Մատչելիության հղումներ

«Ձեր կողքին ենք արդար և կայուն խաղաղության որոնումներում». Կոլոնան՝ Փաշինյանին


«Ձեր կողքին ենք արդար և կայուն խաղաղության որոնումներում», - այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան:

«Առաջին անգամ եմ Ձեր երկիր այցելում, և առանց հետաձգելու փոխանցում եմ նախագահի բարեկամական ողջույնները Ձեզ: Գիտեք, որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է, Հայաստանի կողքին է, և այս երկրի հետ մեզ շատ բաներ են կապում: Բայց ցանկանում եմ անձամբ ևս մեկ անգամ ասել՝ մենք Ձեր կողքին ենք այն բարեփոխումների, ջանքերի, աշխատանքի ժամանակ, որ վարում եք, նաև Ձեր կողքին ենք արդար և կայուն խաղաղության որոնումներում», - նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Փաշինյանն ու Կոլոնան, վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, անդրադարձել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Զրուցակիցներն ընդգծել են Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման անհապաղ իրականացման և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը: Անթույլատրելի է համարվել Ադրբեջանի կողմից միակողմանի գործողությունները, այդ թվում՝ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում է», - ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի վարչապետն ու ֆրանսիացի պաշտոնյան մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի շուրջ: Կարևորվել է նաև Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության արդյունավետ գործունեությունը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համատեքստում:

Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է մեր երկրի հատուկ վերաբերմունքն ու ուշադրությունը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների նկատմամբ:

«Ուզում եմ ընդգծել, որ շատ ուրախ եմ այն դինամիկայի համար, որ ունենք մեր հարաբերություններում: Ոչ միայն այդ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, այլ նաև կարծում եմ՝ պոտենցիալ ունենք զարգացնելու: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահին, Ձեզ, կառավարությանն այն ուշադրության համար, որ հատկացվում է մեր տարածաշրջանի խնդիրներին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի շուրջ առկա ճգնաժամին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Այսօր ավելի վաղ Կոլոնան Բաքվում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ:

XS
SM
MD
LG