Մատչելիության հղումներ

Ես մեղադրում եմ առաջինը ամբողջ աշխարհին, որ կույր են. Լաչինի միջանցքի փակման հետևանքով երեխաներից բաժանված կին


Ռոզա Բաղդասարյան
Ռոզա Բաղդասարյան

33 օր է Արևն ու Սուրենը առանց հայրիկ-մայրիկի են։ Արցախից տեղահանված 6 հոգանոց ընտանիքը Լաչինի միջանցքի փակման հետևանքով երեք տարբեր մասերի է բաժանվել. ծնողները Ստեփանակերտում են, տատիկ-պապիկը՝ Գյումրիում, երեխաները՝ մայրական տատիկի մոտ, Երևանում։

«Ընդեղ իրա բաբո-դեդոն էլ տարիքով ամուսիններ են, հիվանդ։ Էրեխեն բերավ էն հույսով, որ պտի երկրորդ-երրորդ օրը ետ գան։ Ասին՝ էնթանք տան հարցով, էդ սերտիֆիկատի հարցով տեսնինք ինչ է, գանք։ Գնացին ու հաջորդ օրը փակվավ ճամփեքը», - պատմում է Երևանում ապրող տատիկը՝ Կաքավիկ Հակոբյանը։

6-ամյա Արևը այն ժամերին, երբ պիտի քնի, սկսում է ջերմել ու մայրիկին կանչել։ Նրա մայրը՝ Ռոզա Բաղդասարյանն ամուսնու հետ Ստեփանակերտի հյուրատներից մեկում սպասում է, պարբերաբար դիմում է Կարմիր խաչի արցախյան ներկայացուցչություն ու կառավարության օպերատիվ շտաբ։ Օրեր առաջ տեղեկացրին, թե հունվարի 9-ին Արցախում մնացած կիսված ընտանքիներին կտեղափոխեն, հորդորեցին պատրաստ լինել. - «Կիրակի երեկոյան զանգեցին, որ չի թողում ադրբեջանական կողմը մեզ տեղափոխելու համար»։

Արցախից տեղեկացանք, որ ցուցակները պատրաստ են եղել, Լաչինի միջանցքով իրենց ընտանքի անդամներին միանալ թույլ չի տվել ադրբեջանական կողմը։ Ի դեպ, Բաքուն շարունակում է պնդել, որ միջանցքը բաց է, պարբերաբար ցուցադրում է ռուս խաղաղապահների մեքենաների գնալ-գալը, իսկ 300 երեխա ամսից ավելի մնում է առանց ծնողական խնամքի, կրթության։

Ռոզայի երեխաները երևանում դպրոց չեն գնում, որովհետև տարեց տատիկի համար տանել-բերելը բարդ է. - «Ես մեղադրում եմ առաջինը ամբողջ աշխարհին, գերտերություններին հատկապես՝ Ամերիկա, Ռուսաստան... չեմ կարա թվարկեմ։ Ամբողջ աշխարհին, որ կույր են, որ իրենց համար ոչ մի նշանակություն չունի, որ 120 հազար մարդ սովի են մատնված, դեղատներում ոչինչ չկա, նույնիսկ հիգիենայի պարագաներ չկա, էդքան երեխա մանկապարտեզ, դպրոց չի գնում, կրթությունից զրկված...»

Կարմիր խաչի արցախյան առաքելության մամլո պատասխանատու էթերի Մուսայելյանն ասում է, որ մինչև այժմ հնարավոր է եղել տեղափոխել միայն ծանր հիվանդների, Լաչինի միջանցքով ընտանքիներ չեն միավորվել, այս ուղղությամբ շարունակում են ջանքեր գործադրել. - «Ընտանիքների անդամների հետ մշտապես կապի մեջ ենք։ Հասկանում ենք ինչքան ծանր է իրենց համար։ Մենք աշխատում ենք այս մարդասիրական հարցին լուծում տալու շուրջ կողմերի հետ միասին»։

Դեկտեմբերին Օլիմպիական կոմիտեի Շիրակի ներկայացուցչությունում 9-ամյա Սուրենը Դյուցազնագրքի երկրորդ գավաթն ստացավ՝ ավելի քան 100 անգամ կամուրջ՝ կանգնած դիրքից. - «Այս իմ նոր ռեկորդը նվիրում եմ շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը»։

Իսկ ծնողները իրենց որդուն գրկելու, շնորհավորելու հնարավորություն չունեցան։ «Ինքը ռեկորդ սահմանեց, նվիրեց մեզ, շրջափակման մեջ գտնվող...» - հուզմունքից խոսքը կիսատ թողեց մայրը՝ Ռոզա Բաղդասարյանը։

Տղան ըմբռնումով է մոտենում, գիտի ինչու է այսպես. - «Որովհետև թուրքերը ճամփեն փակել են»։

Սուրենը հիմա էլ անընդհատ մարզվում է, ուզում է ծնողներին դիմավորել նոր հաղթանակով։

Ավելի քան 1100 հոգի այժմ միջանցքի երկու կողմերում սպասում է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG