Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ Մոսկվան աշխատում է Լաչինի ճանապարհը բացելու ուղղությամբ:
«Մենք շարունակում ենք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան աշխատել Լաչինի միջանցքն ամբողջապես ապաշրջափակելու համար: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարության մակարդակով արվում են հետևողական քայլեր դեէսկալացիայի ուղղությամբ», - հայտարարել է Զախարովան:
Նրա խոսքով, այս պահին Լաչինի ճանապարհով անցնում են մարդասիրական օգնություն փոխադրող շարասյուներ:
Զախավորան ընդգծել է, թե «Մոսկվան անընդունելի է համարում հրապարակային հարձակումները և սադրանքները տարածաշրջանում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների նկատմամբ»:
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի խոսքով, Մոսկվային անհանգստացնում են վերջին ժամանակաշրջանում Բաքվի և Երևանի հարաբերություններում նկատվող բացասական միտումները և լարվածության աճը տարածաշրջանում:
«Մենք կոչ ենք անում ադրբեջանական և հայկական կողմերին բարի կամք դրսևորել և համատեղ ջանքերով փոխզիջումներ որոնել: Մենք դրան ըստ ամենայնի կնպաստենք»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: