Մատչելիության հղումներ

Դասադուլ, ստորագրահավաք. Բրյուսովի ուսանողներն ու դասախոսները դեմ են բուհի միավորմանը


Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողներն ու դասախոսները դեմ են, որ իրենց բուհը միավորվի Մանկավարժականին ու Ֆիզկուլտինստիտուտին։ Երեկվանից դասադուլ ու ստորագրահավաք են սկսել։

Բուհը 4000-ից ավելի ուսանող ունի, ավելի քան 2000-ն արդեն դեմ է արտահայտվել կառավարության որոշմանը։

Բրյուսովի ռեկտոր Կարինե Հարությունյանը երեկ դասադուլի դուրս եկած ուսանողներին առաջարկեց լսարաններ վերադառնալ՝ հայտարարելով՝ դեմ են, որ 90 տարվա պատմություն ունեցող իրենց բուհը միավորվի մյուսներին։ Բուհի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանն «Ազատությանը» պատմեց՝ մի քանի օր առաջ հոգաբարձուների խորհրդի նիստում խորհրդի նախագահ, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանից են տեղեկացել օպտիմալացման մասին։ Ակոպյանն ասում է, ինքը դեմ չէ բուհերի օպտիմալացմանը, բայց իրենց համալսարանում միայն 15 տոկոսն է մանկավարժի որակավորում ստանում, մնացածն այլ մասնագիտություններ են։ Առաջարկում է համեմատել Մանկավարժականի ու իրենց ուսանողների որակը:

«Մենք ասում ենք՝ եկեք հիմնավորենք, հասկանանք ով է ավելի որակով, եթե Մանկավարժական համալսարանն է ավելի որակով կադր պատրաստում անգլերենի, դե մենք հիմնականում օտար լեզվի ուսուցիչ ենք, միայն այդ ուղղությամբ ենք, եթե մենք ավելի լավ ենք պատրաստում, իրենց բերեք միավորեք մեզ, եթե իրենք են ավելի լավ, մեր՝ էդ բաժինը տարեք միավորեք էդ ֆակուլտետին: Ասում է, որ հիմա կմիավորենք համալսարանները, ադմինիստրացիաները կմիավորենք, ամեն ինչ իր տեղում կմնա, հետո կգնանք, կտեսնենք՝ որտեղ ինչ կա: Այսինքն՝ մենք մի հատ համալսարանը միավորեն, դրանից հետո տեսնենք քաղաքագիտություն որտեղ կա, տանենք այնտեղ, հա՞», - ասաց դեկանը:

Մինչ Բրյուսովում շարունակում են դժգոհել, ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանը վստահեցնում է՝ բուհերի օպտիմալացմամբ կբարձրանա կրթության որակը, շենքները կմնան բուհերի ենթակայությամբ, դասերը կշարունակվեն նույն շենքերում, առայժմ միայն ադմինիստրատիվ հատվածն է փոխվելու, միավորված երեք բուհերը մեկ ռեկտոր պետք է լինի։

Բրյուսովի դեկաններից Ցոլակ Ակոպյանը հակադարձում է՝ փաստորեն մեկ ռեկտորին պաշտոնից ազատելու խնդիր է լուծվո՞ւմ։ Իսկ իրենց բուհի ռեկտորի պաշտոնավարման ժամկետն արդեն ավարտվում։ Նախարարը մինչդեռ զարմացած է՝ ինքն օգոստոսին է հանդիպել երեք բուհերի ռեկտորներին, ինչպե՞ս են Բրյուսովում ասում, որ փոխվարչապետից են տեղեկացել։ Ասաց՝ ռեկտորներն առաջարկել են այլ կոնցեպտ ներկայացնել, չկա, չեն ստացել. «Մեզ համար անակնկալ է եղել, որ այս զրույցից ու այս նախնական տրամադրությունից հետո իրենք գնում են այս քայլին՝ առանց քննարկելու, առանց տեղյակ պահելու, չնայած կարող էին և չպահել պարտավոր չէին»:

«Երեք բուհերը կմիավորվեն ու կշարժվեն առաջ»,- հայտարարեց նախարարը։ Ուսանողներն ու դասախոսները դուրս կգան բուհերից միայն այն ժամանակ, երբ Աշտարակում պատրաստ լինի ակադեմիական ավանը, բայց դա, նախարարի խոսքով, ապագայի հարց է:

«Որևիցե բան չի փակվում, որևիցե հաստիք չի կրճատվում, խոսքը գնում է մեկ կամ երկու պաշտոնի մասին ընդամենը և սա կարծում եմ՝ կրթության հետ կապ չունեցող հարց է», - ընդգծեց Դումանյանը:

Բրյուսովցիներն ասում են՝ իրենց բուհն առաջատարներից մեկն է, եթե մյուս բուհերի շատ ֆակուլտետներում այս տարի թափուր տեղեր մնացին, ապա իրենց մոտ այդպիսիք հատուկենտ են։ Դեկան Ակոպյանի խոսքով՝ վերջին 5 տարում ուսանողների թիվը 65 տոկոսով ավելացել է ու չէին սպասում, որ բուհերի միավորումն առաջինն իրենցից կսկսի։

Ֆիզկուլտինստիտուտի ուսանողներ էլ են կարծում, որ նեղ ուղղվածությամբ մասնագետներ պատրաստելու հարցում իրենց հաստատությունը լավագույնն է ու միակը երկրում:

Բրյուսովի ղեկավարությունը վաղը համալսարան է հրավիրել կրթության նախարարին, կգնա Վահրամ Դումանյանն այդ հանդիպմանը, թե՝ ոչ, հայտնի չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG