Մատչելիության հղումներ

Սամվել Մովսիսյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ


Առաքել Մարտիկյանը, նախագահի հրամանագրով, ազատվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։

Նա ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն էր 2022-ի հունվարից։

Սամվել Մովսիսյանն էլ, նախագահի մեկ այլ հրամանագրով, ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից, որ զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերից և նշանակվել Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում 15 զինվորի մահվան պատճառ դարձած հրդեհից հետո 8 սպա ազատվեց պաշտոնից, այդ թվում՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց՝ իրենց զբաղեցրած պաշտոններնն ինչ-որ կերպ առնչվում են խնդրին և, «մինչև ավելի մանրամասն քրեաիրավական գնահատական կտրվի խնդրին, իրենց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ»:

Ողբերգական հրդեհից գրեթե մեկ շաբաթ անց դեռ որևէ մեղադրյալ կամ ձերբակալված չկա։ Ընդդիմությունը պնդում է, որ հիմնական պատասխանատուն պետք է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լինի։ Իրավապաշտպաններն էլ նախարարին ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են համարում տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հակադարձում են՝ քաղաքական պատասխանատվության մասին կխոսեն, երբ պարզվեն դեպքի մանրամասները։

XS
SM
MD
LG