Մատչելիության հղումներ

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ համաներում կհայտարարվի ժամկետային զինծառայությունից և զորակոչից խուսափած անձանց նկատմամբ


Armenia-Government session, 11Mar,2021
Armenia-Government session, 11Mar,2021

Զինվորական ծառայությունից խուսափած 27 տարեկանը լրացած անձինք հնարավոր է համաներվեն։ Կառավարությունն այսօր հավանություն տվեց Արդարադատության նախարարության համապատասխան նախագծին։

Նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով, համաներումից կարող են օգտվել զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու մեջ կասկածվող և հետախուզվող 5131 և դատապարտված 124 անձ։

«Այս նախագիծը նպատակ ունի հնարավորություն ընձեռել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց մասնակցել Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնել», - ասաց նախարարը։

Համաներումը կտարածվի մինչև 44-օրյա պատերազմի սկիզբը՝ 2020-ի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայակազմերի պարտադիր զինվորական ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքներից խուսափած և Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց վրա։

«Նաև համաներման շահառու են դառնալու նշված հոդվածի հիման վրա հետախուզման մեջ գտնվող անձինք: Նախագծում ներկայացվել է դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը գտնվում է դատարանի վարույթում, ապա դատարան», - պարզաբանեց Բադասյանը։

Համաներումը չի կիրառվելու այն անձանց նկատմամբ, ովքեր սույն օրենքը ուժի մեջ մտնելու դրությամբ, բացի Քրեական օրենսգրի՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու մասին 327-րդ հոդվածի 1-ին մասից, մեղադրվում, մեղադրվել կամ դատապարտվել են Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով։

Արտերկիր տեղափոխված արդեն 27 տարին լրացած տղաներից ոմանք ասում են, որ պատրաստ են վերադառնալ ու հիմնովին հաստատվել Հայաստանում։ Ոմանք էլ նկատում են՝ կվերադառնան, եթե աշխատանք գտնեն։

Զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներման կիրառումը քաղաքական որոշում է, այլ ոչ իրավական, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ - «Հիմա խոսքը մեծամասամբ այն քաղաքացիների մասին է, ովքեր հանրապետությունում չեն և չեն կարողանում վերադառնալ քրեական հետապնդման և քրեական գործի պատճառով: Եվ մենք, հաշվի առնելով նաև մեր ընթացիկ իրավիճակը, հաշվի առնելով նաև այն, որ մեր բանակում բարեփոխումների խորը և բովանդակային բարեփոխումների գործընթացն արդեն սկսվել է, ճիշտ ենք համարում այսպիսի քաղաքական որոշման կայացումը: Մենք կայացնում ենք այսպիսի քաղաքական որոշում, և դրա պատասխանատվությունը վերցնում ենք մեզ վրա»:

Ի դեպ, դեռ անցած տարի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էր Կառավարություն նմանատիպ առաջարկով, բայց մերժվել էր։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը սա համարում է նախընտրական շրջանում արված քայլ․ - «Թե ինչու նախկինում չեն թողել, որ մենք անենք և մեր առաջարկով լինի, որ զուտ դրա կրեդինը կամ էդ փիարը իրանք ստանան։ Ինձ ընդհանրապես հետաքրքիր չի։ Ինձ հետաքրքիր ա խնդրի լուծումը։ Եվ իրենք խնդիրը լուծում են էն ճանապարհով, որով հենց մենք ասել ենք։ Նույնությամբ, ոչ մի տարբերություն չկա։ Բայց եզրակացությունները նայեք․ էն ժամանակ ինչ են ասել, հիմա ինչ ենք ասել։ Ընդ որում, պատերազմից առաջ ենք դա առաջարկել։ Պատկերացրեք, պատերազմի ժամանակ ևս հինգ հազար մարդ երկրում լիներ ավել»։

Ավելի վաղ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախագիծ էին ներկայացրել, որով խստացվում էր պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների համար նախատեսվող պատժաչափը՝ առավելագույնը 6 տարի (գործող 3 տարվա փոխարեն)։ Նախագիծն առաջարկում էր նաև վճարել մոտ 5,5 միլիոն դրամի կամ շուրջ 10 հազար դոլար քրեական պատասխանատվությունից ազատվելու համար։ Տարեսկզբին, սակայն, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում հարցը հետաձգվեց: Մշակվեց առանց նախապայմանի տարբերակը։

Մինչև 2019 թվականի վերջը պարտադիր զինվորական ծառայություն չանցած որոշակի խմբի հնարավորություն էր տրված օրենքով սահմանված չափով պետական բյուջե գումար վճարելով չենթարկվել քրեական պատասխանատվության և կանգնել զինվորական հաշվառման։ 2020 թվականից հունվարի 1-ից այս կարգը չի գործում։

XS
SM
MD
LG