Մատչելիության հղումներ

Արցախում սննդից բացի այսօրվանից նաև էլեկտրամատակարարումն է սահմանափակվում


Արցախում հովհարային անջատումներ են սկսվել

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Աղավնո-Բերձոր հատվածով անցնող միակ բարձրավոլտ գծի վթարի հետևանքով Արցախում հովհարային անջատումներ են։ «Արցախէներգոյից» հայտնում են, որ բնակիչներին տեղական արտադրության հոսանք է մատակարարվում։

«Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, ուստի որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով», - ասված է տարածված հաղորդագրությունում։

Արցախում կասկածներ կան, որ վթարը միտումնավոր է եղել, քանի որ այդ հատվածում՝ մինչև Աղավնոն Ադրբեջանին հանձնելը տեխնիկական խնդիրներ չեն եղել։

«Եվ հաղորդալարը, և համապատասխան բոլոր նյութերը թարմացվել են, այդ իսկ պատճառով վթարը որպես այդպիսին, մեր կարծիքով, ինքն իրեն չէր կարող լինել»,- ասում է «Արցախէներգո»-ի փոխտնօրեն Տիգրան Գաբրիելյանը։

Վաղը օրվա ընթացքում երկու ժամով անջատվելու է Ստեփանակերտի որոշ թաղամասերի ու շրջանների էլեկտրականությունը։ Քաղաքացիներն արդեն լսել են՝ մեկամսյա շրջափակման պայմաններում սննդից բացի նաև հոսանքը սահմանափակ կլինի։

Ստեփանակերտի բնակիչ Զինա Նաջարյանն ասում է՝ իրենց հոսանքը դեռ չի անջատվել, բայց գիտեն, որ անջատումներ նաև մայրաքաղաքում են սպասվում. - «Այսօր հեռուստատեսությամբ ասացին միայն շրջաններն են անջատում, քաղաքը դեռ չէ»։

Արցախում էլեկտրականություն արտադրող ՀԷԿ-երի զգալի մասն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Դրա հետևանքով շեշտակի նվազել է էլեկտրաէներգիայի հզորությունը։ «Արցախէներգոն» քաղաքացիներին հորդորում է հնարավորինս խնայողաբար օգտագործել հոսանքը՝ հավանական լրացուցիչ անջատումներից խուսափելու նպատակով։

Մակարոնեղենը, բրինձը, հնդկաձավարը շաքարավազը և ձեթը վաճառվելու են կտրոններով

Շրջափակված Արցախում սնունդը հավասարաչափ բաշխելու համար էլ անցնում են կտրոնային համակարգի։ Սկզբում կտրոնով կվաճառվեն մակարոնեղենը, բրինձը, հնդկաձավարը։

«Կտրոնները երկու տեսակի են լինելու: Ձեթը մեկ կտրոն մեկ լիտրանոց մեկ շնչի համար, անկախ տարիքից, մեկ ամվա համար: Մնացած չորս ապրանքատեսականին շնչի համար էլի նախատեված է 1 կիլոգրամ, բայց տրամադրվելու է քաղաքացիներին կես կիլոգրամներով: Քաղաքացին մեկ անգամ մոտենալու է ստանա երկու կտրոն», - պարզաբանում է Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը։

Քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվական բազան ամբողջացվելու է Բնակարանային հարցերի կոմիտեում: Գերատեսչության ղեկավարի խոսքով, քաղաքացիների ցուցակագրումից հետո Ստեփանակերտում ու շրջկենտրոններում կգործեն կտրոնների տրամադրման հատուկ կետեր։ Կտրոններ կստանան նաև օտարերկրացիները։

«Քաղաքացիներն իրենց անձնագրերով, ոչ բոլորը, ասենք, ընտանիքի մեկ անդամը կարող է ընտանիքի մյուս անդամների անձնագրերով, բայց ոչ պատճեներով, այսինքն՝ դրանով կփաստենք, որ քաղաքացին այստեղ է։ Որովհետև առանց անձնագիր հիմա Արցախից դուրս գալը, գիտեք, հիմա հնարավոր չէ։ Այդ անձնագրերով կմոտիկանա սպասարկման կետեր, կտրամադրի օպերատորին անձնագրերը, օպերատորը մուտք կգործի ծրագիր։ Եթե անձը արդեն շրջաններում մուտք գործած լինի, ծրագիրը չի թողի կրկնակի օգտվելը», - նշեց Մանգասարյանը:

Սննդի հերթեր՝ երբեմն ժամերով

Ստեփանակերտի և շրջանների խանութներին պետական պահուստից շաքարավազ, ձեթ, հնդկաձավար, բրինձ ու մակարոնեղեն է մատակարարվում։ Խանութների մոտ սննդի համար հերթեր են գոյանում։

65-ամյա Զինա Նաջարյանն ասում է, որ երբեմն ստիպված են լինում ժամերով սպասել, օրինակ, մեկ կիլոգրամ բրինձ կամ հավկիթներ գնելու համար. - «Հերթերի մեջ ենք լինում, բայց վերցնում ենք կիլո-կիլո տալիս են… Բայց հացը կա, ոչինչ»։

Արցախ չի մատակարարվել ավելի քան 12 հազար տոննա կենսական նշանակության ապրանք

Արցախի կառավարության տվյալով, անցած 4 շաբաթների ընթացքում Արցախ չի մատակարարվել ավելի քան 12 հազար տոննա կենսական նշանակության ապրանք։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ու Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները դրա միայն չնչին մասն են մատակարարել: Սննդի սրացող սղության պատճառով փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ Ստեփանակերտից ահազանգում են՝ շրջափակման պատճառով Արցախի 120 հազար բնակչությունը, այդ թվում՝ շուրջ 30 հազար երեխա, կանգնած է սովի վտանգի առջև:

Շրջափակման պայմաններում Արցախում 10 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 12 հիվանդ էլ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, նրանցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Ստեփանակերտից Հայաստան է տեղափոխվել ևս 3 քաղաքացի

Այսօր Ստեփանակերտից Հայաստան է տեղափոխվել անհապաղ բժշկական օգնության կարիք ունեցող ևս 3 քաղաքացի։ Շրջափակման չորս շաբաթների ընթացքում միջազգային կազմակերպության միջնորդությամբ և ուղեկցությամբ արդեն 18 ծանր հիվանդ է տեղափոխվել Հայաստան, այդ թվում՝ երեխաներ ու օտարերկրացիներ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG