Սերժ Սարգսյանը նախ շնորհավորեց բոլոր խմբակցություններին՝ «ազատ, թափանցիկ և բարձր գնահատականի արժանացած ընտրությունների համար», հորդորելով նաև մոռանալ նախընտրական փուլում միմյանց հասեցին հնչեցված մեղադրանքները: Երկրի ղեկավարն ասաց, թե խորհրդարանի ամբիոնից ակնկալում է լսել սուր, քննադատական, բայց հիմնավորված ելույթներ: Ապա խոսեց, իր բնորոշմամբ, մի սխալ երևույթի մասին: «Առկա է մի ընկալում, որ ընդդիմադիր պատգամավորը, ով կողմ է քվեարկել իշխանության նախաձեռնությանը, այլևս ընդդիմություն չէ, կամ ավելի վատ՝ ծախված է: Այս տրամաբանությունն ու մտածողությունը լավ բանի չեն հանգեցնի»,- նշեց նախագահը:
«Նոր Սահմանադրությունը հնարավորություն տվեց խուսափել հետընտրական ճգնաժամերից»
Սերժ Սարգսյանն ասաց, թե այս օրերին առավել հաճախ իրեն մի հարց են տալիս՝ արդյո՞ք գոհ է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներից: «Որպես Հանրապետական կուսակցության նախագահ, ես գոհ եմ մեր կուսակցության արձանագրած արդյունքներից»,- ասաց Սարգսյանը: Երկրի ղեկավարը հատուկ շեշտեց՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ երկրի կառավարման համակարգը փոխելու միջոցով վերացրել են հետընտրական ճգնաժամերը:
Այս առնչությամբ, նախագահը, մասնավորապես, նշեց․ «2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունները և հետընտրական իրավիճակը եկան հաստատելու, որ խնդիրների լուծման ճանապարհը մեր կողմից ճիշտ է ընտրված: Կառավարման խորհրդարանական ձևին անցնելու միջոցով մենք էապես փոքրացրել կամ նույնիսկ վերացրել ենք քաղաքական դիմակայությունը կամ ճգնաժամը հանրային առճակատման վերածելու վտանգը։ Խորհրդարանական կառավարման ձև հաստատելով՝ մենք չեզոքացրել ենք քաղաքական մենիշխանության սպառնալիքը»։
Շեշտելով, որ Սահմանադրության փոփոխումից հետո արդեն խորհրդարանն է կազմավորելու արդարադատություն իրականացնող կարևորագույն մարմինները՝ Սահամանադրական դատարան, Վճռաբեկ դատարան, Բարձրագույն դատական խորհուրդ, նաև կազմակերպելու է գլխավոր դատախազի և Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություները, Սերժ Սարգսյանը պատգամավորներին կոչ արեց՝ ընտրություն կատարելիս առաջնորդվել ոչ թե «նա մեր համախոհն է», այլ «նա իր գործի գիտակն է» սկզբունքով:
«Կոռուպցիան ավելի տեսանելի է դառնում»
Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին, Սերժ Սարգսյանը շեշտեց, թե կոռուպցիան այսօր փոխել է իր դեմքը, ապա առաջարկեց հաջողության իր բանաձևը: «Իհարկե, այսօր կոռուպցիայի դեմքը փոխվել է: Աստիճանաբար այն ավելի տեսանելի և խոցելի է դառնում: Պետությունը շարունակում է հասարակության և անհատի մեջ արմատավորել «կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության» մշակույթը: Բայց մենք չենք կարող բավարարվել առկա ձեռքբերումներով: Մենք պետք է կատարելագործենք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը և ապահովենք դրա հետևողական զարգացումը:
Բոլորս գիտակցում ենք, որ առանց դրա ցանկացած նախաձեռնություն դատապարտված է անհաջողության: «Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա». սա է ցանկալի հաջողության բանաձևը: Այստեղ է, որ մենք պետք է հենվենք գործի գիտակների վրա: Կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն տհաճ է, վանող և պարզապես անշահավետ»,- գնահատեց Սարգսյանը:
«Պատերազմի նոր փուլ՝ անարդարության դեմ»
Խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետականի ղեկավարը նաև խոսեց «ներքին թշնամու» մասին, որի անունն է «անարդարություն» և որը, նրա խոսքով, արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է: Այդ առնչությամբ՝ Սերժ սարգսյանն ասաց․ «Պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը: Դիմում եմ բոլորին. մեզնից յուրաքանչյուրը, ինչպես որ պայքարել ու պայքարում է մեր հայրենիքի անկախության, նրա սահմանների անվտանգության համար, նույնպիսի նվիրվածությամբ ու ջանասիրությամբ պիտի պայքարի արդարության համար:
Արդարությունը պետք է լինի այն կենարար գաղափարը, որով պետք է սնվեն մեր մանուկները, որով պետք է առաջնորդվեն մեր պետական ծառայողները, որով պետք է ապրեն մեր դատավորները: Մեզնից յուրաքանչյուրն արդարությունը պետք է պաշտպանի առնվազն այնպես, ինչպես մեր զինվորն է այսօր մեր սահմանը պահպանում: Սահմանը լքելը բոլոր ժամանակներում դավաճանություն է դիտարկվել: Մեր հայրենիքի վաղվա օրվա հանդեպ դավաճանություն պիտի համարենք ցանկացած մեկի, առավել ևս դատավորի թույլ տված անարդարությունը»:
«Կազանյան փաստաթուղթը մնում է որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ»
Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, Սերժ Սարգսյանն ասաց, թե ցանկանում է հստակություն մտցնել նախընտրական շրջանում այս հարցի վերաբերյալ հնչեցված մի քանի մտքերի շուրջ: Ըստ էության՝ անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին պնդումներին, երկրի ղեկավարն ասաց․ «Նախ փորձ կատարվեց վերակենդանացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վաղեմի առաջարկներից մեկի քննարկումը, ինչն, իհարկե, չստացվեց։ Եվ դա բնական է։ Պնդել, թե անցյալում լավագույն փաստաթուղթն է բանակցվել, որն այսօր կարող է հանգուցալուծման բանալի լինել, ուղղակի նշանակում է մեղանչել իրականության դեմ։
Իսկ իրականությունն այն է, որ 1997 թվականի դեկտեմբերի փաստաթուղթը չէր էլ հավակնում հիմնահարցի հանգուցալուծմանը, այլ, ինչպես իր վերնագիրն էր վկայում, ուղղված էր զինված հակամարտության դադարեցմանը։ Այն մի տեսակ զինադադարի նոր համաձայնագիր էր նախատեսում` այս անգամ արդեն համեմված խաղաղապահ ուժերով և մի շարք այլ դրույթներով։ Հայկական կողմերը ստանում էին անվտանգության կասկածելի երաշխիքներ և հակամարտության քաղաքական կարգավորման ոչ պակաս կասկածելի ու անորոշ հեռանկար՝ փոխարենն անելով անհամաչափ զիջումներ»:
Ապա՝ Սերժ Սարգսյանն անդրադարձավ իշխանության հասեցին հնչող այն մեղադրանքներին, թե իրենք ԼՂ հարցում ստատուս քվոյի պահպանման կողմանկիցներ են, հակադարձելով՝ չեն ուզում ստատուս քվոյի պահպանում և ոչ մի օր ավել, չեն ուզում հաջորդ սերունդների ուսերին դնել հիմնահարցի լուծման ծանրությունը: «Երբ Բաքուն է կեղծում, թե իբր մենք ցանկանում ենք ամեն գնով պահպանել ստատուս-քվոն, դա միգուցե տեղավորվում է հակառակորդի տրամաբանության շրջանակներում, բայց Հայաստանից հնչող այդպիսի տեսակետը չի կարող ընդունելի լինել։
Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է։ Այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում։ Թեև այն մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն` շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ։ Այո՛, փոխզիջման հիման վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների` տեղի տալով ադրբեջանական սպառնալիքներին, թե հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նա հավելեց՝ հիմնահարցը մինչև այժմ չի կարգավորվել ոչ թե Հայաստանի, կամ միջազգային միջնորդների պատճառով, այլ Ադրբեջանի, որը խաթարում է բանակցային գործընթացը, որը ստատուս-քվոյի պահպանման ջատագովն է և չի թաքցնում դա։
«Հայաստանի բնակչությունը՝ 4 միլիոն մարդ՝ 2040 թվականին»
Իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսեց նաև երկարաժամկետ տնտեսական աճի և ընդհուպ մինչև 2040 թվականի թիրախային ցուցանիշներն ապահվելու կարևորության մասին: Երկրի ղեկավարը շեշտեց՝ անընդունելի է ունենալ աղքատության բարձր ցուցանիշ, քանի որ հայերը հայտնի են իրենց բացառիկ ձեռնարկատիրական ունակություներով:
Ապա Սարգսյանը նշեց, թե աղքատության կրճատման ինչպիսի ցուցանիշներ են մտադիր ապահովել․ առաջիկա 5 տարում՝ 18 տոկոս, իսկ 2040-ին՝ 7-8 տոկոս աղքատություն: Սարգսյանը չթաքցրեց՝ ակնակալիքներ ունի նաև բնակչության թվաքանակի աճի հետ կապված: «2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»,- ասաց նախագահը: