Մատչելիության հղումներ

​​​​Արցախցիներն ահազանգում են՝ ոչ բոլոր խանութներին է սնունդ բաժանվում


Ստեփանակերտցի Զինա Նաջարյանն առավոտյան լսել է՝ բրինձ են ստանալու, արագ խանութ հասել. - «Փոքր երեխա թոռս վերցրել, գնացել եմ, դատարկ եկել: Եթե ստանում էլ են, էնքան քիչ են ստանում, որ երևի չի հասնում»​:

Արցախի կառավարությունը պահուստային պաշարներից որոշ ապրանքներ՝ ձեթ, շաքարավազ, բրինձ, աղ է բաժանում խանութներին: Օպերատիվ շտաբի նիստում պետնախարարը շեշտել էր՝ կարևոր է, որ համաչափ բաշխվի այդ ամենը:

«Եթե հասնում է մեկ մեշոկ պեսոկ, կարելի է կես անել՝ կեսը տալ մեկ խանութին, կեսը տալ մյուս խանութին, որպեսզի ժողովուրդը լինի ապահով», - ասաց խանութներից մեկի վաճառողուհի Անուշ Մայիլյանը:

Արցախցիներն ահազանգում են՝ ոչ բոլոր խանութներին է սնունդ բաժանվում, բացի դրանից՝ ամենաճարպիկներն են տեղ հասնում, ծանոթ խանութպան ունեցողներն էլ «տակից» սնունդ են տանում: Առաջարկում են կտրոնով մթերք տալ, որ այն բաժին հասնի նաև աշխատող կամ փոքրիկ ունեցողներին, որ օրինակ՝ ձու ստանալու վայրկյանին չեն կարող խանութ հասնել:

Գյուղերում մթերքի խնդիրն այնքան սուր չէ, որքան Ստեփանակերտում, իհարկե, ներկրվող ապրանքներ՝ շաքար, ձավարեղեն չկա, բայց կան գյուղմթերք և լուծումներ փնտրող մարդիկ:

«Չայ չկա, բույսերով կսարքենք, դրոժ չկա, խաշ կանենք, կգոյատևենք, կպայքարենք», - նշեց Խաչմաչ համայնքի բնակիչ Ելիզավետա Մնացականյանը:

Գյուղերում ավելի վաղ մթերքի ոչ մեծ պաշար կուտակել են, որ ձմռանը դժվար ճանապարհով խանութ չհասնեն:

«Պեսոկ ա, աղ ա, առաջին անհրաժեշտության ապրանքները եղել է, վերցրել ենք, ապրում ենք էլի, տեսնենք», - ասաց Լուսաձոր համայնքի բնակիչ Վարդուշ Գասպարյանը:​

Երեկվանից Արցախի կառավարության անդամներ ու խորհրդարանի պատգամավորներ 7 տարբեր խմբերով շրջում են Արցախի համայնքներով՝ մարդկանց լսելու, իրավիճակին ծանոթանալու համար, ամենադժվար հարցի պատասխանը չկա՝ ե՞րբ է ավարտվելու Արցախի բլոկադան:

«Ամենաշատը հուզում ա սրա վերջը, ժողովրդի ապագան չի երևում, ամենամտահոգիչը էդ ա», - ասաց Կարմիր գյուղի բնակիչ Հովիկ Պետրոսյանը:​

Խորհրդարանի պատգամավոր Արթուր Հարությունյանն ասում է՝ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ 4 հանդիպում են ունեցել շրջափակման այս օրերին. - «Մենք նաև հասկանում ենք, որ այստեղ ավելորդ լարվածություն չստեղծելու համար է էս ձևով փորձում հարցին լուծում տալ, բայց կարծում եմ ժամանակի ընթացքում պետք է լինում նաև ավելի կտրուկ քայլերի դիմել, որովհետև այսպիսի շրջափակումը կարող է նաև հետագայում վերածվի հումանիտար աղետի»:​

Իսկ ադրբեջանցի ցուցարարները շարունակում են իրենց առօրյան Լաչինի միջանցքում, 25 օր է ճանապարհը բացվում է միայն ռուս խաղաղապահների համար: Թեպետ Արցախում այլևս ոչ մի հանք չի աշխատում, միևնույնն է՝ ադրբեջանցիների վանկարկումներն անփոփոխ են՝ էկոցիդին՝ ոչ, մոնիտորինգին՝ այո։

XS
SM
MD
LG