Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը մինչև երկուշաբթի ժամանակ է տվել Ադրբեջանին Հայաստանի պահանջին պատասխանելու համար


Ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը վրաններ տեղադրել, 12-ը դեկտեմբերի, 2022թ․
Ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը վրաններ տեղադրել, 12-ը դեկտեմբերի, 2022թ․

Երեկ երեկոյան Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել նախօրեին Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի հաղորդագրության համաձայն՝ դատարանը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո կկայացնի վերջնական որոշում:

Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու և Լաչինի միջանցքն ապաշրջափակել պարտադրելու պահանջով:

Արդեն 5-րդ օրն է փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, մոտ 120 հազար մարդ մնացել շրջափակման մեջ, բազմաթիվ երեխաներ այս պահին բաժանված են ծնողներից, մի շարք ծանր հիվանդների հնարվոր չէ տեղափոխել Երևան։

«Մանրամասն այնտեղ նկարագրված են փաստական հանգամանքները, որոնք վերաբերվում են բուն արգելափակմանը, դրա հետևանքով առաջացած իրավունքների խախտումներին, ներառյալ կյանքի իրավունքի ռիսկերին՝ անմարդկային վերաբերմունքի, և նշելով կոնկրետ անձանց դեպքերը, այն դեպքերը, որոնք իրականում առաջացնում են նմանատիպ սուր խնդիրներ», - «Ազատությանը» փոխանցեց Եղիշե Կիրակոսյանը։

Նախկինում Եվրոպական դատարանը Հայաստանի դիմումով միջանկյալ միջոցներ կիրառել է Ադրբեջանի դեմ, Կիրակոսյանը համաձայն է, որ Բաքուն երբեք առանձնապես աչքի չի ընկել դատարանի որոշումները կատարելու առումով, սակայն, այնուամենյանիվ ճիշտ են համարում ՄԻԵԴ-ին դիմելը։

«Բնականաբար, մենք շատ ենք ականատես եղել Ադրբեջանի կողմից խախտումներին նույն դատարանի կողմից կիրառած միջոցների և առհասարակ նաև անտեսելուն, բայց միևնույն է, կարծում ենք, որ դա անդրադարձ ունենում է իրենց վարքագծի վրա և կարծում եմ, որ ամեն դեպքում պարտադիր է, որպեսզի մենք էդ բոլոր ապացույցները և իրավունքների խախտումների վերաբերյալ բոլոր ապացույցները ներկայացնենք և նաև էս մեխանիզմի գործի դնելու փորձ էս պահին անենք, որովհետև իրականում, կարծում ենք, որ հիմքերն ավելի քան բավարար են», - ասաց Կիրակոսյանը։

ՄԻԵԴ-ից բացի Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը դիմել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ առայժմ միայն նամակով տեղեկացնելով, որ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով կոպտորեն խախտում են Արցախի բնակիչների իրավունքները: Կսպասեն արձագանքի դատարանից։

«Պոզիտիվ քայլեր չլինելու դեպքում, մենք կդիմենք արդեն ժամանակավոր կամ հրատապ միջոցներ կիրառելու պահանջով», - ասաց Կիրակոսյանը։

Չնայած Բաքուն, գոնե ցուցադրաբար անտարբեր է միջազգային դատարանների որոշումների նկատմամբ, սակայն, ըստ Կիրակոսյանի, դրանք չեն կարող ազդեցություն չունենալ Ադրբեջանի վրա։

Մինչ այդ Ստեփանակերտում դպրոցների մեծ մասը փակ է գազի մատակարարման խափանման պատճառով, հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG