Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան. «Պայքարում ենք անկախ, ինքնիշխան, բարեկեցիկ և ապահով պետություն ունենալու համար»


«2023 թվականն ուզում եմ հայտարարել Չարենցի և Թումանյանի ռազմավարական գործերի ընթերցման տարի, որպես պետության կայացման առանցքային ուղերձ ու ռազմավարություն, որպես ինքներս մեզ հետ հաշտվելու դեղատոմս, որպես մեր երազանքները որպես ռազմավարություն ձևակերպելու և ռազմավարությունը որպես երազանք ընկալելու միջոց: Որպես գործիք՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ այս օրերում», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձում:

Իսկ տեղի է ունենում, ըստ վարչապետի, հետևյալը. - «Մենք պայքարում ենք անկախ, ինքնիշխան, բարեկեցիկ և ապահով պետություն ունենալու համար, կոնկրետ՝ պետություն: Մենք բիբլիական ելքի մեջ ենք և քայլում ենք անապատի միջով՝ Երկիր Նաիրիից մղվելով դեպի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր շատ կոնկրետ ձև ու չափ ունեցող Հայաստանի Հանրապետություն: Սա ծանր և վտանգավոր, բայց և անխուսափելի ճամփորդություն է՝ հանուն փրկության, հանուն հանրապետության, հանուն պետականության»:

«Ինքնիշխան, ուժեղ և ապահով պետություն ունենալու խիստ պրագմատիկ խնդրի լուծման բանաձևը մեկն է. մենք պիտի կարողանանք փոխել մեր հարաբերությունների որակը մեր տարածաշրջանում, նախևառաջ՝ մեր տարածաշրջանում, չափազանց բարդ քաղաքական, պատմական և սոցիալ-հոգեբանական անելիք, մի միջավայրում, որտեղ մեզ շատ հաճախ սպառնում են, շատ հաճախ խոցում և շատ հաճախ սպանում», - ասաց Փաշինյանը:

«Բայց այսօրվա խոսակցությունը մեր սեփական և ոչ թե ուրիշների անելիքի մասին է, իսկ անելիքի բանաձևը մեկն է՝ սիրել հայրենիքն ըստ Չարենցի և ըստ Թումանյանի: Սա նշանակում է Հայաստանի Հանրապետությունը սիրել որպես հայրենիք, և դա դնել բոլոր գործողությունների, բոլոր երազանքների, բոլոր ռազմավարությունների հիմքում», - հայտարարեց վարչապետը:

2022-ը՝ ծանր մարտահրավերների տարի

2022 թվականը ծանր մարտահրավերների տարի էր, ասաց պետության ղեկավարը: «Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը ծանր վիճակի մեջ է դրել Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, մեզ բոլորիս: Այս իրավիճակի քաղաքական գնահատականի և հնարավոր լուծումների մասին արդեն բազմիցս խոսել եմ: Այս պահին ուզում եմ ամուր գրկել շրջափակման մեջ հայտնված մեր քույրերին ու եղբայրներին և նրանց ասել, որ տարածաշրջանում հարաբերությունների որակ փոխելու ասելիքի կարևոր հասցեատերն են իրենք, և սա խորհելու մի բացառիկ ժամ է բոլորիս համար», - հայտարարեց Փաշինյանը:

«Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ 2021 թվականի մայիսից 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ընկած ագրեսիան կրկնակի ցավոտ էր, որովհետև անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ՝ նախընտրելով մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ որպես այլընտրանք առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Բայց մենք աշխարհում մենակ չմնացինք, և ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, ովքեր անտարբեր չգտնվեցին այս իրավիճակի նկատմամբ և մեր երկրի առաջ չունենալով ոչ մի պարտավորություն, գնացին աննախադեպ որոշումների՝ աջակցելու համար մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատմանը»:

«Եվ ամենակարևորը՝ ես այսօր ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների, նրանց ծնողների և ընտանիքների անդամների առաջ, նրանց երեխաների առաջ, և իմ ուղերձն առաջին հերթին նվիրված է նրանց, որ Հայաստանի Հանրապետության ապագայի ամենաուժեղ սիմվոլն են, որովհետև նրանք զոհվել են, որ Հայաստանն ապրի, նրանք ընկել են, որ Հայաստանը հառնի», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

«Այս է պատճառը, հենց այս է պատճառը, որ համաշխարհային և տարածաշրջանային փոթորիկներին, անվտանգային նորանոր մարտահրավերներին մեր պատասխանն ասիմետրիկ է: Որքան ահագնանում են մարտահրավերները, մենք այնքան կենտրոնանում ենք ինստիտուցիոնալ, սոցիալ-տնտեսական, քաղաքական, ժողովրդավարական բարեփոխումների, զարգացման օրակարգի վրա, որովհետև այդ ճանապարհն է միայն, որ մեծացնելու է մեր այսօրվա դիմակայունությունը և ապահովելու վաղվա բարգավաճումը», - ասաց վարչապետը:

2022-ը՝ բացառիկ ձեռքբերումների տարի

Այդ իմաստով 2022 թվականը, ըստ նրա, բացառիկ ձեռքբերումների տարի էր.

«Հայաստանը հայտնվեց տնտեսական ազատության համաշխարհային վարկանիշի 11-րդ հորիզոնականում՝ ներդրումային և տնտեսական ազատության առաջատար երկրի միջազգային ճանաչում ստանալով: Սա տեղի ունեցավ այն բանի արդյունքում, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ կառավարությունը հավատարիմ է մնացել համակարգային բարեփոխումներ իրականացնելու գործելակերպին:

Որպես արդյունք մենք տարին փակում ենք տնտեսական երկնիշ աճով, որը գլոբալ ճգնաժամային տարում բացառիկ է համաշխարհային մակարդակով և ինչպես 2019 թվականին՝ կբարձրացնի Հայաստանի Հանրապետության միջազգային տեսանելիությունը:

Հայաստանում գրանցված աշխատատեղերը հատեցին 700 հազար թիվը. կրկին մի աննախադեպ արդյունք Երրորդ հանրապետության պատմության մեջ: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 2018 թվականի Ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակից ի վեր Հայաստանում ստեղծվել է շուրջ 153 հազար նոր աշխատատեղ: Կարևոր է արձանագրել, որ նախորդ տարվա նոյեմբերի համեմատությամբ, այս տարվա նոյեմբերին մեկ աշխատողի միջին աշխատավարձն աճել է շուրջ 45 հազար դրամով կամ 20 տոկոսով, ինչը նշանակում է, որ մտավախությունները, թե գլոբալ գնաճի պայմաններում Հայաստանը կկանգնի սոցիալական ճգնաժամի առաջ, չեն իրականացել:

Ընդհակառակը՝ Հայաստանի Հանրապետությունում շինարարական բում է, բնակարանաշինարարության բում: Տասնյակ հազարավոր ընտանիքներ նորակառույց շենքերում բնակարան են ձեռք բերում այդ թվում՝ կառավարության աջակցությամբ: 2022 թվականին մենք բնակարան ձեռք բերող ընտանիքներին 36.5 միլիարդ դրամ ենք վերադարձրել եկամտային հարկի գծով, նախորդ տարվա 22.7 միլիարդ դրամին ի հավելում:

Բացի սրանից՝ հազարավոր երիտասարդ ընտանիքներ հիպոթեկային վարկի աջակցության ծրագրերից են օգտվել երեխայի ծննդյան դեպքում. 2022 թվականին այս ծրագրով աջակցության ծավալը հասել է 2.1 միլիարդ դրամի: Ավելի քան 10 հազար երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխա ամսական 50 հազար դրամի աջակցություն է ստանում պետությունից, ավելի քան 10 հազար երեխա:

Պիտի ընդգծեմ 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու մեր ծրագիրը, որը մեկնարկել է և թափ է ստանում: 2022 թվականի ընթացքում մենք արդեն շահագործման հանձնեցինք հիմնանորոգված, վերակառուցված կամ նորակառույց 24 դպրոց և 46 մանկապարտեզ: Հարյուրավոր նոր դպրոցների և մանկապարտեզների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագրերն ընթացքի մեջ են: Սա անբաժանելի մասն է երկրում տեղի ունեցող ինստիտուցիոնալ բարեփոխումների, որոնք ունեն ոչ միայն կրթական, կառավարչական, անվտանգային, այլև խորը պատմական և սոցիալ-հոգեբանական ենթատեքստ»:

