Քրեական վարույթներ են հարուցվել Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Թե ինչ կեղծիքների մասին է խոսքը, դատախազությունը չի մանրամասնում, միայն նշում է, որ կատարվում է նախաքննություն:
Ռեկտորի ընտրությունները դեկտեմբերի 9-ին էին։ Առաջադրվել էին գործող ռեկտոր Կարինե Հարությունյանն ու ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Լեզվի կոմիտեի ղեկավար Դավիթ Գյուրջինյանը, վերջինս 4 ձայնով զիջեց Հարությունյանին։
Ընտրություններից օրեր անց պաշտոնից ազատվեց Կրթության և գիտության նախարար Վահրամ Դումանյանը։ Բրյուսովում նախարարի հրաժարականը կապեցին ընտրական այս գործընթացների հետ։
Համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը հայտարարեց՝ ԿԳՄՍ նախարարը պաշտոնից ազատվել է Բրյուսովի ռեկտորի վերընտրվելու պատճառով։ «Ազատության» հետ զրույցում դեկանը պնդեց՝ Դումանյանին պատժեցին, որովհետև վերընտրվեց իշխանության անցանկալի թեկնածուն՝ Կարինե Հարությունյանը։ «Նախարարությունն իր անձնական խնդիրն էր դարձրել էս ընտրության հարցը, ու ենթադրություններս շատ հիմնավոր են իրականում։ Այո՛, կարծում ենք, որ պատճառը հենց ընտրությունն է», - ասել էր Ցոլակ Ակոպյանը։