Պաշտպանության նախարարի փոխանցմամբ՝ ատեստավորման միջոցով պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը կրկնապատկեու, իսկ որոշ դեպքերում նաև մինչև 80 տոկոսով բարձրացնելու իրենց ծրագիրն արդեն ոգևորել է զինծառայողներին։
Ըստ Սուրեն Պապիկյանի, պայմանագրային զինծառայողներից շատերը արդեն իսկ սկսել են մարզվել՝ պատրաստվելով առաջիկա ատեստավորմանը։ Ատեստավորման ժամանակ ստուգվելու է պայմանագրային զինծառայողի ֆիզիկական և կրակային պատրաստությունը, մասնագիտական գիտելիքները և ծառայողական պարտականությունների իմացությունը։
«Այսօրվանից արդեն սկսած, վերջին մի քանի ամսվա ընթացքում արդեն իսկ տեսանելի է, թե ինչպիսի մոտիվացիա կա բանակում, ինչպես են մարդիկ պարապում, նիհարում՝ ֆիզպատրաստության մասին ա խոսքը, կարդում... Սա պետք է խրախուսել ամեն կերպ և ամեն ինչ անել, որ պատրաստվածության մակարդակը ավելացնենք», - Ազգային ժողովի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց նախարարը։
Խորհրդարանն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է պայմանագրային զինծառայողների ատեստավորման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները։ Պաշտպանության հանձնաժողովն այսօր դրական եզրակցություն տվեց փաթեթը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար։
Սուրեն Պապիկյանի փոխանցմամբ՝ օրենսդրական այս փոփոխությունը էական նշանակություն է ունենալու պրոֆեսիոնալ բանակի անցնելու ճանապարհին՝ լուծելով ոչ միայն սոցիալական խնդիրները։ Ընդ որում, երեք տարվա ընթացքում պայմանագրային զինծառայողները կարող են կամավորության սկզբունքով ատեստավորում անցնել և հավելավճարներ ստանալ։ Բայց եթե զինածառայողը այդ ժամանակահատվածում այդպես էլ կամավոր ատեստավորում չանցնի, ապա երեք տարի հետո պայմանագիրը չի երկարացվի։
«Զինվորը լավն ա, երբ էդ զինվորը լավ ա կրակում, զինվորը լավն ա, երբ այդ զինվորը տիրապետում ա իր պաշտոնական պարտականություններին, զինվորը լավն ա, երբ գործում ա օրենքի սահմաններում... Սա է լավ զինվորի՝ իմ պատկերացրած կոնցեպտը։ Ժամանակ ենք տալիս, երեք տարին, կարծում եմ, բավարար ժամանակ է, ուժերը փորձել, որպեսզի տվյալ մարդը իր ֆիզիկական, մասնագիտական, մարտական պատրաստության վրա աշխատի, փոխվի և գա էն պահանջարկին, որը մենք իրենից ակնկալում ենք։ Բայց եթե դու էդ ատեստացիան չես անցնում, որ պայմանագրիդ ժամկետը ավարտվեց, մենք քո հետ չենք երկարացնելու պայմանագիրը։ Ինչպես բանակում է՝ կամավոր-պարտադիր», - պարզաբանեց Պապիկյանը։
Պայմանագրային զինածառայողը կարող է բողոքարկել ատեստավորման արդյունքները և դիմել վարչական դատարան։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակացությունից Գեղամ Մանուկյանը հարցրեց՝ արդյո՞ք հաշվարկել են, թե ինչ տեղի կունենա, եթե մի քանի հարյուր զինածառայող քննության արդյունքների հետ համաձայն չլինի և դատարան դիմի. - «Զինվորականը ատեստացիան հանձնել է, չի անցել, համաձայն չի, վերադասին է դիմում, բողոքարկում։ Հետո էլի չի անցնում, գնում է դատարան։ Յոթ-ութ տարի կարող է էդ դատը տևել, որովհետև էստեղ արդեն վեճի առարկան մի կողմից Պաշտպանության նախարարն է, մի կողմից՝ զինվորականը»։
Պապիկյանն արձագանքեց. - «Նախ էն, որ պրոցեսը պիտի ամբողջությամբ տեսանկարահանվի։ Կառավարության որոշմամբ երբ որ մենք ատեստացիայի կարգը կբերենք, դրա մասին մանրամասն կխոսենք. ամբողջ պրոցեսը տեսանկարահանվելու է։ Իսկ տեսական գիտելիքների մասը դա համակարգչի կողմից ընտրված խառը հարցերի քննության ա, որը նույնպես ստուգելի է։ Այսինքն՝ էդտեղ բան չկա, որ մասնագիտական ա, դատարանը չհասկանա, դատավորը երկար մասնագետներ հրավիրի... Բարդ բան չկա, նայում ա՝ թեստը լուծել ա, թե չի լուծել»։
Գեղամ Մանուկյանն նկատեց, որ անցած մեկ տարվա ընթացքում Պաշտպանության նախարարությունը զինված ուժերի բարեփոխումների հետ կապված կցկտուր օրենսդրական փոփոխություններ է ներկայացրել, սակայն պաշտպանական հայեցակարգը մնում է օդում կախված, ու թեև փետրվարին նախարարը հայտարարել էր, թե այն լրամշակվում է, սակայն մինչև օրս այդ փաստաթուղթն այդպես էլ չի հրապարակվել։ Ի պատասխան, Սուրեն Պապիկյան ասաց, որ հայեցակարգը պատրաստ է և այն առաջիկայւոմ կներկայացվի կառավարության նիստում. - «Նույնիսկ կարող եք հիմա ընթացիկ վիճակին ծանոթանալ։ Եթե նման պատրաստակամություն ունեք, համեցեք Պաշտպանության նախարարություն, ծանոթացեք, կարող եք նույնիսկ առաջարկություններ ներկայացնել»։
Պայմանագրային զինծառայողների ատեստավորման օրենսդրական փոփոխությունից բացի, Պաշտպանության հանձնաժողովը նաև դրական եզրակացություն տվեց կառավարության կողմից առաջարկված մեկ այլ ծրագրի ՝ «Պաշտպան Հայրենյացին», որով 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող, ստանալ մինչև 380 հազար դրամ աշխատավարձ, իսկ 5 տարի անց նաև 5 միլիոն դրամ պատվովճար, այդ թվում՝ բնակարան Երևանում։
Այս երկու օրենսդրական փոփոխությունները կքննարկվեն և կքվեարկվեն խորհրդարանի հաջորդ շաբաթ կայանալիք նիստում։