1990 թվականի 80 հազարի դիմաց՝ Հայաստանում 2016 թվականին ծնունդների թիվը 40 հազարից պակաս է եղել, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ժողովրդագրական բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը՝ ներկայացնելով ժողովրդագրական իրավիճակը բնութագրող ցուցանիշները։
Մահացությունների դեպքերը, ըստ Բաբաջանյանի, 1990 թվականին եղել են 26 հազար, 2016-ին դարձել են մոտ 28 հազար։
«Այսինքն՝ մենք ունենք ծնունդների նվազում, ի դեպ, հարկ է նշել, որ մի քանի տարի առաջ մեզ մոտ ծնունդները շատ էին՝ հասել էինք մոտ 45 հազարի սահմանագիծը՝ խոսքը 2010-2011 թվականների մասին է, իսկ բնակչության թվաքանակը՝ խոսքը վերաբերում է, իհարկե, մշտական բնակչությանը, 1990 թվականին մենք ունեցել ենք 3.5 միլիոն մշտական բնակիչ, ներկայումս մշտական բնակչության թվաքանակը, ըստ մարդահամարի և Ազգային վիճակագրական ծառայության կողմից տարվող ամենամյա հաշվառումների, կազմում է շուրջ 2 միլիոն 979 հազար մարդ», - ասաց Բաբաջանյանը՝ նշելով, որ այս թվերը ոչ միայն մտահոգիչ են, մտորումների տեղիք են տալիս, այլև պարտադրում են որոշակի քայլեր ձեռնարկել։
Անդրադառնալով արտագաղթի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներին՝ Բաբաջանյանը նշեց. - «Արտագաղթի օբյեկտիվ պատճառներից կարելի է դիտարկել մեր աշխարհագրական դիրքը, տնտեսական համեմատաբար վատ պայմանները, Արցախյան պատերազմի չկարգավորված լինելը, սուբյեկտիվ պատճառները առաջին հերթին կապված են զբաղվածության և աղքատության հետ»։