Մատչելիության հղումներ

«Գուցե հաշվեհարդար է, քաղաքական որոշում կա, որ ես չպաշտոնավարեմ». Բրյուսովի ընտրված ռեկտոր 


Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի վերընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանը դատարան է դիմել, պահանջում է կառավարությանը պարտավորեցնել՝ հաստատի ռեկտորի ընտրության արդյունքները։

«Գուցե, այո, հաշվեհարդար է, գուցե քաղաքական որոշում կար, որ ես պետք է այլևս չպաշտոնավարեմ, պարզապես զարմանալի է, թե այդ դեպքում ինչու մրցույթը հայտարարվեց, կարող էր մինչև այդ չհայտարարվել», - ասաց Հարությունյանը:

Դեկտեմբերի 9-ին է Հարությունյանը վերընտրվել, բայց մինչ օրս չի կարողանում ստանձնել բուհի ղեկավարի լիազորությունները, քանի որ հոգաբարձուների խորհրդի նախագահը չի ստորագրել ընտրության նիստի արձանագրությունը։ Նախագահը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էր, որ ընտրությունից երեք օր անց կրթության նախարար Վահրամ Դումանյանի հետ ազատվեցին պաշտոններից։

«Ես գտնում եմ, որ ամեն ինչ անցել է խիստ կանոնակարգին համապատասխան, որևիցե խախտում տեղի չի ունեցել», - ընդգծեց Կարինե Հարությունյանը:

Ռեկտորի պաշտոնի համար պայքարող մյուս թեկնածուն է պնդում, որ ընտրությունը խախտումով է ընթացել ու դիմել է դատարան։ Կրթության նախարարության ենթակայությամբ գործող Լեզվի կոմիտեի ղեկավար Դավիթ Գյուրջինյանն է, որ չորս ձայնով զիջել է Հարությունյանին։ Թե ինչ խախտում է նկատել պարտված թեկնածուն, մի քանի անգամ ենք հարցրել, սակայն Գյուրջինյանը հրաժարվել է մանրամասնել։

«Գյուրջինյանին մենք դիտարկում ենք որպես Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թեկնածու», - ասաց Հարությունյանի փաստաբանը:

Վերընտրված ռեկտորի փաստաբանը, որը պատահական չի համարում ընտրության արդյունքներից հետո նախարարի ու փոխվարչապետի հրաժարականներն ու դրան հաջորդած իրավական գործընթացն ընդդեմ Հարությունյանի պաշտոնավարման, այսօր փակագծեր բացեց. - «Կրթության նախարարի տեղակալ Թռչունյանը անմիջապես ներկայացնում թէ հանցագործության մասին հաղորդում, որի մեջ բովանդակությունը եղել է նույն Գյուրջինյանի հայցադիմումի եղած տվյալները: Փոխնախարարը և Գյուրջինյանը փոխհամաձայնեցված քայլեր են անում, որպեսզի ընտրված ռեկտորն իր պաշտոնը չստանձնի»:

Փաստաբանի խոսքով՝ Գյուրջինյանը հայտնել է, թե ընտրության օրը մինչև քվեարկությունը, միջանցքում տարօրինակ իրարանցում է եղել. ռեկտորի խորհրդականներից մեկը խորհրդի ուսանող անդամին ինչ-որ բաներ է հորդորել. - «Այդքան պետք է միամիտ լիներ, որ միջանցքում Գյուրջինյանի դիմաց սկսեր ուսանողներին բան ասե՞լ»:

Բացի այդ նշել, թե ընտրությունից երկու ամիս առաջ տեղի ունեցած նիստում խորհրդի ուսանող անդամներից մեկի փոխարեն այլ անձ է ներկայացել։ Նա դիմակով է եղել։ Այս մասին կրթության նախարար Ժաննա Անդրեասյանն էլ էր օրեր առաջ «Ազատությանը» պատմել։ Դավիթ Գյուրջինյանը խորհրդի անդամ է և կարող էր իր նկատած կեղծիքի մասին նույն օրը հայտնել:

«Եթե նման խնդիր տեսնում էիք, ինչո՞ւ չեք բարձրաձայնել, այդ ո՞նց ստացվեց, որ այդ խնդրի մասին մեկ էլ հանկարծակի իմացաք դեկտեմբերի 9-ի ընտրություններից անմիջապես հետո: Ձեր չընտրվելուց հետո մեկ էլ իմացաք, որ այն դիմակով ուսանողուհին ինքը չէր», - նշեց փաստաբանը:

Դավիթ Գյուրջինյանը «Ազատության» հետ զրույցում այսօր ևս հրաժարվեց արձագանքել Կարինե Հարությունյանի ու նրա փաստաբանի հայտարարություններին:

Իրավական գործընթացների պատճառով ոչ միայն ռեկտորի ընտրությունը չի հաստատվել, այլ նաև լուծարվել է բուհի խորհուրդը։ Համալսարանում հիմա կառավարման ճգնաժամ է, քանի որ առանց խորհրդի չի հաստատվում այս տարվա բյուջեն։ Նախարարն էլ չգիտի՝ երբ կձևավորվի հոգաբարձուների նոր խորհուրդը, որի տաս անդամը բուհի դասախոսական ու ուսանողական կազմից են, տասը՝ կառավարությունից։

«Բուհի կողմից մեզ է ներկայացվել մի ցանկ՝ դասախոսական կազմի, որը գրեթե նույնն է, ինչ որ նախորդ խորհրդի կազմն էր, և նաև մենք ստացել ենք բողոքներ, թե ինչպես են այդ մարդիկ ընտրվել որպես դասախոսական կազմի ներկայացուցիչներ: Հիմա պարզաբանումների համար դիմել ենք բուհ», - ներկայացրեց Ժաննա Անդրեասյանը:

Կառավարություն- Բրյուսով հակամարտությունը սրվեց աշնանից, երբ հայտնի դարձավ Բրյուսովը, Մանկավարժականն ու Ֆիզկուլտինստիտուտը միավորելու ծրագրի մասին։ Սրան ընդդիմացան ուսանողներն ու դասախոսները դասադուլ ու ցույցեր արեցին՝ ընդդեմ կառավարության որոշման։ Վերընտրված ու պաշտոնը չստանձնած Հարությունյանի կարծիքով՝ իր պաշտոնավարման տապալումը հաշվեհարդար է։

XS
SM
MD
LG