2022 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը 2 մլն 928 հազար 914 մարդ է կազմել։ Այս թվի մեջ ներառված են այն մարդիկ, որոնք սովորաբար այստեղ են բնակվում, սակայն մինչև մեկ տարի ժամկետով բացակայել են երկրից։
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցած տարի իրականացված մարդահամարի նախնական տվյալները՝ բացի մշտական բնակչության թվից, ներկայացնելով նաև առկա բնակչության ցուցանիշը։ Մարդահամարի պահին Հայաստանում գտնվող անձանց թիվն էլ 2 մլն 638 հազար 917 է կազմել։
Վերջին անգամ մարդահամար անցկացվել էր 2011-ին։ Այս տարիների ընթացքում մշտական բնակչության թիվը նվազել է շուրջ 90 հազարով, իսկ հարցումների անցկացման պահին այստեղ գտնվողներինը՝ գրեթե 233 հազարով։
Հոկտեմբերին անցկացվածն անկախ Հայաստանի պատմության երրորդ մարդահամարն է։ Մարդահամարի վերաբերյալ խորը վերլուծություններ մասնագետներն առայժմ չեն անում, սպասում են վերջնական տվյալներին։ Բայց առկա պատկերն աղետալի են որակում։
Պատմական գիտությունների թեկնածու, էթնոաշխարհագրագետ Արտաշես Բոյաջյանը նախորդ երկու մարդահամարների անմիջական մասնակիցներից է, հսկիչ-հաշվարար է եղել։ Ասում է՝ եթե մինչև 2018 թվականը Հայաստանի բնակչությունը նվազում էր արտագաղթի պատճառով, ապա հետո ծնելիության մակարդակը խնդիր դարձավ։
«2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերում, մասնավորապես, Լոռու մարզում, գրանցվեց առաջին ցուցանիշը, որտեղ բնական աճի մնացորդը բացասական է, այսինքն՝ ծնվածների թիվը զիջում է մահացածների թվին։ Նույն ցուցանիշը գրանցվեց Շիրակի մարզում 2020 թվականին և հանրապետության մի շարք մարզերում», - «Ազատությանն» ասաց Բոյաջյանը։
Ե՛վ նախկին, և՛ գործող իշխանությունները Հայաստանի բնակչության թվի նպատակային թիրախներ են սահմանել։ 4 տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականի ռազմավարությունը ներկայացնելիս բնակչությունն առնվազն 5 միլիոնի հասցնելու նպատակից խոսեց։
Արտաշես Բոյաջյանն ասում է՝ չնայած այս բարձր նպատակին, դրան միտված ժողովրդագրական լուրջ քաղաքականություն պետությունը չի իրականացնում։
«Ներկայացվող ժամանակահատվածում որոշ քայլեր իրականացվում են բնակչության թվի աճին նպաստելուն, բայց դա որակական և քանակական ոչ մի ազդեցություն չունի», - ասաց պատմաբանը։