Պետական կառույցները շարունակում են լռել և չնայած «Ազատության» բազմաթիվ հարցումներին`չեն բացահայտում՝ ինչ կար որպես մարդասիրական օգնություն Գերմանիայից Վանաձոր ուղարկված արկղերում, որոնք երկար ժամանակ արգելափակված էին Լոռու մարզպետարանի նկուղում՝ որպես կասկածելի ապրանք։
«Ազատությունը» մի քանի անգամ գրավոր հարցումներ է ուղարկել՝ թե՛ դատախազություն, թե Քննչական կոմիտե, թե՛ մարզպետարան՝ պարզելու, թե իրավապահների կողմից կապարակնքված դուռը բացելուց հետո «քանի՞ անուն ապրանք է եղել և որքան»։
Թե՛ իրավապահներին և թե՛ մարզպետարանին խնդրել ենք «տրամադրել եղած ապրանքի ցանկը, որոնք հայտնաբերվել են կողպած դուռը բացելուց հետո»։ Ստացված պաշտոնական գրություններից որևէ մեկում այս հարցի պատասխանը չկա։
Պատմությունն սկսվել է երկու տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի օրերին, երբ վանաձորցի Արթուր Խառատյանը երկուսուկես տոննա ապրանք էր բերել` որպես մարդասիրական օգնություն։ Մաքսավորները խնդիր չէին տեսել, և թույլ էին տվել, որ ամբողջ բեռը Վանաձոր հասնի՝ արտոնյալ պայմաններով՝ առանց մաքսատուրքի։
Օրեր առաջ այս մասին «Ազատության» հրապարակումից հետո Քննչական կոմիտեից հայտնել են, թե հումանիտար այդ բեռի մասին տեղեկությունները Բավրայի մաքսակետում «ընդհանրական՝ կշռով են եղել», և ներկրողը «գույքի մասին անհատական և քանակական տվյալներ չի ներկայացրել»։
Սա մաքսավորները որպես օրենքի խախտում չեն դիտարկել, կասկածի տակ չեն առել վանաձորցի Արթուր Խառատյանի ընդհանրական ներկայացրած տվյալներն և թույլատրել են երկուսուկես տոննայանոց բեռը մարզպետարան հասցնել։ Առանց տեսակավորման և ցուցակագրման պահեստավորված ապրանքը մարզպետարանից սկսել են բաշխել: Հենց այդ ժամանակ էլ, ըստ նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հայտնաբերվել են այնպիսի իրեր, որոնք ակնհայտ չէին կարող հումանիտար համարվել։ Մասնավորապես, թանկարժեք սպասք, փայտյա մեծաքանակ հուշանվերներ, նախորդ դարի թվագրությամբ արծաթի նմանվող գդալներ, սափորներ, մոմակալներ։
«Տվյալ մարդն ակնհայտ ուզեցել է մաքսատուրք չվճարելով էդ բեռները մտցնել Հայաստան և տնօրինել անձամբ», - ասաց Ղուկասյանը։
Մարզի ղեկավարն արված լուսանկարներն ուղարկել էր դատախազություն` ահազանգելով, թե «հանցագործություն է տեղի ունեցել՝ Խառատյանը թանկարժեք իրեր ու թմրանյութ է բերել՝ մաքսանենգ ճանապարհով»։
Սա էլ չի համոզել իրավապահներին, այս հայտարարությունը քրեական գործ չի դարձել, փոխարենն իրավապահները գործ էին հարուցել` հիմք ընդունելով հակառակ կողմի`բեռն ուղարկողների հայտարարությունները, թե մարզպետն ու իր ենթակաները յուրացրել են կարիքավորներին հասցեագրված օգնությունը։ Դրանից կարճ ժամանակ անց Անդրեյ Ղուկասյանը հեռացավ մարզպետի պաշտոնից, իսկ յուրացման կասկածով հարուցված քրգործը՝ կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Բայց նախկին մարզպետի ահազանգերն այդպես էլ քննության չառան, այն դեպքում, երբ երեկ Քննչական կոմիտեից «Ազատությանն» ուղարկված պատասխան գրության մեջ առաջին դասի խորհրդական Մկրտչյանը հաստատել է` Լոռու մարզպետարանի նկուղում եղած բեռում տեսել են «այնպիսի իրեր, որոնք իրենց նշանակությամբ չեն դիտարկվել որպես հումանիտար օգնություն»։ Քննչականից, սակայն, դարձյալ չեն թվարկել, թե որ իրերի մասին է խոսքը, չեն պատասխանել նաև «Ազատության» կոնկրետ հարցադրմանը, թե ո՞վ և ինչպե՞ս է տնօրինել այդ հումանիտար չդիտարկված ապրանքը։
Անպատասխան ու մութ հարցերի շարքը, սակայն, այսքանով չի վերջանում․ մինչ Քննչական կոմիտեից հաստատում են, որ բեռի մեջ եղել են հումանիտար օգնություն չդիտարկված իրեր, Լոռու մարզպետարանից պնդում են, թե կապարակնքված դուռը բացելուց հետո նման իրեր չեն տեսել։
«Նկուղում եղած բոլոր իրերը համարվել են առաջին անհրաժեշտության, որևէ կասկած առաջացնող ապրանք չի եղել», - գրավոր հայտնել է մարզպետ Արամ Խաչատրյանը։ Ավելի վաղ, Խաչատրյանն «Ազատությանն» ասել էր, թե փակ դռան ետևում միայն օգտագործված հագուստ է եղել։
«Ով որ ուղարկել է, իրենց հետ տարել ենք, մարդկանց հասցեական բաժանել ենք, հիմնականում շոր է եղել», - ասաց Խաչատրյանը։
Գրավոր պատասխանի մեջ մարզպետը նշել է, դուռը բացելուց հետո տեղում գտել են երկուսուկես տոննայից միայն 300 կիլոգրամ ապրանք, որն էլ բաժանել են սոցիալապես անապահով ու կարիքավոր անձանց՝ ստացականներով և ստորագրություններով։ Թե ովքեր են ստացել` մարզպետը հրաժարվում է ասել՝ «անձնական տվյալների պաշտպանության հիմքով»։
Մինչդեռ մարզպետարանի կայքը մինչ այս անարգել և բազմաթիվ անգամ հրապարակել է դրամական օգնություն ստացած բնակիչների տվյալները` անուն-ազգանուններով և բնակության վայրով։ Թե ինչո՞ւ է այս դեպքում Մարզպետարանը հրապարակում օգնություն ստացող լոռեցիների անձնական տվյալները, իսկ Գերմանիայից եկած ապրանքի դեպքում` դա համարում օրենքի խախտում, նույնպես հստակ չէ։
Հայտնի է միայն, որ մարդասիրական այդ օգնության մեջ նաև թմրանյութ էր հայտնաբերվել, փորձաքննության արդյունքը ստացվել էր 2020-ի վերջին, գործը, սակայն, մինչ օրս չի ավարտվել, ու անգամ այս` մարդասիրական օգնության անվան տակ թմրանյութ ուղարկելու փաստով որևէ մեկն անցած երկուսուկես տարում չի կանգնել դատարանի առաջ: