Մատչելիության հղումներ

«Մա՛մ, մա՛մ, մի քանի օր էլ կյանքս երկարեց». Արցախի բլոկադայի 27-րդ օրն է


Արցախ - Դատարկ արկղեր Ստեփանակերտի խանութներից մեկում, դեկտեմբեր, 2022թ.
Արցախ - Դատարկ արկղեր Ստեփանակերտի խանութներից մեկում, դեկտեմբեր, 2022թ.

Տասն օր Կարոն մայրիկի հետ դեղատներում դեղ էր փնտրում՝ գտան միայն երեկ: «Էրեխեն ուրախացել ա, բարձր գոռացել ա, որ «մա՛մ, մա՛մ, մի քանի օր էլ կյանքս երկարեց», - «Ազատությանը» պատմեց Նարինե Դանիելյանը:

Ստեփանակերտի բնակչուհին երեք տղա ունի, մեծը՝ Կարոն, 9 տարեկան է՝ հաշմանդամությամբ. ծննդյան օրից դեղերով է ապրում ու նաև ամենօրյա վիտամինների կարիք ունի։

Արցախի բլոկադան խանութներից սրբել է այն ամենը, ինչ Կարոյին է պետք: «Ճամփան փակ է, ոչ դեղերս են գալիս, ոչ էլ պապաս»՝ ընտանիքի հայրը փակ ճանապարհի պատճառով Երևանում է մնացել:

«Հիմնական դեղերի խնդիրն ա, բանջարեղենն ա, որ իրա սննդակարգի մեջ մտցված ա, պաստայաննի ինքը պիտի օգտագործի, հատուկ բանջարեղեններ կան: Ընդհանրապես հիմի ստեղ բանջարեղենը մանդարինի նման բան ա դառել, որ լինի էլ՝ ուրախանում են մարդիկ, որ գտնում են», - ասաց կինը:

Նարինեն լսում է, որ խանութներում ինչ-որ տեսականի ստանում են, բայց դժգոհ է՝ վերահսկող չկա. - «Կարող ա մի ընտանիքը ամեն օր գնա նույն բանից առնի, ընտանիք էլ կա, որ խիստ կարիք ունի, օրինակ՝ իմ բալիկը էդ գազարը Ասկերանից էսօր մի ուրիշ մարդ եթե չբերեր, իմ բալիկը վաբշե քանի օր ա՝ սննդակարգից հանված ա: Մենք 27 օր ա՝ արդեն չգիտենք՝ գազար, խնձոր... Լսում ենք, որ ուրիշ խանութներում էղել ա, առել են դաժե մարդիկ Ստեփանակերտում: Ուղղակի մեզ՝ սովորականներիս հասանելի չի, էլի, խանութպանը իրա ծանոթներին, բան, կանչում ա...»:

Փորձում է բացատրություն գտնել, չմեղադրել մարդկանց՝ երևի սովից են վախենում. - «Անորոշությունն ա ճիշտն ասած մարդկանց դրդում, որ էդ քայլերի են գնում: Կարող ա խաղաղ ժամանակ մարդը էդ քայլերին չգնար, էլի, բայց դե որ սենց վիճակ ա, չես էլ կարա մարդու մեղադրես՝ խի ա տենց անում»:

«Դիմանալու ենք», - ժպտում է Նարինեն, հիշում Կարոյի բժշկի խոսքը՝ «փորձությունն ուժեղների համար է»:

«Ասում եմ՝ հազս չի կտրում խոսալուց, ամեն մեկ վայրկյան սկսում ա», - հավելեց ց 9-ամյա տղան:

Արցախի շրջափակման 27-րդ օրն է, խանութներում արդեն ոչինչ չկա՝ միայն խմիչք ու թանկարժեք սոուսներ: Արցախի կառավարությունը պահուստային պաշարից որոշ մթերքներ է բաժանում խանութներին, միայն թե սրանով ոչ թե հարց է լուծվում, այլ նոր հարցեր են առաջանում. մթերքը հավասար չի բաժանվում, դժգոհում են արցախցիները:

«Հացի հերթ ունեի ավելի շուտ, որ հաց վերցնեմ, անգամ հարցրել եմ՝ «պեսոկ [շաքարավազ] կա՞», ասեց՝ «չէ», բայց մի ժամից հետո մարդ ա էկել, ասում ա՝ «պեսոկս ինձ տուր, ես ասել եմ, որ իմ համար պեսոկ պահեք»: Աչքիդ դեմը պեսոկը վերցնում տալիս ա», - պատմեց ստեփանակերտցի Էլինա Խաչատրյանը:

Կինն ասում է՝ վաղուց խանութներում ոչինչ չի գտնում և այլևս չի էլ գնում, իմաստ չկա, ապրանք ստանում են՝ վայրկյանների ընթացքում անհետանում է: «Տուն կա՝ տասը հոգի գնում ա հերթ կանգնում պեսոկ վերցնում, բայց էդ տասը կիլո պեսոկ գնաց մի ընտանիք: Դրա համար էլ պիտի կտրոնով լինի», - նշեց Խաչատրյանը:

Կտրոնային համակարգի անհրաժեշտության մասին մարդիկ շատ են խոսում, միայն թե կառավարությունից արձագանք չկա: «Երեկ ընկերուհիս զանգել ա, ասեց՝ մակարոն են տալիս կիլո-կիլո: Տասը րոպե չանցավ, գնացի նույն խանութ՝ ո՛չ մարդ կար, ո՛չ մակարոն կար», - պատմեց Էլինա Խաչատրյանը:

Մինչև շրջափակումը ամեն օր հարյուրավոր տոննաներով սնունդ, դեղորայք, այլ ապրանքներ էին մտնում Արցախ, հիմա ոչինչ չի մատակարարվում՝ վառելիքի պակասն է՛լ ավելի է սրում իրավիճակը։ Մարտակերտի գյուղերից շտապօգնության մեքենան դժվարությամբ է Ստեփանակերտ հիվանդի հասցնում:

«Վառելիքի խնդիր կա: Հայթայթում ենք, ասենք, ով ունի՝ մի-մի լիտր տրամադրում ա ինձ, բայց դա էլ խնդրի լուծում չի», - ասաց Ծաղկաշենի բուժկետի վարիչ Լուսաբեր Դավեյանը:

Հարյուրավոր երեխաներ Հայաստանում են մնացել՝ տուն՝ ծնողների մոտ չեն կարողանում վերադառնալ, Արցախում էլ փոքրիկներ են մնացել՝ առանց հայրիկ-մայրիկի. փակ ճանապարհը բաժանել է բազմաթիվ ընտանիքների:

Լաչինի միջանցքը շարունակում է բաց մնալ միայն ռուս խաղաղապահների համար, և երբեմն այստեղով անցնում են Կարմիր Խաչի մեքենաները: Արցախցի երկու ամսական փոքրիկ՝ Դաունի համախտանիշով, և ևս երկու հոգի՝ սուր լեյկոզով ու աջ ուսահոդի ինֆեկցված կիստայով, այսօր Ստեփանակերտից տեղափոխվել են Երևան:

Արցախի բուժհաստատություններում տասնյակ ծանր հիվանդներ կան, որոնք երևանյան մասնագիտացված բուժկենտրոններում բուժումը շարունակելու կարիք ունեն, մինչև այժմ հնարավոր է եղել ընդամենը 15 հոգու տեղափոխել, այն էլ՝ միայն Կարմիր Խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաներով:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG