Մատչելիության հղումներ

15 զինվորի մահվան գործով ձերբակալվել է զորամասի թիկունքի պետի տեղակալը


Զինվորների կացարանում հրդեհի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է Պաշտպանության նախարարության N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա-ն, «Ազատությանը» տեղեկացրեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Ավելի ուշ, այսօր կառավարության նիստում, գլխավոր դատախազն ասաց, թե այլ անձանց նկատմամբ նույնպես քրեական վարույթ կհարուցվի։ Թե ովքեր են այդ անձինք, Աննա Վարդապետյանն անուններ չհնչեցրեց, պարզաբանելով թե, այդ անձանց անունները չեն հրապարակում, նրանց փախուստը բացառելու համար։

Ձերբակալված բարձրաստիճան զինվորականի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»:

Ըստ Գլխավոր դատախազության՝ հունվարի 19-ին, կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված՝ վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում, վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողները ոչ միայն չեն կարողացել մարել կրակը, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհանների երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Արդյունքում, կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Գործի շրջանակներում հարցաքննվել են շուրջ 2 տասնյակ զինվորականներ, այդ թվում՝ բուժհաստատությունում գտնվող 2 շարքային զինծառայողները։

Հիվանդանոցում գտնվող կապիտանը, ով, ըստ նախնական վարկածի, վառարանը փորձել է թեժացնել բենզինով, դեռևս չի հարցաքննվել՝ առողջական վիճակի պատճառով։

«Բենզինով վառարանը վառելու վարկածը հիմնավորվում է»

Վարդապետյանն այսօր նշեց, թե Փաշինյանի՝ անցած շաբաթ կառավարությունում ներկայացրած վարկածն այս պահին կենսունակ վարկածն է, մյուս վարկածները, նրա խոսքով, ստուգվում են, բայց հիմնական վարկածը, որի շուրջ քննությունն իրականացվում է, կառավարության նիստի ընթացքում հրապարակվածն է։

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշի Քյարամյանն էլ հավելեց, թե բոլոր հարցաքննված վկաներն ուղիղ վկայում են այն մասին, որ ի սկզբանե առաջ քաշված վարկածը՝ բենզինով վառարանը վառելու վարկածը, հիմնավորվում է։

«Երկու օր առաջ օրապահը, ով անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ևս ցուցմունք է տվել և հիմնավորել է այդ վարկածը։ Այսինքն՝ ամեն ինչ շատ պարզ է, և այլ բաներ փնտրելու ակնկալիքները էդքան էլ ազիվ չեն», - ասաց Քյարամյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG