12 տարում Վրաստանում բնակվող հայերի թիվը նվազել է շուրջ մեկ երրորդով: Սա են վկայում 2014 թվականին անցկացված մարդահամարի տվյալները, որոնք Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց օրերս:
Ներկայացված այս տվյալների համաձայն, Վրաստանում 168 հազար հայ է բնակվում։ Եթե համեմատելու լինենք այս ցուցանիշը 2002 թվականին անցկացված մարդահամարի տվյալների հետ, ապա պարզ է դառնում, որ շուրջ մեկ տասնամյակում Վրաստանում բնակվող հայերի թիվը նվազել է 80 հազարով:
Հայերն այսօր կազմում են Վրաստանի բնակչության չորսուկես տոկոսը` հանդիսանալով երկրում բնակվող մեծությամբ երրորդ ազգային խումբը:
Արդեն երկրորդ մարդահամարն է անընդմեջ ինչ ազգային ամենամեծ փոքրամասնության դիրքը Վրաստանում հայերը զիջել են ադրբեջանցիներին. այսօր Վրաստանում շուրջ 230 հազար ադրբեջանցի է ապրում: Նրանց ճնշող մեծամասնությունը` 180 հազարը, բնակվում է Հայաստանին և Ադրբեջանին սահմանակից Քվեմո-Քարթլիի մարզում: Ի դեպ, ադրբեջանցիների թիվը ևս Վրաստանում նվազում է. 12 տարում Վրաստանում բնակվող ադրբեջանցիների թվաքանակը կրճատվել է շուրջ 70 հազարով:
Իսկ հայ ազգաբնակչության նվազման միտումն առավել ցայտուն է զգացվում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում. 2002-2014 թվականներին Թբիլիսիի հայության թվաքանակը նվազել է 35 տոկոսով` 82 հազարից իջնելով 53 հազարի:
Պաշտոնական տվյալներով՝ զգալիորեն նվազել է նաև Ջավախքում բնակվող հայերի թիվը. Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Սամցխե-Ջավախեթի մարզում բնակվող հայ ազգաբնակչության թիվը 12 տարում նվազել է 32 հազարով` 113 հազարից հասնելով 81 հազար մարդու:
Մարդահամարի տվյալներով՝ նվազում է նաև Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների թիվը. 2002 թվականից ի վեր նրանց թիվը կրճատվել է շուրջ 60 հազարով:
Գրեթե նույն անմխիթար պատկերն է նաև լեզվական ոլորտում: «Վրաստանում 2014-ին անցկացված մարդահամարի տվյալներով՝ գրեթե 100 հազարով կրճատվել է այն մարդկանց թիվը, ովքեր հայոց լեզուն նշում էին որպես իրենց մայրենի լեզու: Եթե 2002-ին հայերենը որպես մայրենի լեզու մատնանշում էր Վրաստանի 235 հազար բնակիչ, ապա այսօր այդ թիվը 140 հազարից քիչ ավելին է», - վկայակոչելով մարդահամարի տվյալները՝ հաղորդում է Վրաստանի հայ համայնքի պաշտոնական կայքէջը:
Իսկ ինչ վերաբերում է վրացիներին, ապա նրանք այսօր կազմում են երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը` գրեթե 87 տոկոսը:
Նշենք, որ ընդամենը մի քանի տասնամյակ առաջ` 1970-ին անցկացված մարդահամարի տվյալներով, վրացիները կազմում էին հանրապետության բնակչության ընդամենը 62 տոկոսը: Նույն մարդահամարի տվյալներով՝ 1970 թվականին հայերը Վրացական ԽՍՀ-ի բնակչության մոտ 10 տոկոսն էին կազմում: