Մատչելիության հղումներ

«Բանակը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար»


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հայկական բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով հղած ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել հունվարի 19-ի հրդեհին զոհ գնացած զինծառայողների ծնողներից և հարազատներից:

«Ներողություն եմ խնդրում նաև բոլոր այն ծնողներից, որոնց զավակները բանակում զոհ են գնացել ոչ-կանոնադրական հարաբերությունների, պետության կամ կառավարության թույլ տված բացթողումների ու սխալների հետևանքով ծագած անթույլատրելի հարաբերությունների ու իրավիճակների», - ասված է ուղերձում:

Փաշինյանը նաև ընդգծել է. - «Կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է ձեռնարկել բանակում, որոնց նպատակը յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի ավելի կարող ու պրոֆեսիոնալ, միևնույն ժամանակ, ավելի բարեկեցիկ դարձնելն է»։

Վարչապետը նշել է, որ միջոցներ են ձեռնարկում բանակը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով համալրելու ուղղությամբ՝ փորձելով քաջալերել նաև տեղական արտադրողներին:


Բանակում բարեփոխումների թեման Փաշինյանն այսօր շարունակել է Պաշտպանության նախարարությունում։

«Երբ որ երբ մարդը, քաղաքացին հարկ է վճարում, նա իր աջ գրպանից գումարը տեղափոխում է ձախ գրպան, կամ հակառակը, որովհետև վճարված հարկերի հաշվին է ապահովվում երկրի անվտանգությունը, կառուցվում ճանապարհներ, դպրոցներ և այլն», - հայտարարել է վարչապետը:

Պետության ղեկավարը շեշտել է՝ «բանակը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև Զինված ուժերի բարեփոխումներն առաջին հերթին մեզ համար կարևոր են կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն առաջ մղելու համար»: «Մենք չպետք է շեղվենք այդ օրակարգից և պետք է հետևողականորեն առաջ մղենք խաղաղության օրակարգը», - ասել է Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում:

Վաղ առավոտյան վարչապետը նախագահի, ԱԺ նախագահի ու կառավարության անդամների հետ այցելել էր Եռաբլուր, այդ ժամանակ զինվորական պանթեոնը մարդաշատ չէր։ Թե՛ զոհվածների հարազատները, թե՛ լրագրողները հնարավորություն չունեցան մոտենալ պաշտոնյաներին։

«Տղայիս օրն է, բայց նա չկա....»

Զոհված զինծառայող Գոռ Ասատրյանի մայրը՝ Իրինա Խաչատրյանը լուսաբացին Վարդենիսից էր եկել Երևան, որպեսզի հարց ուղղի վարչապետին, բայց չհասցրեց։

«Հուսով էի, որ կհանդիպեի պարոն Փաշինյանին՝ մենակ մեկ հարց տալու համար. որ սեպտեմբերի 13-ին մենք ունեցել ենք հարյուրավոր զոհեր, մի օր ինքը սգի օր չհայտարարեց: Մենակ դա է, որ զոհվածի մայր եմ, ոնց որ արհամարհեր բոլորին: Եկել էի էդ հարցը տալու իրեն՝ հենց անմիջապես իրեն էի ուզում տայի, բայց չկարողացա որ տեսնեի», - «Ազատությանը» ասաց կինը:

Իրինա Խաչատրյանի որդին՝ 23-ամյա Գոռը, զոհվել է նախորդ տարի, երբ ադրբեջանական կողմը հարձակվել էր Հայաստանի տարածքի վրա։ Որդին մորը կարճ հաղորդագրություն էր ուղարկել՝ «Ամեն ինչ լավ է, չմտածես», ժամեր անց արդեն ընտանիքը մահվան լուրն է լսել։ Բանակի օրն այդ օրվանից թաց աչքով է նշում պայմանագրային զինծառայող կորցրած ընտանիքը:

«Թող շնորհավոր լինի, բոլորի տոնն է այսօր: Իմ տղան էլ ծառայող է եղել, անցած տարի էս օրը մեծ շուքով տոնել էինք իր տոնը: Էս անգամ լացով, լացով ենք շնորհավորում իր Բանակի օրը», - ասաց Իրինա Խաչատրյանը:

Կնոջ եղբոր՝ 19-ամյա Արմանի շիրմաքարի մոտ էր Վազգեն Ներսիսյանը։ «Երեխաներս շատ են սիրում քեռուն, միշտ այցելում են, դեռ լույսը նոր է բացվել, մի քիչ արև դուրս գա՝ նրանք էլ են գալու քեռու տոնը՝ Բանակի օրը շնորհավորելու», - ասաց Վազգենը։ Ինքն էլ է ծառայել Զինված ուժերում, ասաց՝ բանակին մեկ բան է պետք. - «Բանակին պետք ա մենակ զենք, ուրիշ ոչ մի բան պետք չի, դուխը կա, ամեն ինչն էլ կա: Մեր բանակից ուժեղ բանակ չկա: Էս թեման քաղաքականացնելու չի, էս թեման սաղ աշխարհի հարցը պետք ա դառնա, որովհետև սաղ աշխարհն ա ձենը փակել»:

Կամավորական 54-ամյա Պետրոս Գաբոյանի շիրիմին կինը որդիների ու թոռների հետ էր այցելել։ Թոռը փոքրիկ թղթի վրա արև ու Եռագույնն էր նկարել՝ պապին նվեր բերել Բանակի օրվա առթիվ. - «Եռագույնն եմ նկարել, խաղաղ երկինք, արև: Այսօր հենց իրանց կազմավորած բանակի օրն ա»:

Եռաբլուրում ծփացող եռագույններից ու ծխացող խունկից զատ, զոհված զինծառայողների շիրմաքարերին ծաղիկներ էին, հաճախ հանդիպող ծննդյան օրվա փուչիկներ, քաղցրավենիք։ Ցրտից սառած ձեռքերով մի կերպ խունկը վառող հայրը, որ վշտից թուլացել էր, չկարողացավ խոսել, նկարահանվել չցանկացավ, երկու բառ ասաց՝ «Իմ տղայի օրն է, բայց նա չկա....»:

Եղանակի բացվելուն էր սպասում նաև 44-օրյայում զոհված Արման Ազատյանի հայրը, որ 7 ամսական մյուս Արմանին բերի մեծ որդու տոնը շնորհավորելու. - «Շաբաթը մեկ ինքը այցելում ա իրա ախպորը: Միշտ էլ գիտակցել ենք, որ բանակը պիտի լինի հզոր, պիտի լինի ամուր, քանի որ բանակն ա մեր երաշխիքը: Բայց ավաղ, 18 թվից էս կողմ տեսնում ենք, որ բանակը շատ հետաքրքիր ձևի քանդում են»:

Ճերմակ մեխակներով տարեց մի տղամարդ էլ լուսաբացին էր եկել Եռաբլուր։ Խնդրեցինք ներկայանալ, անուն-ազգանունի փոխարեն ասաց. - «Ամբողջ երեք պատերազմ անցած սպա եմ՝ փոխգնդապետ»։ Ծաղիկները բերել էր իր վաղեմի ընկերների համար, որոնց շիրմաքարերին արդեն վաղուց ամենօրյա թարմ ծաղիկներ չկան. - «Էն հիմնականում մոռացված, հին գերեզմանների վրա եմ տանում, որ երևի արդեն ծնողները, հարազատները կամ չեն կարողանում գալ, կամ այստեղ չեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG