը սահմանին պահպանվում Հայաստանի համար և ինչ գին ունի գազն այսօր աշխարհում՝ թե՛ բորսայական, թե՛ եվրոպական առանձին երկրների համար և այլն», - արձագանքեց փոխվարչապետը։

Կլինի նոր գնաճ, մարդիկ ավելի կաղքատանան՝ կանխատեսեց կոմունալ ծախսերի ավելացման հարցը բարձրացրած ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Ռուսական ընկերությունը ուզում է գազը թանկացնել նաև ամսական 10 հազար խորանարդ մետրից ավելի սպառողների, այսինքն՝ բիզնեսի համար։ Այս դեպքում փոխվարչապետը խոստում չտվեց, թե թանկացում չի լինի.

«25 տոկոս էդ նույն հայտում բարձրանալու է վերամշակող արդյունաբերության, ջերմոցային տնտեսություններին տրվող գազամատակարարման սակագինը, ԱԳԼՃԿ-ներին և այլն։ Այսինքն՝ սրանք նոր գնաճային գործոններ են, որոնք որ հաշվի առնված չեն պետական բյուջեում կանխատեսված գնաճի ցուցանիշի մեջ։ Կոնկրետ կառավարությունն ի՞նչ է նախատեսում, որպեսզի մեղմի, որովհետև մարդիկ այս գնաճի ֆոնին առանց այդ էլ աղքատանում են, աղքատության մակարդակն էլ մեր երկրում բարձրանում է նաև գնաճի հաշվին», - ասաց Թադևոս Ավետիսյանը։

«Եթե դուք գազի գինը կապում եք ապրանքների գնի աճի հետ, ես հասկանում եմ, բայց ամբողջ աշխարհում է դա տեղի ունենում և անհամեմատ ավելի բարձր և ավելի շատ կթանկանան գները էն երկրներում, որտեղ գազի գինը 4 անգամ գրեթե բարձր է։ Բազմաբաղադրիչ խնիդրը բերել կապել կալորիականության հաշվարկի հետ, ես կարծում եմ, որ էդ հարցը պատասխան չի ունենա», - նշեց Գրիգորյանը։

Վերջին անգամ ռուսական ընկերությունը գազի գինը բարձրացրել է 2019 թվականին՝ սահմանին 1000 խորանարդ մետրը դարձնելով 165 դոլար։ 2020-ին Հայաստանը գազի սակագինը նվազեցնելու հարց էր բարձրացնում՝ կորոնավիրուսի պատճառով էներգետիկ շուկայում գների անկումը պատճառաբանելով, սակայն Երևանն ու Մոսկվան այդպես էլ համաձայնության չհասան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG