Մատչելիության հղումներ

Հրդեհից երեք օր անց որևէ մեղադրյալ չկա. պաշտպանության նախարարն այցելել է դեպքի վայր


Զինվորական կեցավայրում բռնկված հրդեհից տուժած երեք զինծառայողներից երկուսը շարունակում են շնչուղիների այրվածքներով մնալ վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Փոքր-ինչ բարելավվել է նրանցից ժամկետային զինծառայող Լյովա Խառատյանի վիճակը, նա միացված է շնչառական սարքին, «Ազատությանը» փոխանցեց Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։

«Հարաբերականորեն մի քիչ այտուցը իջել է, վտանգը բոլոր դեպքերում կա, բայց արդեն դրական դինամիկա կա: Երկու օր հետո ակնհայտ կլինի», - նշեց Բաբայանը:

15 զինվորի կյանք խլած ողբերգական հրդեհից երեք օր անց որևէ մեղադրյալ կամ ձերբակալված դեռևս չկա։ Քննչական կոմիտեից փոխանցում են՝ հարցաքննվել են տասնյակ զինվորականներ, քննությունը շարունակվում է։ Հարցաքննվածների շարքում է նաև դասակի հրամանատարը, որը դեպքից հետո, հերքելով պաշտոնական վարկածը, հայտարարեց՝ տարածքում բենզին չի եղել։ Իրականացվում են տարբեր փորձաքննություններ՝ ճշտելու հրդեհի հիմնական վարկածը՝ արդյո՞ք կապիտանը փորձել է բենզինով վառել զինվորական կացարանի վերածված գյուղական տան փայտի վառարանը։

Դատախազ Արշակ Մարտիրոսյանը երեկ Հանրայինի եթերում պնդեց՝ մի քանի վարկած են քննում, այդպես էլ չմանրամասնելով, թե որոնք են բենզինի տարբերակից բացի դիտարկվող մյուս վարկածները։ Դատախազի խոսքով, փորձաքննությունների արդյունքում նաև կհստակեցվի՝ պայթյուն եղել է, թե՝ ոչ։

«Այս պահի դրությամբ, իհարկե, որոշակի այս կամ այն վարկածի հաստատված լինելու մասին խոսելը դեռևս վաղաժամ է, բայց համապատասխան միջոցառումները ձեռնարկվում են, նաև հետաքննության մարմինների կողմից համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվում», - ընդգծեց Մարտիրոսյանը:

Բենզինի դեպքում կրակը կարող էր արագ տարածվել, իսկ նախասրահն ամբողջությամբ այրված է եղել, երեկ Հանրայինի եթերում պարզաբանեց ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կենտրոնի պետի տեղակալը։

«Ինքը բաղդատի տիպի շինություն է եղել, այսինքն փայտ է և հողային շերտերով, ոչ քարե, հին շինություն է եղել և այդ աշխատանքները, որ տարվել են, հրշեջ փրկարարները հասկացել են, որ այդ հողային շերտերը հանելու ընթացքում տեսել են, որ բոլորը արդեն այրված են եղել», - ներկայացրեց նա:

Արսեն Սարոյանի խոսքով՝ այրված նախասրահով հնարավոր չի եղել մտնել զորանոց, այդ էր պատճառը, որ օգնության հասած մարդիկ փորձել են մյուս կողմից քանդել պատը՝ փորձելով այդպես դուրս բերել զինվորներին. «Այդ 15 հոգուց 14-ը մահճակալների վրա են գտնվել, այսինքն, հնարավոր չի եղել, ենթադրում եմ, դա վարկած է, բայց այդպես էլ կլինի, որ ծխահարված են եղել»:

Եղել են արդյո՞ք կացարանում հակահրդեհային վահանակներ՝ իրավապահները նաև սա են ստուգում։ Փրկարար ծառայության գնդապետի խոսքով, եթե լինեին, սկզբնական փուլում հնարավոր կլիներ ինչ-որ բան փոխել. - «Առաջնային հրդեհաշիջման միջոցները՝ կրակմարիչները, որոնք պարտադիր պետք է լինեն սահմանված չափի, սահմանված տեսակների, իհարկե, հնարավոր էր իր որոշակի դերակատարությունը ունենար, առաջնային այդ բոցավառման փուլում»:

Հրդեհից միայն երկու օր անց պաշտպանության նախարարն այցելել է տուժած զինծառայողներին, ինչպես նաև դեպքի վայր և հանձնարարել խիստ ուշադրության կենտրոնում պահել հրդեհային անվտանգության պահպանման կանոնները՝ նմանօրինակ դեպքերն իսպառ բացառելու համար։ Պապիկյանը նաև ներկայացրել է 2-րդ բանակային զորամիավորման նոր հրամանատար Գարեգին Պողոսյանին, ով փոխարինում է հրդեհից անմիջապես հետո հեռացված Վահրամ Գրիգորյանին։

Իրավապաշտպանները, մինչդեռ, հենց նախարարին ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են համարում տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն, քանի որ բանակում շոշափելի բարեփոխումներ չեն իրականացրել։

Արդեն տասը տարի բանակի խնդիրներն ուսումնասիրող իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ ընդգծում է, որ խաղաղ պայմաններում նման ողբերգություն դեռ չի հիշում։

«Պետք է լինի անպայման քաղաքական պատասխանատվություն Գլխավոր շտաբի պետի և նախարարի հրաժարականի տեսքով, որովհետև հասկանանք՝ համակարգային և ինստիտուցիոնալ մոտեցումների բացակայության հետևանքով դեպքերի շարունակականությունը վկայում է, որ պատշաճ կառավարում չի եղել», - նշեց Սաքունցը:

Երեկ սկսվել է ողբերգական հրդեհից մահացած 15 զինծառայողների դիերի փորձաքննությունը, միայն դրանից հետո նրանց հնարավոր կլինի նույնականացնել։

XS
SM
MD
LG