Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում կառավարման ճգնաժամ է։ Ընտրված ռեկտորը չի կարողանում լիազորությունները ստանձնել։ Հոգաբարձուների խորհուրդը լուծարվել է, նորը չի ձևավորվել։ Շուրջ 700 աշխատակցի աշխատավարձի հարցը կասկածի տակ է, ասում է պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։
«Առանց հոգաբարձուների խորհրդի որոշման որևիցե մեկը չի կարող ծախս կատարել համալսարանում, պետք է բյուջեն հաստատի 23 թվականի: Էս պահին համալսարանը չունի բյուջե, իսկ բյուջեից բխում է նաև աշխատավարձի ստանալը», - ասաց Ակոպյանը:
Բրյուսովում ամեն ինչ իրար խառնվեց դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո, երբ վերընտրվեց իշխանության անցանկալի թեկնածուն՝ ռեկտոր Կարինե Հարությունյանը, համոզված են համալսարանում։
«Սա քաղաքական հետապնդում է նախ տիկին Հարությունյանի նկատմամբ, երկրորդը, հաշվեհարդար է համալսարանի նկատմամբ», - նշեց պրոռեկտորը:
Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը, որ մինչև նշանակվելը այդ խորհրդի անդամ էր, այս մեղադրանքը անհիմն է համարում. - «Ուղղակի չեմ ցանկանում մեկնաբանել, միայն կարող եմ ասել, որ բոլոր այն խնդիրները, որ առաջ են եկել, իրավական հարթության մեջ խնդիրներ են»:
Ընտրություններից անմիջապես հետո կրթության նախարար Վահրամ Դումանյանն ու խորհրդի նախագահ, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ազատվեցին պաշտոններից։ Ընտրության նիստի արձանագրությունը չստորագրվեց, որ ընտրված ռեկտորը ստանձնի լիազորությունները։ Ապա՝ իրավական գործընթաց սկսվեց նաև մրցակից, ինչպես Բրյուսովում են պնդում՝ իշխանական թեկնածուի դիմումի հիման վրա։ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, որ չորս ձայնով զիջել է ընտրված թեկնածուին, պահանջում է անվավեր ճանաչել ընտրության արդյունքները. - «Հիմքեր ունեմ, որ դիմել եմ, ընթացքը ցույց կտա»:
Թե ինչ հիմքեր, պարտված թեկնածուն չի ասում։
20 հոգանոց խորհրդում տասը կառավարության ու նախարարության ներկայացուցիչներ են, նրանից երկուսը քվեարկել էին անցանկալի թեկնածուի օգտին։ Օրեր առաջ կառավարության ու Կրթության նախարարության անդամները հրաժարականներ են տվել, խորհուրդը լուծարվել է։ Հրաժարական են տվել, քանի որ կառավարությունում խորհրդին չի վստահել, ասում է նախարարը։
«Մենք ունենք բավականին հիմնավոր կասկածներ, որ խորհրդի նիստին մասնակցել է ոչ խորհրդի անդամ հանդիսացող ուսանող-անդամ, որը ներկայացել է իբրև խորհրդի անդամ, և սա լուրջ կասկածներ ու մտահոգություններ է առաջացնում՝ ընդհանրապես ինչ մթնոլորտում է աշխատանքները կազմակերպվում», - ասաց Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի նշած նիստը կապ չունի ռեկտորի ընտրության նիստի հետ, ավելի վաղ է եղել։ Երբ կձևավորվի խորհուրդը, որ կաթվածահար չլինի բուհի աշխատանքը։ Բրյուսովից թեկնածուների նոր ցանկը կառավարություն ուղարկել են, այստեղից էլ իրենց թեկնածուներին պետք է ավելացնեն ու հաստատեն, բայց չեն անում։ Բրյուսովի կազմի հետ կապված առարկություն ունեն։
«Նաև մենք ստացել ենք բողոքներ, թե ինչպես են այդ մարդիկ ընտրվել որպես դասախոսական կազմի ներկայացուցիչներ, հիմա պարզաբանումների համար դիմել ենք բուհ», - ընդգծեց նախարարը:
Կրթության ոլորտի ղեկավարն էլ հստակ չի ասում՝ երբ կձևավորվի հոգաբարձուների խորհուրդը, իսկ ձգձգվելու դեպքում մոտ 4 հազար ուսանող ունեցող բուհը զրկվում է տարրական անհրաժեշտ իրեր գնելու հնարավորությունից։
«Քանի որ չունենք բյուջե, չենք կարա գնենք թուղթ, սանհանգույցի համար օճառ, գրիչ և այլն», - ասաց պրոռեկտորը:
Բրյուսովի և կառավարության հարաբերությունները սրվեցին, երբ գործադիրը որոշեց Բրյուսովը, Ֆիզկուլտինստիտուտն ու Մանկավարժականը միավորել։ Ուսանողները բողոքի ակցիաներ ու դասադուլ արեցին ընդդեմ այս որոշման։ Ժաննա Անդերասյանը միավորման կողմնակից է, նաև ռեկտորի չընտրված թեկնածուն, բուհում կարծում են, որ այս ամբողջ գործընթացի պատճառը ընդդիմացողներին ճանապարհից հեռացնելն է։
«Առաջիկա մեկ երկու ամսվա ընթացքում մենք կունենանք հստակ պատկերացում միավորման ուղղությունների և կոնցեպտի վերաբերյալ և հետո արդեն ըստ որոշված ընթացակարգի ու տրամաբանության քայլերի կանցնենք», - ասաց Անդրեասյանը:
Երկրորդ կուրսի ուսանող Ինգա Շիրակյանը, որ ակտիվ մասնակցել է աշնանային ցույցերին, ասում է՝ կրկին դասերը կթողնեն ու փողոց դուրս կգան միավորման նախագծի դեմ. - «Գրեթե բոլոր ուսանողությունը և բոլոր ուսանողները պատրաստ են նորից կանգնել համալսարանի կողքը և պայքարել համալսարանի համար»:
Ընտրված թեկնածուն Կարինե Հարությունյանն էլ է դիմել դատարան, որ չեն հաստատում ընտրության արդյունքները։ Դատարան դիմումներ էլի կլինեն, ասում է պրոռեկտորը, եթե մինչև հունվարի 30-ը խորհուրդը չձևավորվի։ Կասկածներ ունեն, որ կառավարությունը ձգձգում է, որ ռեկտորի իրենց ցանկալի պաշտոնակատարի հարցը լուծի։