Մատչելիության հղումներ

Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բուհում դասադուլ է


Լեզվի կոմիտեի նախագահ, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Երեկ Արդարադատության նախարարությունը ձևավորեց բուհի ժամանակավոր խորհրդի կազմը 3 անդամից՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան (խորհրդի նախագահ), արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյան: Վերջիններս էլ նշանակել են Դավիթ Գյուրջինյանին։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը պարզաբանել է՝ Գյուրջինյանը ԺՊ է նշանակվել մինչև հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու հիմնադրի կողմից ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը։

Բուհի ռեկտորի պաշտոնը թափուր է հունվարից։ Բրյուսովում կառավարման ճգնաժամը հասունացավ ռեկտորի 2022-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո։ Ընտրություններին առաջադրվել էին գործող ռեկտոր Կարինե Հարությունյանն ու Դավիթ Գյուրջինյանը, վերջինս 4 ձայնով զիջեց Հարությունյանին։ Նա մինչ օրս չէր կարողանում ստանձնել բուհի ղեկավարի լիազորությունները, քանի որ հոգաբարձուների խորհրդի նախագահը չէր ստորագրել ընտրության նիստի արձանագրությունը։

Ընտրություններից շաբաթներ անց Գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ քրեական վարույթներ են հարուցվե ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ։ Արդյունքում կասեցվեց ռեկտորի նշանակման գործընթացը։

Ընտրության նիստի արձանագրությունը պետք է ստորագրեր խորհրդի նախագահը, իսկ խորհրդի նախագահը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էր, որ ընտրությունից երեք օր անց կրթության նախարար Վահրամ Դումանյանի հետ ազատվեցին պաշտոններից։

Այս պահին բուհում դասադուլ է, նրանք դեմ են Գյուրջինյանի նշանակմանը, կարծում են, որ այս ամբողջ գործընթացը եղել է անօրինական, որպեսզի չընտրվի Կարինե Հարությունյանը, որը դեմ է որպեսզի Բրյուսովն ու Մանկավարժական համալսարանները միավորվեն, իսկ Դավիթ Գյուրջինյանը կողմ է կառավարության այդ միավորման նախգծին։

ԿԳՄՍՆ-ն հակադարձում է՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը որևէ առնչություն չունի բուհերի խոշորացման գործընթացի հետ՝ շեշտելով՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի միավորման հարց այս պահին չի քննարկվում:

Ըստ նախարարության՝ իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը, թե առկա է բուհի լուծարման վտանգ. «այդ իրավասությունն արգելված է օրենքով»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG