Թեև վարչապետ Փաշինյանը երեկ հայտարարեց, թե Հայաստանի սահմանի երկայնքով շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը, պաշտպանության նախարարն այսօր վստահեցրեց՝ սահմանին կուտակումներ չկան։
Ինչ վերաբերում է Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակին, ապա Սուրեն Պապիկյանը չցանկացավ որևէ գնահատական տալ՝ ընդգծելով, որ ռուսական խաղաղապահ զորակազմը ամենօրյա հաղորդագրություններ է տարածում այդ մասին։ Երևանը, Ստեփանակերտն ու Բաքուն վերջին օրերին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում հրադադարը խախտելու մասին:
«Ինչ վերաբերում է Հայաստանի սահմաններին, այս պահին կուտակում արձանագրված չէ, բայց սա չի ենթադրում, որ մենք դրանով պիտի մեր աչալրջությունը դադարեցնենք կամ պակասեցնենք», - ասաց Պապիկյանը:
Պաշտպանության նախարարն այսօր խորհրդարան էր եկել՝ ներկայացնելու անցած տարի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքները։ Խոսելով զինտեխնիկայի համալրման մասին, Պապիկյանը հակիրճ նկարագրեց, թե Հայաստանին ինչ է հաջողվել ձեռք բերել 2022-ին։
«Հաշվետու ժամանակահատվածում Զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի ԱԹՍ-ներով, հակատանկային, ՀՕՊ միջոցներով ու դրանց արդիականացված համակարգերով, թրթուրավոր և անվավոր ինժեներական տեխնիկայով, ականազերծման լրակազմով, քողարկման ցանցերով, ՌՔԿՊ և կապի միջոցներով, ականանետերով, նռնականետերով, օպտիկական սարքերով, ջերմատեսիլ նշանոցներով, տարբեր տեսակի զինամթերքով», - ներկայացրեց Սուրեն Պապիկյանը:
Պաշտպանության նախարարը շատ փակագծեր չբացեց, թե կոնկրետ որ երկրներից է Հայաստանը ռազմական տեխնիկա ձեռք բերել, ամեն դեպքում վստահեցրեց այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք է կատարվում։
Անցած սեպտեմբերին խորհրդարանում վարչապետը խոստովանել էր, որ զենք գնելու հետ կապված խնդիրներ կան, բայց հարցը ամենևին ֆինանսական չէ, փող կա, վստահեցրել էր Նիկոլ Փաշինյանը։
«Մեր բանակը սպառազինված է այնքանով, ինչքանով մենք հնարավորություն ենք ունեցել ձեռք բերել միջոցներ: Ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք դրանով և չեմ կարող ասել, թե որտեղից ինչ ենք գնել, դա գաղտնի է», - ասաց Պապիկյանը:
Անդրադառնալով առաջնագծին՝ Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ այս ուղղությամբ նույնպես աշխատանքներ են կատարվել, հարյուրավոր կիլոմետրեր բարձր լեռնային ճանապարհներ և հարյուրավոր հենակետեր են կառուցվել, շարունակվել է տեսադիտարկման համակարգերի տեղադրումը և այլն։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, սակայն, հակադարձեց Սուրեն Պապիկյանին՝ պատերազմից ավելի քան 2 տարի է անցել, բայց առաջնագիծն այդպես էլ ամբողջությամբ չի կահավորվել։
«Փոփոխություններ ենք ունեցել առաջնագծում՝ ոչ ի օգուտ մեզ»
«Ավելին՝ Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական իրավիճակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մենք իսկապես շատ բարդ իրավիճակում ենք գտնվում, մինչև այսօր նույնիսկ պատշաճ կերպով չի բացատրվել, թե էդ ինչպես է ստացվել, որ 17-18 զինվորներ ապրել են այդքան փոքր, չգիտեմ էլ ինչ անվանեմ, խցում: Ուզում եմ հասկանամ՝ ինչքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կահավորանքը հավուր պատշաճի իրականացվի և զինվորներն ապահով կարողանան իրենց զինվորական ծառայությունն իրականացնել», - ասաց Գրիգորյանը:
Պաշտպանության նախարարն արձագանքեց՝ ամեն ինչ արվում է, որպեսզի առաջնագիծն օր առաջ լինի ավելի ամուր. - «Պիտի հիշենք, որ մենք էս ընթացքում ունեցել ենք էսկալացիաներ ու առաջնագծի որոշակի ուղղություններում, ցավոք, փոփոխություններ՝ ոչ ի օգուտ մեզ, բնականաբար, ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է առաջացել շեշտադրումը կատարել նոր առաջնագծի վրա, ինչը բացասաբար է անդրադարձել նաև ընդհանուր առաջնագծին: Առաջնագիծն իդեալական չի, այդ թվում նաև սեպտեմբերյան դեպքերից հետո նոր առաջնագիծը նույնպես ամբողջական կահավորման կարիք ունի, խոսքը վերաբերում է նաև թիկունքային որոշակի ենթակառուցվածքների: Բանակում կա հսկայական անելիք և այդ անելիքը, որ ես ստանձնել եմ մեկ տարի առաջ, ես հասցնելու եմ իր բարեհաջող ավարտին»:
Խոսելով անցած տարի զինված ուժերում կատարված բարեփոխումների մասին՝ Պապիկյանը շեշտեց, որ ռազմական հաստատություններն ավարտած սպաների համար սահմանվել է անհատույց բնակարան ստանալու իրավունք, ներդրվել է ատեստավորման համակարգը, ինչը սպաներին բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն կտա, ընդունվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, համաձայն որի, 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող և օգտվել լայն հնարավորություններից։ Ընդլայնվել է վարժական հավաքների շրջանակը՝ դրանց տևողությունը 25 օր սահմանելու միջոցով։
Ըստ նախարարի, այս փոփոխությունը թույլ կտա մի քանի անգամ ավելի շատ պահեստազորայինների ընդգրկել վարժանքներում։
Չնայած Ազատում 15 զինվորի կյանք խլած հրդեհից հետո մամուլում շրջանառվող լուրերին՝ Սուրեն Պապիկյանը վստահեցրեց՝ հրաժարական չի տալու և շարունակելու է իրականացնել իր սկսած բարեփոխումները։ Պապիկյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2021-ի նոյեմբերից։