Մատչելիության հղումներ

Հայաստանում ամուսնալուծությունների թիվն աճել է


Լոռու մարզ - Ալավերդի
Լոռու մարզ - Ալավերդի

Ըստ Վիճակագրական ծառայության տվյալների, բաժանումների ամենաբարձր ցուցանիշը Լոռու մարզում է։

Հայաստանում վերջին երեք տարիներին ամուսնալուծությունների թիվն ավելացել է մոտ 30 տոկոսով։

Վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքով, բաժանումների ամենաբարձր ցուցանիշը Լոռու մարզում է, որտեղ յուրաքանչյուր 1000 բնակչից գրեթե 2-3-ը ամուսնալուծվում են։

«Լոռու մարզում 2009 - 2011 թվականներին 324 դեպք է արձանագրվել՝ 1000 ամուսնությունների հաշվով, իսկ 2012 - 2014 թվականներին` 364։ Այսինքն՝ հանրապետության չափով, գրեթե 40 դեպքով ավելացել է Լոռու մարզում դեպքերի թիվը», - ասաց Կույումջյանը։

Պաշտոնական վիճակագրությամբ՝ ընտանիքները համեմատաբար ավելի ամուր են Տավուշում, որտեղ յուրաքանչյուր 2000 բնակչից միայն մեկն է ամուսնալուծվում։ Դրանից հետո Գեղարքունիքի և Արմավիրի մարզերն են։

Ուշագրավ է, որ ամուսնալուծվող զույգերի մոտ 30 տոկոսը համատեղ կյանքը դադարեցնելու որոշում է կայացնում 20 և ավելի տարի միասին ապրելուց հետո։

Երկրորդ տեղում 1- 4 տարի համատեղ ապրած զույգերն են՝ ավելի քան 20 տոկոս։ Կարինե Կույումջյանը թվերը համադրել ու եզրակացրել է. - «Նախկինում եթե մարդիկ մտածում էին՝ ոչ ոք չիմանա, որ իրենք ամուսնալուծվել են, կամ հանդուրժում էին ամեն ինչ, որ իրենց անունը դուրս չգա, հիմա այդ խնդիրը մի քիչ այլ կերպ է դիտարկվում, և մարդիկ, եթե չեն ուզում իրար հետ ապրել, դա խնդիր չեն համարում և ամուսնալուծվում են»։ «Այսինքն՝ մտածողության փոփոխություն էլ եմ ես այստեղ տեսնում», - ասաց Կույումջյանը։

Ամուսնալուծությունների թվով առաջատար լոռեցիները, մինդեռ, պաշտոնական այս վիճակագրության համար իրենց բացատրություններն ունեն. նրանց խոսքով, երիտասարդները մատների արանքով են նայում ամուսնական իրենց պարտականություններին, հապճեպ որոշումներ կայացնում, բայց գլխավոր խնդիրը, ըստ նրանց, սոցիալական վատ վիճակն է ու արտագնա աշխատանքը։

«Նոր ձևավորված ընտանիքներում փոխադարձ անհամաձայնություն պատճառը նա է, որ նորաստեղծ ընտանիքի տղամարդն աշխատանք չունի և չի կարողանում ապահովել իր ընտանիքի գոյությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց լոռեցիներից մեկը։

Մեկ այլ բնակչի խոսքով, արտագնա աշխատանքի մեկնած տղամարդիկ հիմնականում այլևս չեն վերադառնում. - «Գնում են այնտեղ, ամուսնանում են, ռուս աղջիկ են առնում»։

Ամուսնություններն ու ամուսնալուծությունները գրանցող ԶԱԳՍ-ի՝ Թումանյանի բաժնի պետ Ռաֆիկ Ղազինյանը, մինչդեռ, այլ բացատրություն է տալիս, պնդում է՝ իրական ամուսնալուծությունների թիվը Լոռիում ամենևին էլ բարձր չէ, ուղղակի ցուցանիշներն են ուռճացվում։

Պաշտոնյայի խոսքով, երիտասարդներն ամուսնալուծվում են, որպեսզի ամուսինները կարողանան Ռուսաստանում կեղծ ամուսնություն գրանցեն ու քաղաքացիություն ստանան։ Կեղծ ամուսնալուծությունների մյուս պատճառն էլ, ըստ Ռաֆիկ Ղազինյանի, նպաստառու դառնալու ցանկությունն է. բաժանության միջոցով միայնակ մոր կարգավիճակ են ձեռք բերում պետությունից նպաստ ստանալու համար։

Ամուսնությունների թվով ևս Լոռու մարզն առաջին տեղում է։ Այս տարվա առաջին եռամսյակում յուրաքանչյուր 1000 բնակչից 7-ն ամուսնացել է։ Ամուսնությունների ամենացածր ցուցանիշը Սյունիքի մարզում և Երևանում է։

Նշենք, որ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ նվազել է նաև ծնելիությունը։

«Այսինքն մեր երկրում 2015 թվականի առաջին եռամսյակում յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ծնվել է շուրջ 13 երեխա։ Որոշակի նվազում կա 2014 թվականի առաջին եռամսյակի համար», - ասաց Կույումջյանը։

Մահացության թվերը նախորդ տարիների համեմատ առանձնապես չեն փոխվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG