Մատչելիության հղումներ

Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերը կկանգնեն անհնարին ընտրության առջև. Եղիշե Կիրակոսյան


Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց, թե ինչ վտանգի առջև են կանգնել Արցախի հայերը։

«Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել», - հայտարարել է Կիրակոսյանը՝ շարունակելով. - «Նախագահ Ալիևը դա հստակ է դարձրել: Նա բացահայտ պահանջել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը հեռանան: Նա պնդել է, որ Ադրբեջանի հիմնական պարտքը հայերին իրենց հողերից վտարելն է»։

Հայաստանը միջազգային դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին բացել արդեն 50 օր փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել էներգիայի մատակարարումը. այս պահանջը հայկական կողմը 4 օր առաջ հրատապ կարգով է ավելացրել իր դիմումում։

«Նա ասել է, որ հայերեն ոչ մի երգ չի երգվելու, և որ այսուհետև ադրբեջաներենն է իշխելու այդ հողում», - նշել է Կիրակոսյանը։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր սկսված Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումների ժամանակ Եղիշե Կիրակոսյանը հենց սկզբից նշեց՝ թեթև սրտով չենք եկել և հույս ունեինք, որ խնդիրները վաղուց պետք է լուծված լինեին։

Ավելի քան մեկ ամիս առաջ մեկ այլ միջազգային ատյան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բաքվին պարտավորեցրել էր ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու միջանցքով Հայաստանում բուժման կարիք ունեցող ծանր հիվանդների և ճանապարհին առանց սննդի և գոյության անհրաժեշտ միջոցների մնացած այլոց տեղաշարժը, նաև վերականգնել գազամատակարարումը։ Բայց Ադրբեջանը անտեսել է ոչ միայն Ստրասբուրգի դատարանի, այլ նաև այլ հեղինակային կառույցների, առանձին երկրների՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջը։

«Բայց Ադրբեջանը, կարծես թե, հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին «խեղդելու» հարցում: Մեկ հոգի արդեն մահացել է բուժօգնության բացակայության պատճառով: Այլոք նման ճակատագրի արժանանալու վտանգի առջև են։

Հումանիտար աղետի ողջ ծավալը ներկայացնելով՝ Կիրակոսյանն ընդգծել է, որ շրջափակումը, գազի և հոսանքի մատակարարման խափանումներն արվում են հատուկ. - «Մի քանի օր առաջ ինչպես ասաց Ալիևը, եթե ինչ-որ մեկը չի ցանկանում մեր քաղաքացին դառնալ, ճանապարհը բաց է, ոչ ոք նրանց չի կանգնեցնի, նրանք կարող են գնալ խաղաղապահների հովհանու ներքո կամ ավտոբուսով։ Այլ կերպ ասած՝ ծագումով հայերը չեն կարող մտնել, բայց կարող են դուրս գալ Ղարաբաղից։ Հարգելի դատավորներ, այսօրինակ աղաղակող էթնիկ զտման գործողությունները մեր օրերում տեղ չունեն: Եվ այս դատարանը վերջին հույսն է Լեռնային Ղարաբաղի հայերի համար»։

Ադրբեջանը փորձում է արդարացնել ու հավերժացնել իր շրջափակումը՝ «բնապահպանական հորինվածքների միջոցով», որին ոչ ոք չի հավատում:

Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինը հիշեցրեց. - «Այս մարդկանցից շատերը ներկայացնում են ՀԿ-ներ, որոնք հովանավորվում են Ադրբեջանի կառավարության կամ Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից»։

Ադրբեջանը, ըստ Մարտինի, ակնհայտրոեն չի թաքցրել իր նպատակները՝ ահաբեկել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին։ Օրինակներ բերեց, թե ինչպես են իրենց էկոակտիվիստ կոչող ադրբեջանցիները սոցիալական ցանցերում «Գորշ գայլերի» նշանը ցույց տալիս, երգում հայերին սարերից քշելու մասին երգեր, անվանում նրանց «շներ, բարբարոսեր», ներկայացնում նկարներ, որտեղ Լեռնային Ղարաբաղի տարածքը մաքրում են հայերից։

Պրոֆեսոր Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսն ընդգծեց ավելի քան 10 օր առաջ տեղի ունեցած դրվագը, երբ շրջափակման 37-րդ օրը 19 արցախցի երեխաներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ դեպի Ստեփանակերտ ճանապարհին սարսափահար եղան ադրբեջանցի դիմակավոր մարդկանց ավտոբուս ներխուժումից. - «Այս լուրջ միջադեպը փաստագրված է և պարզ ցույց է տալիս՝ ինչ խոչընդոտների են բախվում մարդիկ, երբ անգամ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ են անցնում միջանցքը։ Առանց նրանց առհասարակ անհնար է վերադառնալ»։

2 ժամ ընթացող քննարկման ժամանակ Հայաստանի շահերը ներկայացնող բոլոր բանախոսները իրենց ելույթներում շեշտում էին, որ եթե դատարանն արագ քայլեր չձեռարկի, ապա Լեռնային Ղարաբաղի հայերի կյանքը կշարունակվի վտանգված մնալ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG