Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ղեկավարությունն այսօր հանդիպման էր հրավիրել ԿԳՄՍ նախարարին ու հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, որ ողջ կազմով ասեն՝ դեմ են, որ իրենց բուհը Մանկավարժականին ու Ֆիզկուլտինստիտուտին միավորեն։
Բայց հանդիպմանը եկել էին բարձրագույն կրթության ոլորտը համակարգող կրթության փոխնախարար Կարեն Թռչունյանը և փոխվարչապետի խորհրդական Գևորգ Բարսեղյանը: Մի քանի ժամ ընթացած հարց ու պատասխանին զուգահեռ, ուսանողները բակում էին վանկարում՝ դեմ են միավորմանը, պայքարելու են մինչև վերջ, Բրյուսովը կմնա Բրյուսով և այլն:
Երեկ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ զրույցում զարմացել էր՝ ինչպե՞ս է ռեկտորը հայտարարել, թե տեղյակ չէ ծրագրից, եթե հոկտեմբերին անձամբ է ընդունել երեք բուհերի ռեկտորներին և ասել, որ կա այդպիսի մտադրություն։ «Բայց, որ նախագիծ կա՝ չգիտեինք»,- այսօր արձագանքեց ռեկտորը Կարինե Հարությունյանը, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է։
«Մենք համոզված ենք եղել, որ կլինի մեկ միասնական նախագիծ, ծրագիր, որում մենք հստակ կտեսնենք, թե որ բուհերը որի հետ են միավորվում և դրանից հետո կլինի շահագրգիռ հանրային քննարկում», - ասաց Հարությունյանը:
Երեկ և այսօր ռեկտորը հանդիպել է նախարարին, ստացել վիճահարույց այդ նախագիծը, որին դեռ չի հասցրել ծանոթանալ։ Բուհ եկած պաշտոնյաներին առաջինը դիմեց համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Նատալյա Խաչատրյանը, հետո ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, որը համալսարանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի վարիչն է։
«Ի՞նչ սկզբունքով եք իմ տունը որոշել, ոչնչացնել, ողջամիտ շարունակությունը այս ամենին կարող է լինել ընդամենը մեկը՝ կառավարությունը դադարեցնի այդ գործընթացը, այդ ժամանակ մենք պատրաստ ենք մեր համալսարանի զարգացման հետ կապված ցանկացած հարց, ցանկացած մակարդակով քննարկել ցանկացած մասնագետի և կառավարության ներկայացուցչի հետ», - նշեց խաչատրյանը:
4000-ից ավելի ուսանող ունեցող բուհը Մանկավարժականի ու Ֆիզկուլտինստիտուտի հետ միավորելուն դեմ արտահայտված դասախոսներին, ուսանողներին ու ծնողներից մեկին՝ բարձրագույն կրթության ոլորտը համակարգող կրթության փոխնախարար Կարեն Թռչունյանը խորհուրդ տվեց միջազգային տարբեր հարթակներում, միջազգային սանդղակավորման չափանիշներում և գիտական տարբեր հարթակներում փնտրել, տեսնել միավորվող որ բուհերը ռեյտինգով որ տեղում են։
Կրքերն այստեղ թեժացան, դահլիճից պարբերաբար սկսեցին ընդհատել ամբիոնից ելույթ ունեցող պաշտոնյաներին, հետո հարցրին՝ դուք ասեք ո՞ր տեղում է, փոխնախարարը պատասխանեց. «QS և Times Higher Education-ի վարկանիշավորմամբ ոչ դուք կաք, ոչ էլ Մանկավարժականը: Scopus-ի վարկանիշագիտատեղեկատվական շտեմարանում հրապարակումների պատմության մեջ Բրյուսովը տպագրվել է 18 հոդված, Մանկավարժականում՝ 198, ըստ շտեմարանի, որը կա»:
Համալսարանների վարկանիշավորման վեբոմետրիքսում ցանկում, որտեղ աշխարհի 30.000 բուհեր են, ըստ ռեյտինգերի, Բրյուսովը 12873-րդ տեղում, Մանկավարժականը՝ 8845-ում։ Փոխնախաարի հնչեցրած այս թվերն արդար չհամարեց ռեկտորը, նշելով՝ չափման տարբեր միավորներով են բուհերն այդտեղ ռեյտինգավորվում, իրենք, օրինակ, բնագիտական հոսք չունեն, իսկ Մանկավարժականն ունի, որով էլ գուցե առաջատար է։
«Շանհայի վարկանիշավորման համակարգն ունի այդպիսի գրառում, որ այնտեղ չեն վարկանիշավորում հումանիտար ուղղվածություն ունեցող բուհերը», - նշեց նա:
Փոխվարչապետի խորհրդականն ասաց՝ դահլիճից անընդհատ հեգնանքներ են հնչում, ծափահարություններ, կարծես միտինգ է ներսում: Բարսեղյանը նշեց՝ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է կրթության զարգացման ռազմավարության ծրագիրը, որն արդեն 6 ամիս քննարկման է դրված։ Իսկ օպտիմալացման ծրագիրը դեռ սաղմնային փուլում է, այն կարծիքի է ուղարկվել կառավարության ներսում ու քննարկման դրվել տարբեր նախարարություններում, հետո կլինեն շտկումներ, դրանից հետո ծրագիրը կքննարկվի բուհերի հետ, այն այսօր նաև ներկայացվել է բուհին, սա էլ այդ հանդիպումներից առաջինն է։
Բրյուսովցիները պնդեցին՝ իրենց ցուցանիշը վերջին 5 տարում ուսանողների թվի 65 տոկոս աճն է, իրենք առաջատար են ու բացառիկ և պայքարելու են, որ Բրյուսովը մնա Բրյուսով։