Մատչելիության հղումներ

Ստեփանակերտից հայտնում են՝ ճանապարհը չորս ամսից ավելի փակած ադրբեջանցիներին փոխարինել են ուժայինները


Արցախ տանող ճանապարհը բնապահպանական պատճառաբանությամբ չորս ամսից ավելի փակած ադրբեջանցիներին երեկվանից փոխարինել են ուժայինները։ Նրանք արդեն հասցրել են խոչընդոտել Արցախ հումանիտար բեռ տեղափոխող ռուս խաղաղապահների շարասյան տեղաշարժը։ Գորիսից Ստեփանակերտ սննդամթերք և կենցաղային պարագաներ տեղափոխող խաղաղապահների մեքենաների շարժը թույլատրվել է 14 ժամ հետո միայն՝ այսօր առավոտյան, փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Փաստորեն, Արցախի շրջափակումը շարունակվում է երկու կետում՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ին տեղադրված անցակետով և Շուշիի մոտ 2022թ. դեկտեմբերի 12-ից արգելափակված հատվածով, որտեղ երեկ Ադրբեջանի կառավարության քաղաքացիական հագուստով գործակալներին արդեն բացեիբաց փոխարինել են ուժային մարմինների աշխատակիցները», - հաղորդում է տեղեկատվական շտաբը:

Ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ճանապարհի երթևեկությունը դադարեցվել է ակտիվիստների ճամբարի ապամոնտաժման պատճառով։ Այդուհանդերձ, Շուշի-Քարին տակ խաչմերուկում երթևեկությունն այդպես էլ չի վերականգնվել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ակտիվիստներին փոխարինել են ադրբեջանական ներքին զորքերն ու Շուշիի ոստիկանությունը։ Սա նշանակում է, որ ադրբեջանական ուժայինները տեղակայված են Լաչինի միջանցքի երկու ծայրերում, ինչի հետևանքով Շուշիի շրջանի չորս հայկական գյուղերը շարունակելու են կտրված լինել թե՛ Ստեփանակերտից, թե՛ Հայաստանից։

«Դեղորայքը պրծած ա, կինս էլ մնացել ա Ստեփանակերտում». Եղցահողի բնակիչ

Այդ համայնքներից Եղցահողի բնակիչ 55-ամյա Էդվարդն ասում է՝ Արցախը Հայաստանին կապող Հակարիի կամրջին ադրբեջանցիների տեղադրած անցակետից հետո, իրենց համայնքներ ոչ սննդամթերք է մտնում, ոչ վառելիք, ոչ էլ դեղորայք։

«Դեղորայքը պրծած ա, կինս էլ մնացել ա Ստեփանակերտում, ես էլ ճնշում ունեցող մարդ եմ, դողորայքս ա պրծել, տարբեր տեսակի դողորայքներ եմ օգտագործում: Լույս չունենք, ջուր չունենք, խոզի կերը պրծած, պիտի Գորիսից բերենք, չենք կարողանում բերենք, հավերի կուտը պրծած: Ձուն կա, կարտոլ ենք ժարիտ անում, էդ էլ, որ պրծնի, արդեն պիտի նստենք թախտին, սպասենք բախտին», - ասաց Էդվարդը:

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասում է՝ Արցախի իշխանությունները պետք է ելք գտնեն արդեն յոթ օր երկկողմանի շրջափակման մեջ գտնվող համայնքներում դեղ ու սնունդ հասցնեն։

«Չեմ կարողանում հասկանալ այս իշխանությունների գործելաոճը, եթե Գորիսից հնարավոր է հումանիտար գրուզ հասցնել Ստեփանակերտ, ապա այդ հումանիտար բեռի մի մասը կարելի է... Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն, Հին Շեն համայնքների միջով է անցնում այս ճանապարհը, Եղցահողի կողքով, բայց այս երեք համայնքի միջով է անցնում այս ճանապարհը, ճիշտ կազմակերպելու դեպքում այդ խնդիրը այդ համայնքներում չէր լինի», - նշեց Գալստյանը:

«Ազատության» հարցին՝ ի՞նչ միջոցով պիտի փոխանցեն, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Կարմիր խաչով ու խաղաղապահներն էլ են, այն միջոցներով, ինչ որ հասնում է Ստեփանակերտ այդ բեռը»:

Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը վստահեցնում է՝ աշխատանքներ իրականացվում են, նախատեսվում է Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքներ տեղափոխել սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև համայնքի այն բնակիչներին, որ շրջափակման պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ։

«Էս երկու օրը Կարմիր խաչի օգնությամբ և՛ դեղորայքի, և՛ սննդամթերքի հարցը լուծվելու է», - ասաց Հովհաննիսյանը:

Փաստորեն, ինչպես նախորդ ավելի քան չորս ամիսներին, Լաչինի միջանցքով երթևեկում են միայն ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի մեքենաները: Արցախից հաղորդում են, որ Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր շտապ վիրահատության կարիք ունեցող 16 մարդ տեղափոխվել է հայաստանյան հիվանդանոցներ: Հայաստանի կլինիկաներում բուժում ստացած 10 քաղաքացի էլ վերադարձել է Արցախ:

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 394 հիվանդ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG