Մատչելիության հղումներ

Գյումրիի մշտական բնակչության թիվը ընտրողների թվից մի քանի հազարով պակաս է


Ընտրատեղամասում փակցված ընտրացուցակներ հայաստանյան ընտրություններում, արխիվ
Ընտրատեղամասում փակցված ընտրացուցակներ հայաստանյան ընտրություններում, արխիվ

Թեև Գյումրիում տարիներ շարունակ բնակչության թվի նվազում է արձանագրվում, վերջին մի քանի ընտրություններին ընտրողների թիվն այստեղ անփոփոխ է՝ շուրջ 126 հազար: Ընդ որում, Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալներով՝ Գյումրիի մշտական բնակչության թիվը 117 հազարից մի փոքր է ավելի, այսինքն՝ ընտրողների թվից մի քանի հազարով պակաս:

Ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանը, ով տարիներ շարունակ ուսումնասիրում է Շիրակի մարզի բնակչության տեղաշարժը, իր դիտարկումն է ներկայացնում բնակչության թվի ու ընտրողների թվի զգալի տարբերության վերաբերյալ․ - «Գյումրու բնակչության՝ առկա բնակչության թիվ է 2011 թվականին 114 հազար 420, իսկ մշտական բնակչության թիվը այստեղ տալիս է 2011 թվականին 121 հազար 976: Սովորաբար առկան ավելի ճշգրիտ թիվ է, քան մշտական բնակչության թիվը: Ստացվում է այնպես, որ քաղաքում ընտրողների թիվը ավելի շատ է, քան բնակչության թիվը մշտական»:

Ընտրացուցակների ուռճացված լինելու մասին հիմնականում բարձրաձայնում են ընդդիմադիրները՝ պնդելով, որ կան «մեռած հոգիներ», մեծ թիվ են կազմում տարիներով երկրից բացակայողները:

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը ընտրողների թվի վերաբերյալ ասաց․ - «Բացակայող անձանց մասին է խնդիրը: Դա ըստ օրենքների համապատասխան և ինչու չէ՝ նաև Սահմանադրությամբ, լիազոր մարմինը նախատեսված օրենքներով չի թույլատրում տվյալ քաղաքացիներին հանել, բացակայող անձանց հանել ցուցակներից: Այսինքն՝ մենք իրավունք չունենք քաղաքացուն զրկելու ընտրելու իրավունքից, և բացառված չէ՝ բացակայող անձը ցանկություն ունենա այդ օրը մասնակցել ընտրության: Այսինքն՝ չլինի այնպես, որ մենք ուզում ենք, մի կողմից, մաքրել, հեռացնել, թափանցիկության խնդիրը այստեղ պետք է նաև հաշվի առնել, և, մյուս կողմից, մենք զրկենք մարդուն ընտրելու իրավունքից: Այդ իսկ պատճառով, մեր թիվը, որ ասում եմ՝ 126 հազար, այստեղ նաև ներառված է, ինչու չէ, բացակա անձինք»:

Ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանը, հիմնվելով իր իսկ ուսումնասիրությունների վրա, սեփական հաշվարկներն ունի, թե իրականում քանի ընտրող էր ունենալու Գյումրին:

«Եթե վերցնենք, օրինակ, Գյումրիի առկա բնակչության թիվը 2011 թվականի մարդահամարի տվյալներով, 114 հազար 420 է: Եթե այստեղից դուրս գանք մինչև ընտրության տարիքը, այսինքն՝ մինչև 18 տարեկանները, որոնց թվաքանակը 20 հազարը գերազանցում է, նշանակում է, որ ըստ առկա բնակչության տվյալների վրա հիմնվելով՝ կարող ենք ասել, որ 90 հազար է ընտրողների թիվը: Բայց իրականում դա էլ է մեծ ցուցանիշ, որովհետև ըստ տարբեր հետազոտությունների և հարցումների՝ տարեկան Գյումրիից 30 հազարից 35, նույնիսկ 40 հազար մարդ սեզոնային արտագնա աշխատանքի է մեկնում աշխարհի տարբեր երկրներ, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնություն, և ստացվում է, որ փաստացի ընտրողների թիվը մեր քաղաքում տատանվում է 45-ից մինչև 50 հազարի միջև», - ընդգծեց Բոյաջյանը:

Ընտրացուցակներում ընտրողների թվի աճը մեկ այլ հանգամանքով նաև պայմանավորեց ժողովրդագրագետը․ - «Երկքաղաքացիության օրենքը ընդունվեց, Վրաստանի Ջավախքի շրջանի հայերը՝ մեծ մասը, եկան ստացան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, նրանք նույնպես ստացան Հայաստանի Հանրապետության անձնագրեր և գրանցված են Հայաստանի Հանրապետությունում բնակարանների վրա, բայց փաստացի նրանք այստեղ չեն բնակվում՝ կա՛մ բնակվում են Ջավախքում, կա՛մ Ռուսաստանի Դաշնությունում, կա՛մ աշխարհի այլ տարբեր հանրապետություններում: Այսինքն, այդ թիվը, որը ներկայացվել է փաստաթղթավորված անձնագրային տվյալներ, դրա համար շատ է ստացվել»:

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցությանը, Բոյաջյանն այսպիսի վերլուծություն է անում․ - «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առավելագույնը 50, 51, 52 տոկոս է մասնակցության առումով, ստացվում է, որ մեր քաղաքում առավելագույնը, ամենաբարձր ցուցանիշը, որ պիտի մասնակցություն լինի, ընտրողները մասնակցեն այդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, ընտրությունների, պետք է տատանվի 30-ից 35 հազարի միջև․ մոտավորապես գնահատականը այդքանը պետք է լինի՝ ընտրողների թվային մասնակցությունը»:

Նշենք, որ վաղը ՏԻՄ ընտրություններին 126 հազար ընտրող ունեցող Գյումրիում կգործի 82 ընտրական տեղամաս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG