Տավուշի մարզի Աչաջուր գյուղում սուգ է. երեկ այնտեղ հողին հանձնեցին զորամասի կացարանի հրդեհի զոհ դարձած Պավլիկ Աբազյանին։ Գյուղի վարչական ղեկավար Կարեն Ղալթախչյանն ասում է չգիտեին՝ դասերը հետաձգեն, թե չէ. - «Դպրոցի տնօրենը զանգել ա, ասում ա՝ էս երեխաներին չեմ կարում պահեմ, սաղ մեծից փոքր, սկսած առաջին դասարանից մինչև տասներորդ, բոլորը լացում են։ Տնօրենն էլ լացելով ասում ա՝ ի՞նչ անեմ, տուն ուղարկե՞մ։ Ասեցի՝ չէ, էրեխեքին որ տուն ուղարկես... մի քիչ ավելի ծանր ա»։
Աչաջրի միջնակարգ դպրոցի տնօրեն Ստելլա Փիրումյանն ասում է. - «Ամբողջ գյուղը, ամբողջ երևի թե Հայաստանն ա սգում, իհարկե ոչ ոչ միայն Պավլիկի, այլև մեր տասնհինգ զավակների համար՝ մեկը մեկից լուսավոր, պայծառ...»
19-ամյա Պավլիկը կես տարուց պետք է տուն վերադառնար, շարունակեց Փիրումյանը, որն այս օրերին փորձում է նաև զինվորի կրտսեր ընկերներին սփոփել. - «Դպրոցի էրեխեքը քանի օր էդ վիճակում են էղել, նույնիսկ երկրորդ, երրորդ դասարանի էրեխեքը, որ սպորտի բնագավառում միասին էին գնացել, տրիների հետ միասին որպես ծնող ա հանդես էկել էրեխեքի համար՝ բոլորի նկատմամբ հոգատարությամբ լցված։ Շատ ենք ցավում»։
Աչաջրում հպարտությամբ են խոսում Պավլիկի մասին՝ տղան կարատեի չեմպիոն էր. - «Դպրոցական տարիների ընթացքում զբաղվել ա կարատեով, բազմակի անգամ չեմպիոն ա էղել էդ բնագավառում»։
Պավլիկն ընտանիքի միակ տղա զավակն էր, ծառայությունից վերադառնալու էր ու անցներ ուսանողական կյանքին, բայց չհասցրեց, պատմում է դպրոցի տնօրենը. - «Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել Պոլիտեխնիկ, ամառվա զորակոչին զորակոչվեց բանակ, վեց ամիս էր մնում, որպեսզի ավարտեր էրեխեն բանակը, ուսումը շարունակեր»։
Մինչ Հայաստանի տարբեր գյուղերում ու քաղաքներում այս օրերին հողին են հանձնում ողբերգական հրդեհի 15 երիտասարդ զոհերին, իրավապահները սկսել են գործը քննել նաև զինվորական պաշտոնեական անփութության հոդվածով։ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ այդ հոդվածն ավելացրել են՝ քննության արդյունքում ձեռք բերած նոր տվյալների հիման վրա։
Ողբերգական միջադեպից ժամեր անց քննությունը սկսեց զենք-զինամթերքի, վտանգավոր նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով։ Այժմ դրան ավելացավ նաև պաշտոնեական անփութությունը։
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացնում այս նոր հոդվածի շրջանակում կատարվելիք գործողությունների վերաբերյալ. - «Վարույթը նախաձեռնվել է համապատասխան պաշտոնատար անձանց կողմից զորամասում հակահրդեհային պաշտպանության կազմակերպման, անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջների պահպանման՝ այդ թվում նաև բոլոր օբյեկտներում հրշեջ միջոցների առկայությունը, հակահրդեհային պաշտպանության կազմակերպումն ու վիճակը ստուգելու, զորամասի ենթակա ստորաբաժանումներին կրակմարիչներով, հակահրդեհային վահանակներով և այլնով, համապատասխան միջոցներով ապահովելու և հրշեջ միջոցներով ապահովելու, նաև չթույլատրված միջոցների օգտագործմամբ վառարաններ վառելու արգելքի հետ կապված պարտականություններն առերևույթ չկատարելու կամ այդ պարտականությունների կատարման ընթացքում թերանալու փաստի առթիվ»։
Ողգերգական դեպքից վեց օր անց մեղադրյալներ ու ձերբակալվածներ դեռ չկան։ Հարցաքննվել են շուրջ երկու տասնյակ զինվորականներ, այդ թվում՝ դասակի հրամանատարը, որը հերքել էր քննության հիմնական վարկածը, թե զինվորական կացարանում և տարածքում բենզին է եղել։ Հիմնական վարկածը, սակայն, մնում է այն, որ վաշտի կապիտանը բենզինով փորձել է թեժացնել փայտի վառարանը և հրդեհ է բռնկվել։
Պարզ չէ, թե արդյոք հարցաքննվել են հրդեհից հետո պաշտոնանկ արված բարձրաստիճան ութ զինվորականները։
Հրդեհից փրկված երեք զինվորականները շարունակում են բուժումը այրվածքաբանական կենտրոնում։ Նրանցից երկուսը՝ վառարանը թեժացնել փորձող կապիտան Եղիշե Հակոբյանն ու ժամկետային զինծառայող Լյովա Խառատյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում են։
Երրորդը զինծառայողը՝ Գարուշ Սարգսյանը հիվանդասենյակում է։ Այրվածքաբանական կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանի փոխանցմամբ՝ նախորդ օրերի համեմատ դրական դինամիկա կա։