Մատչելիության հղումներ

Արցախ վերադառնալ չկարողացող երեխաների մի մասը Գորիսում, մի մասն էլ Երևանում է դպրոց գնում


Տասներորդ դասարանցի Մաքս Թևոսյանը ուսումնական կիսամյակը ոչ թե Արցախի Ակնաղբյուրում սկսեց, այլ՝ Գորիսում։ Շրջափակման պատճառով 270 անչափահասներ արդեն 30 օր է Արցախ վերադառնալ չեն կարողանում։ Երեկվանից նրանց մի մասը Գորիսում, մի մասն էլ Երևանում է դպրոց գնում։

Մաքսը դասընկերների հետ հեռախոսազանգերի ժամանակ ավելի շատ Արցախում տիրող իրավիճակի, սպառված դեղերի ու մթերքի մասին է հարցնում. - «Ճանապարհի փակելը հիմնականում այլաբանություն է, սրա տակ քաղաքական լուրջ խաղեր են, մենք չենք պատկերացնում դա»:

Չորս շաբաթ ճանապարհի բացմանը սպասող պատանին արդեն մեծ հույսեր չունի, որ շրջափակումը շուտ կավարտվի, բայց ասում է, որ պատրաստ է հաղթահարել ընտանիքից հեռու լինելու դժվարությունը։

«Դե որ կբացվի, դա հաստատ է, բայց քանի գնում, էնքան հույսերը մարում է, որ շուտ կբացվի, կոնկրետ ինձ համար», - նշեց նա:

Մարտունեցի Մարի Ավանեսյանը արդեն հասցրել է նոր դպրոցում նոր ընկերուհի գտնել, որն իրեն օգնում է մաթեմատիկական բարդ խնդիրներ լուծել։ Պատմում է, որ նոր դասընկերներն իրեն շատ լավ են ընդունել ու խնդրել, որ իրենց հետ արցախի բարբառով խոսի։ Մարին դժգոհել չի սիրում, ասում է՝ այստեղ էլ է լավ, միայն թե տունն ու իր դպրոցն է կարոտել։

«Բոլորը շատ ընկերասեր են, շատ լավ ընկերներ են, շատ լավ ժամանակ ենք անցկացնում, դասամիջոցներին խաղում ենք իրար հետ, զրուցում ենք… ու երբ գնում ենք հյուրանոց այնտեղ էլի խաղում ենք մնացած երեխաների հետ մնացած երեխաների հետ, օգնում են դասերն անել, պարապում ենք», - պատմեց Մարին:

6-րդ դասարանում սովորող Յուլյա Շիրինյանը ժամանակավոր դպրոցում բացի նոր ընկերներից մի դրական կողմ էլ է գտել. - «Ճիշտն ասած՝ կարոտել եմ իմ դպրոցը, բայց ամենալավը այն է, որ երկար դասամիջոցը 10 րոպե չի, 15 րոպե է: Կարողանում ենք ավելի շատ վազվզենք, խաղանք»։

Ասում է՝ նոր դասընկերներն իր նկատմամբ ուշադիր են։ Փորձում են այնպես անել, որ իրեն օտար չզգա, բայց Ստեփանակերտի ընկերուհիներն անհամբեր իրեն են սպասում։ Ծանրամարտով զբաղվող 11-ամյա աղջիկը հաճախակի էր դասընկերուհիներին զուգահեռ դասարանի տղաների կատակներից պաշտպանում. - «Տղաները 6-րդ դասարանի աղջիկներից չգիտեմ ինչ էին խոսել, աղջիկներ եկել՝ թե Յուլյա գնացինք, խոսացել ենք, տենց կռիվ չի եղել, բայց դե պաշտպանում եմ էլի…»:

Ճանապարհի այս կողմում մնացած երեխաների մեծ մասը Երևան էր եկել դիտելու մանկական «Եվրատեսիլը»։ Նրանց ուղեկցում էր Արցախի Կրթության նախարարի խորհրդականը։ Աիդա Գյանջումյանը պատմում է, որ այլ դպրոց գնալու մասին լուրը արցախցի երեխաները միանշանակ չեն ընդունել:​

«Առաջին հարցը, երբ ուղղեցի՝ երեխաներ, պիտի գնաք դպրոց, կցանկանա՞ք գնալ դպրոց, մի քիչ այդքան էլ լավ չընդունվեց, քանի որ ես հասկացա երեխաներին։ Նրանք մտածում էին, թե գնում էին դպրոց, ուրեմն երկար պիտի այստեղ մնան։ Եվ մի քիչ լավ չընդունեցին, նույնիսկ տխրեցին՝ «մենք ուզում ենք մեզ մոտ գնալ դպրոց, ինչու՞ պիտի այստեղ գնանք դպրոց», - ասաց Գյանջումյանը:

Գորիսում մնացած երեխաների խնամքը ստանձնած պաշտոնյան ասում է՝ նրանց հոգեբանական դժվարություններն օր օրի ավելանում են.​ - ​«Մի երեխա նույնիսկ այդ իրավիճակից վատ զգաց, կանչեցին, եկա տարա այդ երեխային։ Գիշերը մեկը ջերմություն ունեցավ, այսօր չի հաճախել Ինեսան դպրոց…Պրոբլեմներ են, հասկանալի է, բայց անկախ մեզնից ստեղծված իրավիճակ է, որ պարտավոր ենք։ Ոչ թե պիտի, այլ պարտավոր ենք հաղթահարել այս իրավիճակը…»:

Աիդա Գյանջումյանն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը ծանր է համարում, իսկ հանգուցալուծումը միայն միջազգային հանրության պատշաճ արձագանքի հետ կապում։

«Հուսով եմ միջազգային հանրությունը ուշքի կգա և տեսնելով Արցախի երեխաների իրավունքների ոտնահարումը, այն դժվարությունները, որ նրանց առջև է կանգնած՝ կրթություն ստանալու, տեղից տեղ տեղաշարժվելու և նույնիսկ առողջության, այդ բոլոր իրավունքները ոտնահարված են և կաշխատեն, հնարավորինս արագ լուծել այս խնդիրը, և ճանապարհները կբացվեն, մեր երեխաներն էլ կհասնեն իրենց ծնողներին Արցախում ուսում ստացող իրենց ընկերներին ու ուսուցիչներին», - նշեց նա:

Շրջափակված Արցախում այս օրերին դպրոցները գործում են, սննդամթերքի պակասի պատճառով փակ են մանկապարտեզներն ու դպրոցների երկարօրյա խմբերը։

XS
SM
MD
LG