Մատչելիության հղումներ

ԱՎԾ տվյալներով՝ Հայաստանի բնակչության կրճատման տեմպերն արագացել են


Հայաստանի Լոռու մարզի գյուղերից մեկում, արխիվ
Հայաստանի Լոռու մարզի գյուղերից մեկում, արխիվ

Մինչև 2040 թվականը Հայաստանի բնակչությունը 4 միլիոն դարձնելու՝ նախագահ Սերժ Սարգսյանի տեսլականի և բարեկեցության աճ զգացող քաղաքացիների թվի ավելացման մասին վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա արձանագրման ֆոնին Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) փաստում է երկրի բնակչության կրճատման ահագնացումը:

Պաշտոնական տվյալներով, բնակչության թվաքանակի անկման տեմպերն արագացել են: Այսպես․ ԱՎԾ համաձայն, 2017 թ․ հոկտեմբերի 1-ին Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 979,6 հազար՝ 14,3 հազարով պակաս նախորդ տարվա հոկտեմբերի 1-ի համեմատ: Իսկ եթե համեմատենք այս տարվա հունվարի 1-ի տվյալների հետ, ապա թեև անկումն ավելի համեստ է՝ բնակչությունը նվազել է 6,9 հազարով, սակայն այս թիվն ամենամեծն է նախորդ չորս տարիների ընթացքում:

Այսինքն, եթե 2014 թվականի հոկտեմբերի 1-ին այդ տարվա հունվարի 1-ի համեմատ Հայաստանի բնակչությունը նվազել էր 3,2 հազարով (2014 թ․ հոկտեմբերի 1-ին բնակչության թիվը պաշտոնապես եղել է 3 013,9 հազար), 2015 թ․ հոկտեմբերի 1-ին նույն տարվա հունվարի 1-ի համեմատ նվազումը կազմել է 6,6 հազար (2015 թ․ հոկտեմբերի 1-ին բնակչությունը 3 004,0 հազար էր), 2016 թ․ հոկտեմբերի 1-ին այդ տարվա հունվարի 1-ի համեմատ բնակչության թիվը կրճատվել էր 4,7 հազարով (2016 թ․ հոկտեմբերի 1-ին 2 993,9 հազար էր), ապա այս տարվա առաջին 9 ամսիներին, ինչպես նշեցինք, երկրի բնակչության թիվը նվազել է 6,9 հազարով:

Մինչդեռ երեկ լրագրողների հետ հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանը, խոսելով այս տարվա առաջին 9 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշի 5,1 տոկոսով աճի մասին, ուշագրավ հայտարարություն արեց․

«Մեր սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ 2016-ի սեպտեմբերի նկատմամբ բարեկեցության աճ զգացող քաղաքացիների թվի մեջ մենք նկատում ենք 4 տոկոսի չափով աճ՝ 8,8 տոկոսից դարձել է 12,6 տոկոս: Վիճակի վատացում զգացող քաղաքացիների թիվը նվազել է մոտ 8 տոկոսով՝ 37,2-ից իջնելով 29,3 տոկոսի: Համապատասխանաբար աճել է նաև իրենց տնտեսական վիճակը կայուն համարող քաղաքացիների թիվը»:

Մայիսին վեցերորդ գումարման Ազգային ժողովին հղած իր ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը հռչակեց որպես գերխնդիր, թեև նրա պաշտոնավարման ընթացքում, ըստ ԱՎԾ-ի, երկրի մշտական բնակչությունը նվազել է ավելի քան 250 հազարով: «Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության՝ արտագաղթի դադարեցում, ծնելիության բարձրացում և կյանքի տևողության երկարացում, արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում: Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով, Հայաստանում բնակչության անկման պատճառներն են ծնելիության նվազումը և արտագաղթը: «Եվ որպես հետևանք այդ երկու գործոնների, մենք ունենք նաև շատ արագ ծերացող հասարակություն, որովհետև քիչ են ծնվում, արտագաղթում են հիմնականում երիտասարդ, ունակ տարիքի մարդիկ և մնում են մեծահասակները»,- նկատեց Հայրապետյանը:

Նրա խոսքով, եթե ոչինչ չփոխվի, ապա առաջիկա տարիներին Հայաստանի բնակչությունը կշարունակի առնվազն նույն տեմպերով կրճատվել: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը պատրաստել է նաև կանխատեսում, թե 2050 թվականին որքան կկազմի Հայաստանի բնակչությունը: «Լավատեսական սցենարով՝ եթե շատ ինտենսիվ աշխատենք մինչև 2050 թվականը, մեզ մոտ ստացվում է մոտ 3,2-3,4 միլիոն մարդ, վատատեսական սցենարով՝ 2 միլիոնից մի քիչ ավելի»,- ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG