Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ խանութներում ոչինչ չկա. արցախցիներն արձագանքում են պետնախարարի հայտարարությանը


«Բլոկադան 100 տոկոսանոց չէ, մենք ունենք կյանքի ճանապարհներ, որ հնարավորություն է տալիս մի փոքր դեղ ու ուտելիք բերել», - երեկ ֆեյսբուքյան լայվով հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, անթույլատրելի համարել, որ այդ հնարավորությունը անձնական շահի համար է օգտագործվում:

«Այդ հնարավորությունները օգտագործել քո անձի, քո շահի համար, դա անընդունելի է», - նշել է Վարդանյանը:

Պետնախարար Վարդանյանը մի քանի դեպք է ներկայացրել. արցախցի ունևոր մի ընտանիք բլոկադայի օրերին հանգստի է գնացել, մեկը՝ տոննաներով բենզին բերել, տնեցիներով օգտագործել են, փոխանակ Օպերատիվ շտաբ տանեն՝ շտապօգնության մեքենաների համար, մեկ ուրիշն, ըստ Վարդանյանի, ռուս խաղաղապահների կամ այլոց միջոցով սնունդ է Արցախ բերել ու թանկ գներով վաճառել:

«Մենք մի նավի մեջ ենք», - հավասարության ու արդարության կոչ էր անում Ռուբեն Վարդանյանը, և ահա այս կոնտեքստում էլ խոսեց այն մասին, որ կան այլ ուղիներ: Ի՞նչ ճանապարհ է, արդյո՞ք այդտեղով հնարավոր է բեռներ տեղափոխել՝ ինչո՞ւ է բլոկադայի 29-րդ օրը պետնախարարը խոսում կյանքի այլ ճանապարհների մասին, այս հարցերին Արցախի կառավարության լրատվականը չի արձագանքում:

Երեկ Արցախի դատախազ Գուրգեն Ներսիսյանն էր ֆեյսբուքյան գրառում արել՝ պետնախարարի ելույթի վերաբերյալ. - «Պետական ծառայությունը ենթադրում է զսպվածություն, խոսքի ու վարքի հանդեպ բարձր պատասխանատվություն, հավասարակշիռ ու կշռադատված խոսք, գիտակցում, որ այն ունակ է առաջացնելու հետևանքներ»:

Գրառումն այլ տողատակեր չունի, պետք է ընկալել, այնպես ինչպես արձանագրված է՝ «Ազատությանը» փոխանցեց դատախազ Ներսիսյանը, շեշտելով, որ հետևում են ցանկացած հրապարակային հայտարարության և գնահատում է դրանք Արցախի շահերին հասցրած օգուտի և վնասի տեսանկյունից։

Արցախի դատախազը արտերկիր հանգստի չի մեկնել, պատերազմից հետո մինչև օրս Արցախից չի բացակայել, անձնական մեքենան էլ բենզինով չէ, գազով է: Ստացվում է, որ Արցախի դատախազը իր կոշտ գրառմամբ արձագանքում է Ռուբեն Վարդանյանի՝ այլ ճանապարհներ ունենալու հանգամանքի հրապարակայնացմանը։ Արցախցիներն էլ երեկվանից քննարկում են՝ թաքուն ճանապարհներով հեռացածների անունները, բայց գլխավոր հարցը՝ եթե ճանապարհ կա, ինչո՞ւ խանութներում ոչինչ չկա, ինչո՞ւ ծնողներն ու երեխաները չեն միավորվում:

«Ռուբեն Վարդանյան, Եթե ասում ես՝ մենք ունենք նման հնարավորություն կամ ճանապարհ, մայրը ասելու է՝ բա իմ երեխան, ինչի՞ չես բերում, դե պատասխանի», - ասաց Ստեփանակերտի բնակիչ Էլադա Ղահրամանյանը:

Ստեփանակերտցի Էլադա Ղահրամանյանը պետնախարարի հայտարարությունները տարօրինակ է համարում, ասում է՝ շատ փոքրացած Արցախում հիմա բոլորն ամեն ինչ գիտեն՝ ավելի լավ է հարցերը լուծեն առանց աղմուկի:

«Լավ, իսկ էս պահին ձեռնտու չէ՞ր ծածուկ պահել, էդ երեխաներին էլ իրենց ծնողներին հասցնել, հետո էլի հայտարարում ես, հայտարարի: Այսինքն՝ մեզ ի՞նչ է տալիս, որ ասում ես՝ ինչ-որ մեկը գնացել է: Ջհանդամ, թե գնացել է», - նշեց Ղահրամանյանը:

XS
SM
MD
LG