Մատչելիության հղումներ

«Ամենադժվարը անորոշությունն է». Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ


Թեև Հայաստանի կառավարությունը անցած շաբաթավերջին հատուկ աշխատանքային խումբ ստեղծեց՝ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կառավարման հարցով, սակայն, մինչ օրս հայտնի չէ, թե այն ինչ քայլեր է ձեռնարկել կամ ձեռնարկում։ Խմբի ղեկավարը նորանշանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն է, որի գրասենյակից մանրամասներ այսօր «Ազատությանը» չհայտնեցին։

Մինչ այս պահը հայտնի է, որ Արցախի՝ 24-րդ օրը շարունակվող պաշարման ընթացքում Հայասստանից հաջողվել է մեկ անգամ 10 տոննայանոց մարդասիրական օգնություն ուղարկել՝ դեղորայք, մանկական կեր, բուժօգնության համար նախատեսված պարագաներ։ Մինչ այդ, ամեն օր Հայաստանից Ղարաբաղ էր մտնում մոտ 400 տոննա բեռ։

Հումանիտար աղետի շեմին հայտնված արցախցիները հույս ունեն, որ այս մղձավանջը շուտով կվերջանա։ 4 երեխաների մայր Արմինե Մաթևոսյանի ընտանիքում Ամանորն անցկացրել են քաղցրեղենով, որ տան փոքրերը չտխրեն։

«Ով տանը կարտոֆիլ է ունենում ծիծաղելով ասում ենք՝ դուք ամենահարուստ մարդիկ եք, էդպես ենք մեկս մյուսին հումորով վերաբերվում», - ասաց Մաթևոսյանը:

Խանութներում որերորդ օրն է՝ չկա միրգ, բանջարեղեն, շաքարավազ, ձեթ։ Պետնախարարի գլխավորությամբ ստեղծված օպերատիվ շտաբը երեկ որոշել է պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակներ հանել վաճառքի։ Ստեփանակերտից 10 կիլոմետր հեռու գտնվող Իվանյան գյուղում, սակայն, խանութները ինչպես կային դատարկ, այնպես էլ մնացել են։

«Շաքարավազ, երբ սկսվեց շրջափակումը, դրանից 2-3 օր հետո բացակայել է, չնայած որոշակի ժամանակահատված եղել է, որ կառավարությունը տրամադրել է խանութներին, սակայն երևի ոչ ճիշտ կազմակերպման արդյունքում ոչ բոլորն են կարողացել օգտվել, ով կարողանում է շուտ հասնել, 1-2 կիլոգրամ գնում է, իսկ ով աշխատանքի է, մինչև աշխատանքը վերջացնում է, գնում է, որ մոտենա մի բան գնի, արդեն վերջանում է», - նշեց Մաթևոսյանը:

44-օրյա պատերազմից հետո Շուշիից Իվանյան տեղահանված 39-ամյա Արմինեն ձմռանն ընդառաջ հասցրել էր մի քիչ սնունդ պահեստավորել, բայց սառնարանն ու մառանն արդեն դատարկվում են։

«Խանութից ինչ ուզում ես ձեռք բերես, էլ ոչինչ գոյություն չունի, արդեն զգում ենք, որ կարող է շատ-շատ մի շաբաթ էլ կարողանաք կարգավորել սնունդի հարցը ու արդեն փաստի առաջ ենք կանգնելու», - ասաց բնակիչներից մեկը:

Հարևաններով գտել են ելքը՝ փոխանակում են՝ ինչ հնարավոր է։

Ամենադժվարը, սակայն, անորոշությունն է, ասում են շրջափակման մեջ ապրող մարդիկ՝ փաստելով, որ որևէ մեկն իրենց չի բացատրում՝ ինչ է արվում այս իրավիճակից դուրս գալու համար։ Այսօր միայն հաղորդվեց, որ հաջողվել է ծանր վիճրակում գտնվող ևս երկու հիվանդի Ստեփանակերտից տեղափոխել Երևան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։ Անցած մոտ չորս շաբաթվա ընթացքում Երևան է բերվել 12 հիվանդ, «Ազատությանը» փոխանցեց Կարմիր խաչի Արցախի գրասենյակի ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը:

«Ովքեր շտապ բժշկական օգնության կարիք ունեին և մեր միջնորդությամբ մենք անց ենք կացրել նրանց Լաչինի ճանապարհով դեպի Հայաստան», - ասաց Մուսայելյանը:

Բաքուն հենց այս՝ շտապօգնության մեքենաների երթևեկն է ցույց տալիս ու պնդում, թե ճանապարհը բաց է։

Իրավաբան Արա Ղազարյանը հակադարձում է՝ Կարմիր խաչի միջնորդությամբ հիվանդների տեղափոխումը չի նշանակում, որ Բաքուն կատարում է Եվրոպական դատարանի վերջին որոշումը:

«Կարմիր խաչը Եվրոպական դատարանի որոշման շրջանակի մեջ չի մտնում, Եվրոպական դատարանի որոշման համաձայն, վեճի կողմ չէ, վեճի կողմ են Հայաստանը և Ադրբեջանը: Կարմիր խաչի գործողությունը չի կարելի վերագրել, որ ՄԻԵԴ-ի որոշումը կատարի», - ասաց իրավաբանը:

Ղազարյանը փաստում է՝ Եվրոպական դատարանը դեռ երկու շաբաթ առաջ Բաքվին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու, որ առանց սննդի և գոյության անհրաժեշտ միջոցների մնացածները կարողանան անցնել այդ ճանապարհով։ Հարյուրավոր մարդիկ, սակայն, այսօր էլ չեն կարողանում անցնել ճանապարհով, որ փակել են բնապահպան ներկայացող հարյուրավոր ակտիվիստներ։

Ըստ Ղազարյանի, Բաքուն իր իսկ ոստիկանության միջոցով պարտավոր է ցրել ակտիվիստների հավաքը։ Հակառակ դեպքում, Ադրբեջանի հարցը պետք է քննարկի Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեն՝ դիտարկելով նաև կազմակերպությունից Ադրբեջանին հեռացնելու հարցը։

XS
SM
MD
LG