Մատչելիության հղումներ

Դադարեցվում է «Ես եմ» ծրագիրը, ներդրվում է «Պաշտպան հայրենյաց»-ը․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը


Ազգային ժողովն այսօր 91 կողմ ձայնով, երկրորդ ընթերցմաբ և ամբողջությամբ, ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը։

Նախքան քվեարկությունը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց՝ ներդնում են շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համարագ, որը զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակ ունի։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող, ստանալ մինչև 380 հազար դրամ աշխատավարձ և օգտվել պայմանագրային զինծառայողի բոլոր արտոնություններից։

Պապիկյանը հավելաց՝ պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական խնդիրների պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելու դեպքում նրանց համար նախատեսվում է սահմանել 5 մլն դրամ պատվովճար, որն ազատորեն տնօրինվելու է։

«Գոյություն ունեցող համակարգն այսօր չի բավարարում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, և մենք սահմանում ենք ավելի բարձր նշաձող՝ պայմանագրայինը պետք է ունենա ավելի բարձր պատրաստվածություն և ավելի բարձր կարողություն, և պրոֆեսիոնալ բանակը ենթադրում է, որ մեր բանակի զինվորները պետք է ունենան ավելի բարձր ստանդարտներ և ավելի բարձր սոցիալական ապահովություն», - իր եզրափակիչ ելույթում ասաց Պապիկյանը։

Այս նոր ծրագիրը ներդնելով՝ կառավարությունը դադարեցնում է 2018 թվականից գործող «Ես եմ» ծրագիրը, որն ընդունվել էր նախկին իշխանությունների օրոք։

Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Արմեն Խաչատրյանը հավելեց՝ նախագծով առաջին համարձակ քայլն է կատարվում պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ուղղությամբ։

Պրոֆեսիոնալ բանակի անցման խնդիրը նոր գաղափար չէ, հայտարարեց պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը շեշտելով՝ կողմ են քվեարկելու նախագծին։ «Համաձայն չեմ, երբ որ Զինված ուժերի համալրման խնդիրներում այս կամ այն անուններ ենք դնում՝ «Ես եմ», «Դու ես», «Պաշտպան հայրենյաց», դա Զինված ուժերի համալրման ռազմավարության մեջ ժամկետային ծառայությունից պայմանագրային ծառայության անցնելու կետը պետք է լինի։ Այս կետին, այս օրենսդրական փոփոխությանը «Հայաստան» դաշինքը կողմ կքվեարկի», - ասաց Օհանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG