Ընկերության մասնագետներին հաջողվել է մեկնել վթարի վայր ու վերանորոգել մալուխը
Արցախում վերականգնվել է ֆիքսված ինտերնետ կապը։ Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ռուս խաղաղապահների բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարի վայր ու վերանորոգել Հայաստանից եկող միակ մալուխը։
Ո՛չ «Ղարաբաղ Տելեկոմից», ո՛չ էլ Արցախի կառավարությունից դեռ չեն պարզաբանում՝ ինչի՞ հետևանքով էր վնասվել մալուխը, որի հետևանքով Արցախում երեկվանից նաև նաև ինտերնետի և հեռախոսակապի խնդիրներ կային։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, մինչդեռ, հայտարարում է՝ ադրբեջանական կողմը Շուշիի հատվածում դիտավորյալ կտրել էր Հայաստանից դեպի Արցախ եկող հաղորդակցության լարերը՝ Արցախի ամբողջ տարածքում խաթարելով հեռահաղորդակցության և ֆիքսված համացանցի հասանելիությունը։
«Քանի որ ունենք արդեն այդ փորձը, որ Ադրբեջանը գազամատակարարումն էլ է կտրել, ես չեմ բացառում, որ այս գործիքը ևս օգտագործվել է Ադրբեջանի կողմից», - ասաց նա:
Գեղամ Ստեփանյանը, որ փակ միջանցքի պատճառով Ստեփանակերտ վերադառնալ չի կարողանում, կասկած չունի՝ Բաքուն փորձում է հասնել Արցախի տոտալ բլոկադային, այդ թվում՝ տեղեկատվական. «Այս ընթացքում եղել են և տարբեր արցախցի լրագրողներ, և տարբեր անհատներ, որոնք տեղից ինֆորմացիա էին փոխանցում և հայաստանյան լրատվամիջոցներին, և կառույցներին, և նաև միջազգային մեդիային, և փաստորեն ստացվում է այնպես, որ այդ հնարավորությունն էլ սահմանափակվեց, և մարդիկ նաև իրենց իրավիճակի մասին տեղեկացնելու այդ հնարավորությունից էլ զրկվեցին», - նշեց նա:
Արցախում երեկվանից ֆիքսված ինտերնետ չկա, շարժականն էլ խափանումներով է գործում։ Կապի պարբերաբար ընդհատման պատճառով քաղաքացիները նաև հեռախոսով տեղական համարներին ու Հայաստան զանգելիս են խնդիրներ ունենում։ Հայաստանից էլ արցախյան համարներին զանգել հեշտությամբ չի ստացվում։ «Ազատությանն» այսօր մի քանի փորձից հետո միայն հաջողվեց կապվել արցախցիների հետ:
«Շարժականն էլ շատ թույլ է, օրվա մեջ 50 անգամ կտրվում-միանում է, զանգերն էլ առանց այն էլ, երբ իրենք ուզում են, խանգարում են, երբ իրենց պետք է իրենց սարքերը միացնում են, ոչ մի տեղ չես կարողանում ուղղակի զանգել: Հիմա ներսի ինչ-որ զանգեր փորձում ենք անել, չորրորդ-հինգերորդ փորձից ընկնում ես ինչ-որ տեղ», - ասում է Ստեփանակերտի բնակիչ Վադիմ Բալայանը:
Խափանումների պատճառով շտապօգնության անհրաժեշտության դեպքում ծառայության հետ կապվելը կարող է անհնար լինել, ասում է նա. «Ավելի հեշտ է հիմա նստես ավտոդ, գնաս, եթե, իհարկե, ավտոդ գազով է աշխատում, կարում ես քշես: Նստես ավտոդ, գնաս, էդ հարցը լուծես, գաս, քանի թե զանգես»:
Արդեն 33 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում շաբաթասկզբից նաև հոսանքն է պարբերաբար անջատվում։ Հայաստանից Արցախ նաև հոսանք չի մատակարարվում։ Արցախցիները միայն տեղական հոսանք են սպառում։ Ստեփանակերտից հայտնում են՝ ադրբեջանական կողմը չի թույլատրում մոտենալ Աղավնո-Բերձոր հատված վերականգնողական աշխատանքերի համար։
Գերտերությունները պետք է պատժամիջոցներ սահմանեն. Ստեփանյան
Ավելի ու ավելի վատթարացող վիճակը, ըստ Արցախի օմբուդսմենի, փաստում է, որ միջազգային հանրության հայտարարությունները չեն զսպում Ադրբեջանին։ Գերտերությունները պետք է պատժամիջոցներ սահմանեն, ասում է Գեղամ Ստեփանյանը. «Ի՞նչ է անում ընդհանրապես միջազգային հանրությունն այս իրավիճակներում. պատժում է ագրեսորին: Այս պահի դրությամբ մենք ունենք տարբեր հակամարտություններ, որտեղ սանկցիաներ են կիրառվում, որտեղ մարդու իրավունքների խախտումների համար միջազգային հանրությունը իր կոլեկտիվ պատասխանատվությունն է ցուցաբերում, ինչո՞ւ այս պարագայում դա չկա՝ չենք հասկանում»:
Արցախում օրեցօր հին խնդիրներին նորերն են ավելանում
Առանց սննդի, դեղորայքի ու այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարումների մնացած Արցախում օրեցօր հին խնդիրներին նորերն են ավելանում։ Խանութների առջև երբեմն ժամերով հերթեր են, իսկ դրանցում քաղաքացիներն ամեն ինչ չէ, որ գտնում են, և տեսականին է սահամանափակ, և քանակը։ Ստեփանակերտից ահազանգում են՝ դեղատներում առաջնային անհրաժեշտության դեղեր գրեթե չկան։ Պլանային վիրահատությունների հետաձգման պատճառով, ըստ Արցախի կառավարության, 390 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից։ Պաշտոնական տվյալով՝ շրջափակման պայմաններում տնտեսվարողների ավելի քան 16 տոկոսը դադարեցրել է գործունեությունը. առնվազն 3,400 մարդ կորցրել է աշխատանքն ու եկամտի աղբյուրը։
Իսկ Լաչինի միջանցքը փակ պահող ադրբեջանցիները ճանապարհը բացելու մտադրություն դեռ չունեն, տեղում շարունակում են բնապահպանական պաստառներով հերթապահությունը։ 33 օրերի ընթացքում փակ հատվածով միայն Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների մեքենաներն են անցել։