Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կոչ է անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. «Արմենպրես»


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը շարունակում է մտահոգել Միացյալ Նահանգներին։ Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի գործողությունները, որոնք Արցախում հանգեցրել են ծանր հումանիտար հետևանքների։

«Մենք շարունակում ենք մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար հետևանքների առնչությամբ։ Սա խոչընդոտում է խաղաղության գործընթացը և խաթարում է միջազգային վստահությունը», - նշել է խոսնակը։

Անդրադառնալով իրադրության հանգուցալուծման տարբերակներին՝ Փրայսն ասել է. - «Մենք կոչ ենք անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Ցանկացած հարցում առաջընթացի միակ ճանապարհը բանակցություններն են»։

Որպես էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ են պահում Լաչինի միջանցքը` շրջափակման մեջ պահելով Արցախի ավելի քան 120 հազար բնակչությունը:

Ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանից Արցախ չի կարողացել վերադառնալ 1100 մարդ, որոնց թվում՝ 270 երեխա: Խախտված են անձանց ազատ տեղաշարժի, նվազագույն կենսամակարդակի ապահովման, բժշկական խնամք ստանալու, կրթության և այլ իրավունքներ։

XS
SM
MD
LG