Խորը և համապարփակ բարեփոխումներ՝ բանակում

Վարչապետը կարևորեց այն լայնածավալ բարեփոխումները, որ իրականացվում է ոստիկանության համակարգում, որի ամենատեսանելի արդյունքը նոր չափանիշներով Պարեկային ոստիկանության ներդրումն է Հայաստանում:

«Առանցքային նշանակություն ունեն այն խորը և համապարփակ բարեփոխումները, որոնք մեկնարկել են բանակում: Գրագետ, հայրենասեր, ժամանակակից պահանջներին ու պայմաններին համապատասխանող պրոֆեսիոնալ զինվորի և սպայի վրա հիմնված բանակի ձևավորումն է մեկնարկել, որը պիտի զուգորդվի զինվորական աշխատավարձերի առնվազն կրկնապատկումով, զինվորականների և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների համակարգով, նոր սպառազինությամբ ու տեխնիկայով:

Բայց նման բանակը մեզ պատերազմի համար չէ հարկավոր, այլ խաղաղության, մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Մենք աչք չենք դնում ուրիշի հողի վրա և ակնկալում ենք, որ ուրիշն էլ մեր հողի վրա աչք չդնի և այս բանաձևով պատրաստ ենք գնալ խաղաղության», - ընդգծեց Փաշինյանը:

Մասշտաբային միջոցառումներ Հայաստանում

Նա կարևորեց նաև այն մասշտաբային միջոցառումները, որ 2022 թվականին անցկացվել են Հայաստանում. բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն, Մանկական Եվրատեսիլ, Ստարմուս միջազգային փառատոն, Կենսաբանության դպրոցականների համաշխարհային օլիմպիադա. - «Սրանք միջոցառումներ են, որոնց անցկացումով մենք նորովի ենք երևում աշխարհին, և աշխարհը նորովի է ճանաչում Հայաստանը»:

«Այս ամենն իրագործում ենք առաջին հերթին պետական բյուջեի հարկային եկամուտների աննախադեպ աճի շնորհիվ: 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 925 միլիարդ դրամ, որը 2018 թվականի նույն ցուցանիշից ավելի է 670 միլիարդ դրամով, կամ 53 տոկոսով, կամ մեկուկես միլիարդ դոլարով: Բայց այս ցուցանիշն առաջին հերթին աշխատող, բարիք ստեղծող մարդկանց շնորհիվ է, Հայաստանի Հանրապետության հարկ վճարող տնտեսվարողների, և ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, որ պետական բյուջե վճարվող հարկերը ֆինանսական կորուստ չեն համարում, այլ ներդրում իրենց պետության, իրենց և իրենց երեխաների ապագայի մեջ:

Այդ գումարներով է, որ 2022 թվականին նորոգել ենք ավելի քան 500 կիլոմետր ճանապարհ, մեկնարկել ենք ուսուցիչների աշխատավարձերի կրկնապատկման գործընթացը, Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ արբանյակ ենք արձակել տիեզերք, նոր ավտոբուսներ և տրոլեյբուսներ ենք ձեռք բերում մայրաքաղաքի համար, բարձրացրել ենք նվազագույն աշխատավարձը, մեր խոստման համաձայն՝ ավիաընկերություն ենք հիմնել, բարձրացրել ենք գիտնականների աշխատավարձերը, գիտության ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ ավելացրել ենք 150 տոկոսով, 2022 թվականի սեպտեմբերից բարձրացրել ենք և 2023 թվականի հուլիսից նորից կբարձրացնենք կենսաթոշակները: Ընդ որում, անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգով այսօրվա դրությամբ կենսաթոշակառուներին և նպաստառուներին ենք վերադարձրել շուրջ 527 միլիոն դրամ, և ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն բանկերին, որոնք կառավարության հետ համահավասար մասնակցում են ծրագրին:

Բյուջետային այդ հավելյալ միջոցների հաշվին է, որ 2022 թվականին պետական պատվերով առողջապահական ծառայության 786 հազար դեպք ենք սպասարկել, որը 2017 թվականի համեմատ կրկնապատիկից ավելին է, 437 հազար դեպքով կամ 125 տոկոսով ավելի», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:

«Փոթորկված օվկիանոսում հայտնված մեր նավը՝ Հայաստանի Հանրապետությունը, հասցնելու ենք խաղաղ նավահանգիստ», - խոստացավ Նիկոլ Փաշինյանը:

XS
SM
MD
LG