Բարեխղճության դոկտրինը պիտի պարտադրի, որ նախարարը հրաժարական տա, «Ազատության» հետ զրույցում ասաց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհին, որը15 զինծառայողի կյանք խլեց։
Ընդգծելով, որ նախարարն ունի քաղաքական պատասխանատվություն՝ Բարսեղյանը շեշտեց՝ նա պիտի հրաժարական տա, սա, ըստ նրա, արժանապատվության քայլ կլինի նաև։
«Ոմանք, ովքեր քննադատում են նախարարի հրաժարականը պահանջողներին, մտածում են, թե անձնական վրիժառության համար են մարդիկ պահանջում այդ հրաժարականը։ Հասկանալի է, որ անմիջական քրեական մասնակցություն նախարարը չունի տենց դեպքին, մենք խոսում ենք քաղաքական պատասխանատվության մասին․ քաղաքական ուժը, որը ժողովրդին ասել է՝ «գալիս եմ և բարեփոխեմ ձեր կյանքը», ստացվել է, որ հերթական անգամ ձախողել է իր խոստումը այս դեպքում բանակի մասով, և ճիշտ կլինի, արդար կլինի, ելնի մարդն ասի՝ «ժողովուրդ ջան, ես ձեր վստահությունը չարաշահել եմ, չի ստացվել մոտս, պիտի վերահսկողությունը որակով լիներ, չի ստացվել որակով, ես հրաժարական եմ տալիս», - ասաց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը։
Հունվարի 19-ի հրդեհի հետևանքով ևս 3 զինծառայողներ շնչուղիների այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր։ 15 զինվորի կյանք խլած ողբերգական հրդեհից օրեր անց էլ որևէ մեղադրյալ կամ ձերբակալված չկա։ Եղան պաշտոնանկություններ, հարցաքննվել են տասնյակ զինվորականներ, քննությունն էլ շարունակվում է։
Ընդդիմությունը պնդում է, որ հիմնական պատասխանատուն պետք է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լինի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հակադարձում են՝ քաղաքական պատասխանատվության մասին կխոսեն, երբ պարզվեն դեպքի մանրամասները։
Հրդեհից միայն երկու օր անց է պաշտպանության նախարար Սուրերն Պապիկյանն այցելել տուժած զինծառայողներին, ինչպես նաև դեպքի վայր և հանձնարարել խիստ ուշադրության կենտրոնում պահել հրդեհային անվտանգության պահպանման կանոնները՝ նմանօրինակ դեպքերն իսպառ բացառելու համար։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․