Մատչելիության հղումներ

Պապիկյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում, այնուհետև՝ վաշտի կացարանում բռնկված հրդեհի վայր


Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, այցելել է 2-րդ բանակային զորամիավորում, այնուհետև ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի՝ ողբերգական դեպքի վայր:

Հունվարի 19-ին հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո, պաշտպանության նախարարը բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել դեպքի առնչությամբ որոշ մանրամասներ: Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին պաշտպանության նախարարը հանձնարարել է խիստ ուշադրության կենտրոնում պահել հրդեհային անվտանգության պահպանման կանոնները՝ նմանօրինակ դեպքերն իսպառ բացառելու համար։

Սուրեն Պապիկյանն այցելել է նաև մոդուլային զորանոցների կառուցման շինհրապարակներ, տվել համապատասխան հանձնարարականներ՝ զորանոցների կառուցման աշխատանքները պատշաճ և նախանշված ժամկետներում իրականացնելու վերաբերյալ:

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով 15 զինծառայող զոհվել է, 3-ը՝ վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG